Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Մեդիա կենտրոնում կայացավ «Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում. 2024-ի մարտահրավերները» թեմայով քննարկում։
Հայաստանի մարդու իրավունքների ոլորտում 2024-ին արձանագրված խնդիրների վերաբերյալ հանդես են եկել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Արաքս Մելքոնյանը։
«Որ բնագավառն էլ դիտարկենք, չենք տեսնի պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության առումով ինստիտուցիոնալ կատարում։ Օրինակ, ոստիկանության կողմից բռնությունների փաստը։ Արդյո՞ք կա այն մոտեցումը, որ մարդու իրավունքների խախտման, տվյալ դեպքում արժանապատվությունը նվաստացնող դեպքերը՝ խոշտանգումներ, բռնություններ՝ դա կլինի հավաքների ընթացքում, թե առանձին անհատական դեպքերով բերման ենթարկելու պարագայում, համարվեն անհանդուրժելի։ Տեսնում ենք, որ չունենք այդ մտածելակերպը, որովհետև բռնությունները շարունակվում են և վերջին դեպքը Չարենցավանի ոստիկանությունում կատարված բռնությունն է»,-քննարկման ժամանակ պարզաբանեց Արթուր Սաքունցը։
Նա անդրադարձավ նաև կրթության իրավունքի խախտման դեպքերին, դատական համակարգի, այդ թվում ԲԴԽ-ի և այլ ոլորտներում մարդու իրավունքների խախտման դեպքերին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում բացարձակ անմխիթար վիճակում է։
Իր հերթին իրավապաշտպան Արաքս Մելքոնյանը համեմատելով մարդու իրավունքների վիճակը 5 տարի առաջ և հիմա, նշեց որ, Հայաստանում մարդու իրավունքների վիճակն այս տարի մեղմ ասած խնդրահարույց է։ Նա նախ անդրադարձավ հավաքների շրջանակներում կատարված բռնություններին, կիրառված հատուկ միջոցներին և այդ կապակցությամբ իրականցված ոչ արդյունավետ քննություններին։
«Նախ բարձր քաղաքական ղեկավարության կողմից կար անպատժելիություն և հավանություն այդ գործողությունների նկատմամբ, որովհետև այդ հավաքները քաղաքական բնույթի էին և հենց իրավապահ համակարգի կողմից ապահովվում էր անպատժելիություն։ Իրավապահ համակարգի քննչական մարմինների՝ դատական իշխանության, ոստիկանության կախվածությունը գործադիր իշխանության մարմնից այս տարի ակնհայտորեն ապացուցվեց։ Ոչ միայն խնդրանքով, այլ հայտնի ոճով Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ԲԴԽ-ի ու նաև նախարարի պաշտոններից հեռացման եղանակն արդեն իսկ փաստում է, որ այդ կառույցները չունեն անկախություն»,-ընդգծեց Արաքս Մելքոնյանը։
Իրավաշտպանն անդրադարձավ նաև պաշտոնատար անձանց անթույատրելի խոսույթին, հանրային հեռուստատեսությամբ խախտված էթիկայի կանոններին, որով թիրախավորվեց արցախցիների բարբառը՝ նսեմացնելով նրանց արժանապատվությունը, ինչպես նաև հունիսի 12-ի դեպքերին, նշելով, որ այդ առումով որևէ ոստիկանի մեղադրանք չի ներկայացվել։ ՆԳՆ-ն այդպես էլ որևէ տեղեկություն չի հրապարակել, մինչդեռ նախկինում այդ տեղեկատվությունը հրապարակվել է, ինչը նա որակեց լրջագույն հետընթաց իրավունքի ապահովման շրջանակներում 5 տարվա համեմատ։
Հունվարի 1-ից մի քանի անգամ կբարձրացվի փաստաբանական ծառայության հարկը, ինչը ևս կանդրադառնա անձանց խախտված իրավունքների վերականգման գործընթացին, հետևաբարև արդարության վերականգնմանը։
Մարդու իրավունքների վիճակը 5 տարվա կտրվածքով վատ գնահատեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նրա պարզաբանմամբ՝ ԶՈւ մահվան դեպքերն աճել են, դեպքերի քննությունները չեն բացահայտվում, իսկ վարչապետն ասում է, որ հանրային քննարկումների արդյունքում է մարդկանց ազատում աշխատանքից ու չի ասում, թե նրանք ինչպես են աշխատել կամ ինչի համար են ազատվում աշխատանքից։
«Շատ վատ վիճակում են նաև քրեակատարողական հիմնարկները։ Մեզ միշտ դիմել են, բայց այսպիսի վիճակ չի եղել։ Անթիվ զանգեր ենք ունենում առողջական խնդիրների առումով ու ստիպված հացադուլներ են անում։ Աշոտ Իսրայելյանն ավելի քան 30 օր հացադուլ է անում, ունի բազմաթիվ հիվանդություններ՝ ՄԻԱՎ, հեպատիտ, շաքարային դիաբետ։ Այս մարդն ուզում է մնալ դատապարտյալների հիվանդանոցում, բայց պրոբացիայի ծառայությունից ասում են, որ նա լիակատար առողջ դուրս է գրվել։ Ասում ենք՝ ՄԻԱՎ-ով հիվանդ է, ասում են՝ մի հաբ է էլի պետք խմի, էլի»,-վրդովված ասաց Ժաննա Ալեքսանյանը։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահը հաճախակի լինելով քրեակատարողական հիմնարկերում, արձանագրեց, որ վիճակը շատ մտահոգիչ է։ Մարդիկ ստիպված դիմում են ծայրահեղ քայլի՝ հացադուլի, որ գոնե իրենց տարրական խնդիրներին լուծում տրվի։
«Այսքան տարիներ բարեփոխումներ են իրականացվում ոստիկանությունում, սակայն Չարենցավանի ոստիկանությունը շարունակում է մնալ որպես խոշտանգումների որջ, որտեղ մարդ է սպանվել և օրերս կոկրետ հիվանդ արցախցու եթարկել են բռնության։ Հարվածներ հասցնողը փոխոստիկանապետ Իսկանդարյանն էր, որը խփել է հենց տղայի լյարդին՝ իմանալով խնդիրների մասին։ Օրինակ, նման սադիստին ինչի համար են պահում ոստիկանությունում։ Կարծում եմ բռնությունները շարունակվում են նաև ոստիկանության տարբեր բաժանմունքներում։ Ուղղակի այս երկրի ղեկավարությանը մարդը չի հետաքրքրում։ Մարդը ոչ մի արժեք չի ներկայացնում»,-շեշտեց իրավապաշտպանը։
Իր մտահոգությունը հայտնելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքներին՝ Ժաննա Ալեքսանյանն ասաց․ «Բազմաթիվ դատապարտյալներ, որոնք հացադուլ են արել, իրենց խնդիրներով դիմել են ուղիղ Օմբուդսմենի գրասենյակ՝ խնդրելով հանդիպում։ Որևէ մեկը նրանց չի այցելել։ Ես այսպիսի վիճակ չեմ հիշում։ Մեր բոլոր օմբուդսմեններն էլ, կարող ենք ասել, որ աշխատել են և հատկապես փակ համակարգերում։ Սա արդեն որերորդ դեպքն է, երբ Օմբուդսմենի գրասենյակը չի արձագանքում և չի արձագանքել նաև Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում բռնության ենթարկված Արա Օհանյանի դեպքին ու չի այցելել նրան։ Այսպես չի կարող լինել, որ մարդն ամբողջությամբ մնա անպաշտպան»։
Զառա Մայիլյան