ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասին ուղղված նամակը եվրոպացի պատգամավոր Միշալ Շչերբան է հրապարակել X-ի իր էջում։
Նամակում Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ, մասնավորապես, կոչ են անում անձնական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ՝ Վրաստանում ժողովրդավարական ետքայլի, ընտրական օրենքների խախտման, վարչական չարաշահումների համար, ինչպես նաև այն դատավորների նկատմամբ, ովքեր քաղաքական դրդապատճառներով պատիժներ են սահմանում:
Նամակում նշվում է, որ «Վրաստանի իշխող կուսակցությունը կեղծ ընտրություններից հետո զավթել է իշխանությունը և ճնշում է քաղաքացիական հասարակության բողոքը»։
Պատգամավորները կոչ են անում նաև պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ և սառեցնել նրա ԵՄ բոլոր ակտիվները՝ երկրի սահմանադրորեն ամրագրված շահերի դեմ գործողությունների, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցության գոտին վերականգնելու ջանքերի համար։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: