Բաքուն վերահաստատում է Երևանի նկատմամբ պահանջները՝ նախքան խաղաղության պայմանագիր ստորագրումը՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, համաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել “Россия сегодня” գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։

«Եվս երկու կետ, որ հայկական կողմը պետք է կատարի. առաջինը՝ փոխի Սահմանադրությունը, քանի որ սահմանադրության մեջ հիշատակվում է անկախության հռչակագիրը, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այնտեղ նախկին «Լեռնային Ղարաբաղի» ինքնավար մարզը հայտարարված է Հայաստանի մաս»,- ասել է Ալիևը։

Նա նաեւ նշել է, որ Ֆրանսիան չպետք է «ռազմականացնի» եւ զենք տրամադրի Հայաստանին, ԵՄ դիտորդները պետք է դուրս գան Հայաստանից, Երեւանը պարտավոր է հետ կանչել միջազգային դատարաններում իր հայցերը։ Եւ այսպես շարունակ։

Հայաստանի իշխանությունները չեն մեկնաբանում այս պահանջները։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խուսափում է հարցից, թե ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը Բաքվի հետ քննարկում Հայաստանի տարածքում Եվրամիության քաղաքացիական դիտորդների տեղակայման հարցը։

«Դուք կոնտեքստից դուրս եք հարցը ձեւակերպում, ես դժվարանում եմ պատասխանել։ Տվեք հարցեր, որոնք վերաբերում են ինձ եւ իմ գործունեությանը։ Ես չեմ կարող հստակ պատասխանել այդ հարցին»,- նյարդացած ասաց նա։

Նա նաեւ չպատասխանեց, թե հաջորդիվ որ հատվածներում է լինելու այսպես կոչված սահմանազատման գործընթացը, հնարավո՞ր է պահանջեն, որ Բաքվի զորքերը դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից։

Սահմանադրության վերաբերյալ հարցերին Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Սահմանադրական դատարանի որոշմամբ, ԵՄ դիտորդների վերաբերյալ պահանջներին՝ առաջարկելով հանել դիտորդներին սահմանազատած հատվածներից։ Իսկ դատական ու այլ հայցերի հետկանչումը կապում է «խաղաղության պայմանագրի» հետ։

Ի՞նչ պատասխան ունի ՀՀ կառավարությունը այն դեպքի համար, եթե չլինի հետագա սահմանազատում, չկնքվի խաղաղության պայմանագիր։ Արդյո՞ք պաշտոնական Երեւանը կհամաձայնի կատարել Ալիեւի բոլոր պահանջները։ Գուցե, այդ պահանջները վաղո՞ւց կկատարվեյին, եթե գլոբալ խաղացողները թույլ տային։ Օրինակ, Իրանը բացահայտ դեմ է «Զանգեզուրի միջանցքին», իսկ ԵԱՀԿ-ն՝ Մինսկի խմբի մանդատի չեղարկմանը։

Սակայն վերջերս ձեւակերպվել է եւս մեկ պահանջ, որի կատարումն առավել «իրատեսական» է թվում, քանի որ գլոբալ խաղացողները դժվար թե «խառնվեն» այս հարցին։

Հայաստանի գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում Ադրբեջանի դատախազության առաջարկը՝ համագործակցել Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին պաշտոնյաների դատավարության ընթացքում։ «Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն՝ քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայաստանյան համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության», գրել են Բաքվի թերթերը։

Արցախի նախկին գլխավոր դատախազ ու պետնախարար, այժմ փաստաբան Գուրգեն Ներսիսյանը ասել է Ազատությանը. «Ադրբեջանն ունի նաև ավելի հեռահար նպատակ, որովհետև միայն այն անձինք, որոնք գերեվարվել են, որոնք գտնվում են Ադրբեջանում, միայն այդ անձանցով կամ առնվազն նրանց՝ Ադրբեջանի տված իրավական գնահատականներով չեն ուզում սահմանափակվել։ Այստեղ վտանգը կարող է հասնել մինչև ՀՀ գործող իշխանություններ», — ասաց նա։

«Բաքուն բացահայտորեն Երևանին առաջարկում է «փոխանակում»՝ արտահանձնել նրանց, ովքեր այժմ Հայաստանում են՝ Բաքվում պահվողների, այդ թվում՝ գերի ընկած զինվորականների դիմաց։ Հնարավոր է, որ այս «փոխանակումից» կախված է Փաշինյանի իշխանությունը», գրել է արցախյան Step1.am կայքը։

ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարել է ինչ-որ աղմկոտ բացահայտման մասին, որը վերաբերում է անվտանգության ոլորտին։ Նա նաեւ խոստացել է հրապարակել 44-ամյա պատերազմի հանգամանքների մասին զեկույցը, որին իբր հետեւելու են հազարավոր քրեական գործեր։

Այս հայտարարությունները միջանկյալ կապ ունեն Բաքվի «համագործակցության առաջարկի» հետ։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest