«Գերեվարումը եղել է պատերազմի ավարտից մի քանի օր հետո: Ինձ հետ գերեվարված բոլոր տղերքը վիրավոր էին՝ ոտքերից ու մեջքից. շարժվելու հնարավորություն չունեինք։ Ովքեր  կարող էին, խնդրեցինք, որ թողնեն մեզ ու գնան, մի քանիսը զոհվեցին, մի քանիսն էլ հիմա տանն են: Մեզ տեղափոխելու հարցը չքննարկվեց։ Մեզ շրջափակումից դուրս հանելու համար ուղարկված հետախույզները սխալ տեղ էին գնացել: Երբ չէին գտել, մտածել էին՝ զոհված ենք, բայց մի քանի օր հետո մեր վիդեոները տարածվեցին»,- ասում է գերությունից վերադարձած Հակոբը (անունը փոխված է)։ 

Անազատության մեջ պահվող պաշտոնապես հաստատված հայերի ընդհանուր թվաքանակը 44-օրյա պատերազմից հետո եղել է 231։ Նրանցից Հայաստան են վերադարձվել 208-ը, իսկ 23-ը դեռ գտնվում են գերության մեջ: 

Պաշտոնապես ճանաչված եւ չճանաչված գերիները եւ դատավարությունները

Պաշտոնական Բաքուն ընդունում է 23 հայ գերիների եւ պատանդների՝ ադրբեջանական կողմում գտնվելը։ Սակայն շուրջ 80 անձի գերեվարման դեպք է փաստաթղթավորվել նրանց գերեվարման պահին կամ հետգերեվարության կարճ ժամանակում, ինչը Ադրբեջանը չի հաստատում։ Նրանք ունեն բռնի անհետացածի կարգավիճակ, իսկ նրանց ճակատագիրը կամ գտնվելու վայրը հայկական կողմի համար անհայտ է։

Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ տվյալները սկսել են փաստաթղթավորվել 2020 թ.-ին տեղի ունեցած պատերազմից սկսած: 

«Յուրաքանչյուր անուն, երբ մատնանշում ենք, դրա հետեւում կա այն ապացուցող տեղեկատվություն, եւ մենք ներկայացնում ենք, որ մեզ հայտնի վերջին տեղեկությամբ՝ անձը գտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո: Պետությունը այս դեպքում երկու հնարավորություն ունի. մեկը՝ ստանձնել պատասխանատվություն այդ անձանց կյանքի եւ առողջության համար, մյուսը՝ հերքել: Բայց հերքումն էլ իր հերթին պետք է հիմնված լինի ապացույցների վրա,- Forrights-ին ասում է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Գերեվարվածների կարգավիճակների առումով կա վիճելիություն. կան մարդիկ, որոնց Ադրբեջանը գերի չի համարում, բայց Հայաստանը համարում է: Նաեւ կան մարդիկ, օրինակ՝ Արցախի բարձրաստիճան ղեկավարները, որոնց Հայաստանը գերի չի համարում. նրանք պատանդ են կամ քաղբանտարկյալներ: 

«Այստեղ եղել է միտումնավոր, թիրախավորված հետապնդման գործողություն, որը պայմանավորված է եղել այդ անձանց քաղաքական գործունեությամբ եւ համոզմունքներով»,- բացատրում է Սիրանուշ Սահակյանը։

Չպաշտոնականացված գերիների առնչությամբ ավելի հիմնավոր է այն ենթադրությունը, որ նրանց սպանել են, քան քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ նրանց ճակատագրի եւ գտնվելու վայրի մասին տեղեկությունները գաղտնի պահելը։

«80 հոգու դեպքերով ավելի հավանական ենք համարում նրանց սպանված լինելը. ոչ թե քաղաքական դրդապատճառներից ելնելով չեն հաստատում, այլ փորձել են հաշվեգրել՝ իրականում «ովքեր են ողջ»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։

«Պատերազմի ժամանակ էր, տղաս զանգեց, մի րոպեի չափով խոսեցինք։ Հետո ադրբեջաներեն բառեր լսվեցին, գոռում էին, կապը ընդհատվեց։ Մինչեւ հիմա կապ չկա իր հետ»,- պատմում է տղայի մայրը։ 

Ադրբեջանում գտնվող 23 հայ գերիներից 7-ի նկատմամբ կա ընդունված դատավճիռ: Մինչեւ սեպտեմբերյան պատերազմը  այս խմբի համար հասցրել են արդեն ավարտել դատավարությունները, իսկ սեպտեմբերին գերեվարվածների դատական գործերը դեռ ընթացքի մեջ են։ Եղել են նաեւ դեպքեր, որ գերությունից վերադարձել են այն անձինք, որոնց նկատմամբ եղել է դատական ակտ:

«Քանի որ փորձը ցույց է տվել,որ դա պարզապես շոու է, դրա համար ամեն օր ու ժամ սպասում ենք, որ կվերադարձնեն նրան»,- խոսելով իր բարեկամի նկատմամբ կայացված վճռի մասին՝ ասում է 44-օրյա պատերազմի ավարտից հետո գերեվարված անձանցից մեկի հարազատը։

Ադրբեջանում ռազմագերիների եւ ապօրինի պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել։ 

«Գերիներին կարելի է պատասխանատվության ենթարկել միայն միջազգային հանցագործություններիի համար, ինչպես՝ մարդկության դեմ ուղղված, պատերազմական հանցագործությունները: Սովորական հանցագործությունների համար նրանք օժտված են անձեռնմխելիությամբ, բայց Ադրբեջանը նույնիսկ ապօրինի սահման հատելու մասով նրանց ենթարկում է քրեական պատասխանատվության: Իրենք  հայ գերներին մեղադրում են զինված խմբավորումներ ձեւավորելու եւ դրանց անդամակցելու, ապօրինի զենք, զինամթերք տեղափոխելու ու ահաբեկչության մեջ»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։

Հայ գերիներին առաջադրվող մեղադրանքները արժանահավատ չեն, բայց Ադրբեջանի Հանրապետության պարագայում առնվազն հասկանալի են. նրանք միշտ անհիմն եւ երբեմն ծիծաղելի մեղադրանքներ են ներկայացնում կամ իրենց կողմից կատարվող հանցագործությունները հերքող «ապացույցներ» մատնանշում։

«Դատական գործընթացներում նրանք բերում են կեղծված փորձաքննություն եւ ասում՝ այս մարդիկ իրական չեն: Օրինակ, ասում են՝ դրանք մանեկեններ են, որոնց հայերը վերցրել եւ իմիտացրել են: Կարող են այնպիսի անհեթեթ փաստարկեր բերել, ինչպես՝ կրակոցը արձակելուց  հետո մենք արյան հետքեր չենք տեսնում դիակների վրա»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։

Այդպիսին է Հադրութի գնդակահարության գործը, որտեղ նույնականացվել է անգամ կատարողը։ Սակայն Ադրբեջանը չի ընդունում դա՝ բերելով այսպիսի «հերքում»․«Պատի վրա Ադրբեջան բառը սխալ է գրված. եթե դա ադրբեջանցի գրած լիներ, տառասխալ չէր անի»։

Գերիների ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելիությունը օրենքով պաշտպանված է: Եթե նրանց նկատմամաբ իրականացված բռնությունների ինտենսիվությունը մեծանում է, դա դիտարկվում է որպես ոչ մարդկային վերաբերմունք: Կախված ինտենսիվությունից՝ կարող է որակվել նաեւ որպես խոշտանգում: 

«Դեպքեր են եղել, երբ վիրավորվածին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու հետեւանքով է անձը մահացել: Այս գործերով նույնպես իրականացնում ենք փորձաքննություն եւ կարողանում ենք ցույց տալ, որ վիրավորումը անհամատեղելի չի եղել կյանքի հետ, եւ կարելի էր փրկել կյանքը ճիշտ բուժօգնություն ցույց տալու դեպքում»,- ասում է Սիրանուշ Սահակյանը:

Սրանցից բացի  կան այլ հարակից իրավունքներ: Օրինակ՝ երբ գերիներին հարկադրում են ասել՝ Արցախը Ադրբեջան է. դա բացի հարկադրանք լինելուց, միջամտություն է նաեւ նրանց խոսքի ազատության իրավունքին: 

«Ադրբեջանցիները գերեվարելուց հետո տարան ինչ-որ գյուղ, որտեղ մեզ շատ վատ էին վերաբերվում. 10-12 հոգով ծեծում էին մեկ հոգու, վերքերը սեղմում, ծաղրում, նվաստացնում։ Ծեծը ինձ համար այնքան ցավոտ չէր, որքան «Карабах — это Азербайджан» ասելը, որովհետեւ մենք պայքարել էինք ու ընկերներ կորցրել հանուն մեր հայրենիքի, ու հիմա մեզ ստիպում են այդպիսի բան ասել. բնականաբար, մենք չէինք ուզում։ Բայց մարդիկ տեսնում էին, որ հայ զինվորը չոքած այդպիսի բան է ասում, բայց չէին տեսնում՝ տեսախցիկի մյուս կողմում քանի հոգի է զենքը վրադ պահել»,- պատմում է գերությունից վերադարձած Հակոբը (անունը փոխված է):

Ադրբեջանը հայելային ձեւով ներկայացնում է, որ հայկական կողմը բռնություններ, խոշտանգումներ է իրականացրել ադրբեջանցի գերիների նկատմամբ: Սակայն չեն կարողանում այդ մեղադրանքները ապացուցել, որովհետեւ Հայաստանում ավելի ուժեղ է եղել վերահսկողությունը գերիների նկատմամբ, եւ լուրջ ապացույցներ կան, որոնք հերքում են Ադրբեջանի մեղադրանքները:  

«Ադրբեջանի ներկայացրած բժշկական փաստաթղթերում կան կեղծիքներ, որոնք մենք բացահայտում ենք: Սակայն որքան մենք բացահայտում ենք դրանք, նրանք ավելի կատարելագործվում են. հաջորդ անգամ կեղծիքներ իրականացնելիս այդ սխալները թույլ չեն տալիս»,- բացատրում է Սիրանուշ Սահակյանը:

 

Գերությունից հետո՝ գերություն

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարվել է 17 հայ զինծառայող։ Նրանք բոլորը վերադարձել են հայրենիք մոտ մեկ ամիս հետո։ Փշալարերից դուրս գալուց հետո նրանք Հայաստանում ֆիզիկական բռնության չեն ենթարկվել գերության մեջ հայտնվելու պատճառով, բայց  պատշաճ վերաբերմունքի չեն արժանացել եւ հանդիպել են ճնշող պահվածքի։ 

«Նրանք հայրենադարձումից անմիջապես հետո պետք է համապատասխան հոգեբանական աջակցություն ստանան՝ որոշ ժամանակ պահվելով համապատասխան վերականգնողական կենտրոնում։ Սակայն մի խումբ հայեր գերությունից հայրենադարձվելուց անմիջապես հետո հայտնվել են ռազմական ոստիկանությունում, որտեղ շարունակել են մնալ նույն հագուստով, որով Ադրբեջանում պահվել են գերության մեջ։ Ռազմական ոստիկանությունում անցկացրած երեք օրերից հետո տղաները տեղափոխվել են զորամաս, ինչը, եթե միայն հոգեբանական տեսանկյունից էլ դիտարկենք, սխալ է, հատկապես երբ նրանք հոգեբանական լուրջ խնդիրներով, գերության օրերի հիշողություններով պետք է ծառայությունը շարունակեին նույն զորամասում։ 

Ինձ զանգահարել էին այս զինծառայողների ծնողները, երբ նրանց նամակները ՄԻՊ-ի գրասենյակի կողմից անպատասխան էին մնացել»,- ասում է Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Անհրաժեշտ փաստերը հավաքելուց հետո «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ արձանագրել են գերությունից վերադարձածների անանուն պատմությունները, որովհետեւ խոշտանգումների մասին բաց խոսելը «ազդում է պատկան մարմինների աշխատանքի որակի վրա»։ 

«Մենք կարողացանք հասնել արդյունքի, եւ այդ տղաներից հիմա ծառայության մեջ են գտնվում միայն երկուսը. նրանք ի վիճակի են ծառայել։ Ինձ ծնողներից մեկը ասաց. «Ես երջանիկ եմ ինձ զգում, որ իմ տղան կարողացավ հաղթահարել գերության հետ կապված խնդիրները եւ հիմա ծառայությունը շարունակում է հենց իր զորամասում»,- ուրախությամբ ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Իր իրականացրած գործունեության ընթացքում Ժաննա Ալեքսանյանը նկատել է, որ հասարակության մեջ էլ գերիների նկատմամբ միանշանակ վերաբերմունք չկա, որը, «այսպես ասած, խորհրդային մտածողության մնացորդն է»։ 

«Մենք պետք է հասկանանք՝ գերության մեջ հայտնված մարդիկ համարվում են խոշտանգման զոհեր, որ ենթարկվել են այնպիսի հոգեբանական ստորացման, որ շատ դժվար է մոռանալ կամ դիմակայել»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը:

«Հայրենադարձված գերիների նկատմամբ քննություն պետք է իրականացվի, որովհետեւ նրանք զոհեր են: Քննությամբ պետք է հիմնավորվի նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումները: Սակայն դա չի նշանակում, որ պետք է սկսվեն հետապնդումներ, որոնց բացասաբար եմ վերաբերվում»,- անդրադառնալով հայրենադարձված գերիների նկատմամբ իրականացված հետապնդումներին՝ ասում է Սիրանուշ Սահակյանը:

«Սահմնադրության մեջ ամրագրված է. «Մարդը բարձրագույն արժեք է»: Երբ մենք իսկապես դառնանք ժողովրդավար հանրապետություն, հանրությանը արդեն կսկսեն հուզել գերության մեջ հայտնված եւ հայրենադարձված մարդկանց ճակատագրերը»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը։

 

Գերիների նկատմամբ ցուցաբերած մարդասիրական օգնությունը

«Գերի ընկնելու երեկոյան արդեն բանտում էինք, մինչեւ այդ մեր նկատմամբ եղած վերաբերմունքը ահավոր էր, բայց արդեն բանտում նորմալ էր համեմատած, որովհետեւ արդեն Կարմիր խաչն ու խաղաղապահ զորքերը միջնորդ էին»,- ասում է գերությունից վերադարձած Հակոբը (անունը փոխված է):

ԿԽՄԿ-ի կողմից իրականացրած մարդասիրական աշխատանքները պարբերակայն բնույթ ունեն եւ ելնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեիի հանձնագրից, այսինքն՝ Միջազգային մարդասիրական իրավունքով ամրագրված հնարավորություն է, որը կազմակերպությունը ընձեռնում է՝ տեսակցելու անձանց, ովքեր պահվում են հակամարտության այս կամ այն կողմում:

«Երբ մարդիկ ձերբակալվում են, եւ հաստատվում է նրանց ձերբակալման փաստը տվյալ իշխանությունների կողմից, մեր կազմակերպությունը դիմում է այդ իշխանությանը՝ անհապաղ տեսակցելու առումով: Սկսած առաջին օրվանից՝ տեսակցությունները շարունակվում են մինչեւ այն ժամանակ, երբ նրանց ճակատագիրը որոշարկվում է, բայց այստեղ մենք բանակցային գործընթացներում ընդգրկված չենք»,- ասում է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

ԿԽՄԿ-ի գործառույթը սահմանափակվում է նրանով, որ տեսակցում են գերեվարված անձանց, այն նպատակով, որ մշտադիտարկեն նրանց պահման վայրը, պայմանները, նրանց հանդեպ վերաբերմունքը, օգնեն նրանց՝ տարբեր կապի միջոցներով պարբերաբար պահպանել կապը ընտանիքի հետ. հիմնական կապի միջոցը Կարմիր խաչի նամակներն են, որոնք նշված եւ ամրագրված են Միջազգային մարդասիրական իրավունքի փաստաթղթերում: 

«Գերության ընթացքում ԿԽՄԿ-ն ձեզ համար ապահովե՞լ է հնարավորություն՝ ընտանիքի ու հարազատների հետ կապ հաստատելու»,- հարցնում է լրագրողը։ 

«Դե՜, մինչեւ ուզեցին միջնորդեն, հասա տուն»,- քմծիծաղ է տալիս գերությունից վերադարձած Հակոբը (անունը փոխված է):

«Խնդիրները, որոնք նկատում ենք, կոնֆիդենցիալ են: Դրանք չենք հանրայնացնում, այլ նկատելու դեպքում քննարկում ենք տվյալ երկրի իշխանությունների հետ եւ փորձում լուծումներ գտնել փակ երկխոսությունների միջոցով»,- պատասխանելով այն հարցին, թե գերության մեջ գտնվող անձինք ինչ խնդիրների են բախվում՝ ասում է Զառա Ամատունին:

 

Հոգեվիճակում արմատներ գցած գերությունը

2021թ․Դեկտեմբերին հայրենիք էր վերադարձել գերեվարվածների առաջին խումբը: Այդ ժամանակ հոգեբան Նունե Փաշինյանը այլ հոգեբանների հետ կատարել է գերեվարվածների հետ աշխատանքների իր առաջին ծանր փորձը. բացի այն, որ գիտեին՝ ինչ պայմաններում են նրանք գտնվել, տեսնում էին նաեւ նրանց ապրումները եւ հոգեվիճակը: 

«Հիմնականում աչքի էր ընկնում եւ մեր աշխատանքը դժվարացնում էր այն, որ նրանք բավականին երիտասարդ էին, չունեին ամբողջությամբ կայացած արժեհամակարգ, որի վրա հիմնվելով՝ կարողանային ավելի հեշտ հաղթահարել իրենց ապրումները: Ես ինքս հոգեբանական աշխատանք եմ իրականացրել երիտասարդների հետ. 18-19 տարեկան տղաներ էին»,- Forrights-ին ասում է Նունե Փաշինյանը:

Հոգեբանական խնդիրներից առաջինը շոկային վիճակն էր՝ բավականին ծանր ախտանշաններով: 

«Կային դեպքեր, երբ իրենք փորձում էին հերքել այն ամենը, ինչով անցել էին, բայց աչքերի, հայացքի արտահայտությունը հուշում էր, որ կյանքի հանդեպ չկա հետաքրքրություն, անտարբեր են ամեն ինչի նկատմամբ: Սրանով պայմանավորված՝ հարազատները գտնվում էին տագնապալից վիճակում, որովհետեւ նկատում էին, որ գերությունից վերադարձած իրենց հարազատները կորցրել են կյանքի հանդեպ ունեցած իրենց բոլոր հետաքրքրությունները»,- ասում է հոգեբանը:

«Ջաբրայիլում էի ծառայության անցել, պատերազմը սկսվելու պահին 3-4 ամսվա ծառայող էի: Դեռ պատրաստ չէինք պատերազմական գործողությունների. ընթացքում ենք սովորել»,- ասում է գերությունից վերադարձած Հակոբը (անունը փոխված է)

Առաջին աշխատանքը, որ իրականացրել են, նրանց լսելն է եղել. նրանք պետք է հասկանային, որ իրենց լսում են: Դա ամենածանրն էր, որովհետեւ ոչ բոլորն էին պատրաստ խոսել այն ամենի մասին, ինչով անցել էին: 

«Բայց այնքանը, ինչքան նրանք պատրաստ էին խոսել, նույնպես կարեւոր էր»,- ասում է Նունե Փաշինյանը: 

Հետագայում, երբ սկսել են աշխատել մյուս խմբի հետ, նկատել են, որ նրանց մոտ առաջացել են հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ: Սա զարգանում է կյանքին եւ առողջությանը սպառնացղ սուր վախի, սարսափի զգացում առաջացնող տրավմատիկ իրավիճակներում: 

«Սրա առաջացման պատճառներից են եղել գերիների նկատմամբ կիրառված բռնությունը, սպանության տեսարանները, որոշների մոտ՝ մահվան զանգվածային տեսարանները, դաժանությունները, կյանքի եւ առողջության նկատմամբ եղած սպառնալիքները»,- բացատրում է Նունե Փաշինյանը: 

Գերեվարվածների մոտ հանդիպել են դեպրեսիա, գերգրգռվածություն, վախի զգացում, ագրեսիվություն, պատասխանատվության զգացումի բացակայություն, հիշողության վատթարացումներ, գիտակցության մթագնում, հարազատների նկատմամբ անտարբերություն, ընտանիքում եւ աշխատանքում անպարտաճանաչության ցուցաբերում եւ այլն: 

«Նունիսկ կային տղաներ, ովքեր ասում էին՝ չենք ուզում խոսել գերության, մեր անցածի մասին, բայց ասում էին, որ, օրինակ, ունեն քնի խանգարում: Դա հասկանալի էր. ունենում էին գիշերային մղձավանջներ»,- ասում է հոգեբանը: 

«Մենք մի քանի օր էր արդեն՝ առանց հրամանատարների էինք, որովհետեւ ովքեր կարային, փախան, ովքեր էլ «վիզ դրեցին» մեզ համար, զոհվեցին»,- ասում է գերությունից վերադարձած Հակոբը (անունը փոխված է): 

Գերիների հետ տարած աշխատանքների ժամանակ հոգեբանը նկատել է, որ մեկ այլ խնդիր է եղել տրավմատիկ իրադարձության շարունակական վերապրումը. տղաները, ովքեր խոսել են դրա մասին, ասել են, որ անընդհատ դա տեսնում, հիշում են: 

Մի խմբում շատ էր հանդիպել խուսափողական վարքը. անընդհատ խուսափում էին տրավմատիկ իրադարձությունները հիշեցնող վայրերից: Մյուս խմբի անդամները անընդհատ ցանկացել են խոսել տրավմատիկ իրադարձություններից: 

«Սա, իհարկե, լավ է, բայց որոշակի սահման ունի: Եթե նրանք անընդհատ խոսում են դրանց մասին, ուրեմն այլեւս իրականության մեջ չեն: Դա սկսում է կրել քրոնիկ բնույթ եւ բավականին վտանգավոր է»,- բացատրում է Նունե Փաշինյանը: 

Շոկային փուլից հետո սկսվել էր բախման փուլը, որը ուղեկցվել է բարկությամբ կամ տագնապայնությամբ: 

«Մենք չենք իմացել, որ պատերազմը ավարտվել է, եւ մենք պարտվել ենք։ Մեր տանկերը որ տեսանք, մտածեցինք հետ ենք վերցրել քաղաքը, բայց փաստորեն դա իրենք էին տանում մեր տանկերը»,- պատմում է գերությունից վերադարձած Հակոբը (անունը փոխված է)։

«Երբ աշխատում էի այն գերիների հետ, ովքեր ուշ էին դիմել հոգեբանի, նրանց մոտ առաջացել էին հոգեսոմատիկ խանգարումներ՝ գլխացավեր, տարբեր օրգան-համակարգերի խանգարումներ: Օրինակ՝ որոշներն ասում էին՝ շնչառությունս, սիրտս լավ չէ: Որոշները կախվածություն էին ձեռք բերել վատ սովորություններից՝ ծխախոտ, խմիչք, նույնիսկ թմրանյութեր: Սրանով նրանք արհեստականորեն փորձում էին մոռանալ, չհիշել այն ամենը, ինչով անցել էին»,- ասում է Նունե Փաշինյանը:  

Գերիների հետ հոգեբանական աշխատանքներ իրականացնելիս հաճախ նաեւ նկատել են, որ նրանք ունեցել են մեղքի զգացում եւ ամոթ՝ իրենց ունեցած ապրումների համար: Փորձել են նրանց հասկացնել, որ այդ ապրումները նորմալ են եղել այդ իրավիճակում եւ պետք չէ դրանցից ամաչել:

«Ինչքան էլ թշնամի զինվոր ա, բայց կան միջազգային նորմեր, չէ՞։ Հիմա կարող ա դուք ինձ հարց տաք. «Բա որ դու ադրբեջանցու գերի վերցնեիր, ի՞նչ կանեիր»։ Ես կասեմ, որ կարող ա էդ ադրբեջանցուն բախտ չվիճակվեր տուն հասնել»,- ինքն իրեն հարց տալով՝ պատասխանում է գերությունից հայրենադարձված Հակոբը (անունը փոխված է)։

«Սովորաբար մարդիկ արտաքին աշխարհը ենթագիտակցորեն ընկալում են որպես հարաբերականորեն կայուն համակարգված եւ մասնավորված համակարգ: Գերեվարվածի համար աշխարհը դադարում է այդպիսին լինելուց, արդյունքում խափանվում է նրա սեփական գոյության իմաստը այս աշխարհում: Եւ նա տալիս է հետեւյալ հարցերը՝ ի՞նչ է պատահել ինձ հետ, ինչու՞ է դա պատահում հե՛նց ինձ հետ, ինչու՞ հենց ես, ինչու՞ եմ ես վարվել այսպես, այլ ոչ այլ կերպ»,- բացատրում է Նունե Փաշինյանը: 

«Գերության մեջ մարդու մտքով այնպիսի բաներ են անցնում, որ հիմա հիշում եմ, ինձնից վախենում եմ կամ մեկ-մեկ ուրախանում։ Անգամ ադրբեջանցիները դրանք հաշվարկել էին. հաց ուտելուց հետո մեր գդալները դնում էին դռան վրա, որ դուռը բացելիս գդալը ընկնի, ձայնը գա, որովհետեւ իրենք էլ գիտեին՝ այդ գդալը կարող էր դանակի վերածվել,- ասում է Հակոբը (անունը փոխված է)։

Հոգեբանները փորձել են այնպես անել, որ գերությունից վերադարձած անձինք ինտեգրվեն կյանքին. ունենան օրվա գրաֆիկ, նախաճաշեն, ֆիլմ դիտեն, այսինքն՝ մտածված ձեւով մտնեն կյանքի մեջ: 

«Ամենակարեւորը ֆիզիկական ակտիվությունն է, որը լավագույն դեղերից մեկն է: Չի բացառվում նաեւ, որ այն մարդիկ, ովքեր հաղթահարել են իրենց ապրումները, նորից ընկնեն դեպրեսիայի մեջ, երբ հանդիպեն այդ տրավմաները հիշեցնող ինչ-որ բաների»,- ասում է Նունե Փաշինյանը:

«Այդ ժամանակ իմ մտքով անցնում էր՝ կյանքիս վերջին օրերը կամ ժամերն են, ու էլ չէի գալու մեր երկիր, տնեցիքին չէի տեսնելու, բայց Աստծո՛ւն փառք։ Չէի ուզում մտածել, որ էլ չեմ լինելու, ավելի շատ մտածում էի, որ երբ վերադառնամ, ինչը կփոխեմ ու հիմա անում եմ դրանք»,- կիսվում է Հակոբը (անունը փոխված է)։:

Մանե Մնացականյան

Երջանիկ Հարությունյան

Լուսանկարները՝ Երջանիկ Հարությունյանի

Լուսանկարները խաղարկային են, կապ չունեն գերեվարվածների եւ նրանց ընտանիքների հետ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest