2020թ. 44-օրյա պատերազմում անհայտ կորած Սարգիս Սաղաթելյանը Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ում շուրջ 5 տարի պայմանագրային զինծառայող էր։ Երբ սկսվեց պատերազմը նրանց զորամասը տեղափոխել են Ղափան, այնուհետև Կովսական։ Մայրը՝ Սաթենիկը, վերջին անգամ տղայի հետ հեռախոսով խոսել է հոկտեմբերի 20-ին։

«Սարգիսը վերջին անգամ խոսեց հոկտեմբերի 20-ին ու զգացվում էր, որ խիստ շտապում էր։ Ինքն այնքան պատասխանատու անձնավորություն էր, որ նույնիսկ պայմանական իր տեղը չէր նշում։ Ուղղակի ասում էր՝ ինձ հարցեր մի տվեք, վերջացնեմ՝ կզանգեմ։ Հաջորդ օրվանից մենք ոչ մի տեղեկություն չունեցանք։ Հոկտեմբերի 21-ից Սարգիսը համարվում է անհետ կորած ու մինչև հիմա մենք գտնվում ենք անորոշ սպասման վիճակում։ Մյուս ծնողների հետ դիմել ենք ՀՀ Պաշտպանության նախարարությանը, Գենշտաբին, Քննչական կոմիտեին ու  բոլոր պետական կառույցներին։ Ոչ մի տեղեկություն չկա և բոլոր որոնումներն անարդյունք են»,-հուսահատ ներկայացրեց տիկին Սաթենիկը։

ՀՀ Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից անհայտ կորած 27-ամյա Սարգիսն ամուսնացած էր, ունի 2 երեխա(9 տարեկան աղջիկ և 7 տարեկան տղա)։ Կինը՝ 31-ամյա Ֆլորան ապրում է ամուսնու ծնողների հետ միասին։ Սարգիսի 87-ամյա պապիկն իրենց հետ հուսով սպասում է թոռան վերադարձին։ Ընտանիքը Երևանից է տեղափոխվել Արտեմիդ և հաստատվել գյուղում։ Սարգիսի անհայտ համարվելուց 4 ամիս հետո նրա միջնեկ եղբայրը զորակոչվեց ՊԲ և այժմ էլ նրա փոքր եղբայրն է զորակոչվել։

«Սարգիսի հրամանատարական կազմը մեզ միայն կցկտուր տեղեկություններ է հայտնել։ Սակայն «քիմիկների» զորամասից հետ եկածների հետ չէր տղաս, մահացածների մեջ էլ չէր ու ըստ ենթադրությունների՝ Սարգիսին մի քանի հոգու հետ գերի են տարել։ Հոկտեմբերի 22-ին Սարգիսի ընկերը, որ միասին զորամասում էին աշխատում, զանգել էր որդուս հեռախոսահամարին ու զանգը գնում էր։ Երկար պահելուց հետո երբ հեռախոսը վերցրել են, ընկերն անընդհատ ձայն էր տվել՝ ալո, Սարգի՛ս, Սարգի՛ս։ Նա լսեց Սարգիսի ձայնը, որ կարծես վիրավոր էր ու վա՛խ էր ասում, սակայն հետո հեռախոսը վերցրել են ադրբեջանցիները ու ասել՝  «էտո ազերբայջան»։ Մենք տեղեկացրել ենք ԱԱԾ-ին և փոխանցել հեռախոսը, որ ստուգեն։ Հատուկ միջոցներով ստուգել են ու հաստատել, որ դա իմ Սարգիսի ձայնն է»,-տեղեկացրեց անհայտ կորած Սարգիսի մայրը։

Ըստ հարուցված քրեական գործի՝ 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում հակառակորդի հետ մարտի բռնվելու հետևանքով գերեվարվել է «Քիմիկների զորամասի» 5 զինծառայող, 12-ը՝ սպանվել, 23 զինծառայողի եւ 1 վարորդի գտնվելու վայրը մինչ այսօր անհայտ է: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մի քանի անգամ հարցում է ներկայացրել անհայտ կորած համարվող Սարգիսի և նրա ճակատագիրն ունեցող տղաների անվամբ, սակայն Ադրբեջանը նրանց գերությունը չի հաստատել։

«Ես չեմ զարմանում, դա նրանց ձեռագիրն է։ ԴՆԹ հետազոտություն ենք անցել ու անարդյունք։ Չգիտեմ, այ սենց սպասելով էլ ապրում ենք։ Այս վիճակն ամենքիս՝ ինձ, ամուսնուս,  սկեսրայրիս, հարսիս,  թոռներիս, տղաներիս վրա յուրովի անդրադարձել է։ Ու երբ թոռնիկներս հարցնում են՝ թե ե՞րբ է գալու պապան, ամեն ինչ տակնուվրա է լինում։ Դա ինձ ավելի է ցավ տալիս։ Գիտեք, փակված էի շրջապատի համար։ Այս անհուսալի ու անճար մեր վիճակում շատ օգնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ու ես աստիճանաբար սկսեցի շփվել մարդկանց հետ։ Բայց, որ հարց էին տալիս՝ լացս գալիս էր ու չէի կարողանում պատասխանել և հետո ոնց որ մի քիչ գոտեպնդվեցի։ Իհարկե, ոչ մի բան չի անցել, ցավն ու զգացողությունը նույնն է, բայց եթե ես զգում եմ, որ դիմացի մարդը սրտացավ է ու անգամ իր աչքերն են լցվում ինձ հետ խոսելուց, ուրեմն ես պետք է ինձ մի փոքր հավաքեմ և զրուցեմ հետը։ Պարզապես կուզեի, որ ինձ նման ծնողների բոլոր էրեխեքը գան հասնեն տուն ու էս կարգավիճակից դուրս գանք։ Ցավը տիրոջն է, ու մենք դա կրում ենք, սակայն հանուն հարսիս ու թոռներիս պետք է ուժ գտնենք և զորավիգ լինենք նրանց»,-ասում է անհայտ կորածի մայրը։

Սարգիս Սաղաթելյանի հարազատները պարբերաբար մասնակցում են 2020թ․ 44-օրյա պատերազմին «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործի դատական նիստերին։ Քննության առարկան  Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի զինծառայողների 62 հոգանոց խմբի շրջափակման մեջ ընկնելու հանգամանքներն են: Հարազատները ստույգ տեղեկություններ են ուզում իմանալ, սակայն Սարգիսի վերաբերյալ արդեն 4 տարի սպառիչ ոչ մի պատասխան չեն ստացել համապատասխան կառույցների ներկայացուցիչներից։

Մայրը խնամքով պահում է որդու անձնական իրերը՝ հուսալով, որ մի օր Սարգիսը կվերադառնա։ Իսկ թոռներն այդ ամենի ականատեսը լինելով ստիպում են տատին, որ հոր վերադարձի հստակ ամիսն ու օրը նշի։

Հ.Գ.- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ 2022թ.-ի նոյեմբերից մեկնարկած Սատարման ծրագրի շրջանակներում անհայտ կորած ընտանիքների 136 անդամ ստացել է հոգեբանական աջակցություն տնայցերի կամ աջակցության խմբերի միջոցով։ Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվել է հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության 14 խմբային հանդիպում՝ ներառելով անհայտ կորածների 52 ընտանիքի 80 անդամի։ Հոգեբանական աջակցության անհատական հանդիպումներին մասնակցել է անհայտ կորածի 4 հարազատ։

Նյութը պատրաստվել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության «Մարդասիրական խնդիրները և դրանց լուսաբանումը. անհայտ կորածներ և ընտանիքների պաշտպանություն» նախագծի շրջանակում։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest