Բաքվի դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի լրագրող Նազաքաթ Մամեդովային՝ Ռուսաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։
Մամեդովան, որը լրատվամիջոցներում հանդես էր գալիս որպես քաղաքական մեկնաբան և YouTube-ում վարում էր Alfa TV-ն, ձերբակալվել էր անցյալ տարվա հոկտեմբերին:
Ըստ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության՝ նա իր լրագրողական հավատարմագրերն օգտագործել է ռուսական հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու համար:
Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ Նազաքաթ Մամեդովայի YouTube-ի ալիքը հեռարձակվում էին «բաց ռուսամետ նյութեր» և հարցազրույցներ, որոնց համար նա գումար էր ստանում Մոսկվա կատարած կանոնավոր այցերի ժամանակ, որտեղ իբր գաղտնի հանդիպումներ է ունեցել ռուսական հետախուզության սպաների հետ:
Մամեդովան հերքել է բոլոր մեղադրանքները՝ ասելով, որ ինքը Ռուսաստան է մեկնել կոնֆերանսների համար, իսկ ստացած գումարը եղել է ճանապարհածախսի համար։
Ադրբեջանի իշխանությունները վերջին տարիներին մի քանի լրագրողների բանտարկել են։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն լրագրողների դեմ մեղադրանքները որակել է «հորինված» և «քաղաքականացված»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: