Հայաստանի Պաշտպանության նախարարությունը բանակում ոչ մարտական պայմաններում մահերի վերաբերյալ, եթե ոչ կեղծ, ապա մոլորեցնող տեղեկություններ է հայտնում։ Հոկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ, նախորդ՝ 2023 թվականի նկատմամբ, բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են։
«Շատ փորձագետներ, իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, որոշ լրատվամիջոցներ հանրությանը ներկայացնում են, որ այս տարի բանակում գրանցվել է 33 մահվան դեպք, սակայն չեն մասնավորեցնում, թե այդ դեպքերից քանիսն են ծառայության հետ կապված եղել։ 33 մահվան դեպքերից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով է եղել, 2-ը՝ ավիավթարի, 5-ը՝ հիվանդության, 11-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, որից 7-ը ծառայության հետ կապված չէ։ Պետք է հղում կատարեմ դատախազության ներկայացրած ցուցանիշին, որ 2023 թվականին, նախորդ տարվա համեմատ, բանակում հանցագործությունները, եթե չեմ սխալվում, 48.4 տոկոսով նվազել են»,-հայտարարել է ՊՆ պաշտոնյան՝ չհրապարակելով որևէ տվյալ։
Ինչ է ասում վիճակագրությունը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 15-ին խորհրդարանում հայտարարել էր, որ 2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք, որից 15 զինծառայողի մահը Ազատի զորամասի հրդեհի դեպքն էր։ Ըստ էության ՊՆ խոսնակը չի կարող պնդել, որ նախորդ տարվա համեմատ դեպքերը նվազել են, երբ 22 զոհ է գրանցվել ոչ մարտական պայմաններում։
Մինչ իշխանությունները հայտարարում են բանակում բարեփոխումների մասին ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն աճում է։ Տարեսկզբից 32 զինծառայող է մահացել, և միայն 4-ը՝ հակառակորդի կրակոցից: 28 զինվոր ոչ մարտական պայմաններում է զոհվել՝ ինքնասպանություններ, սպանություններ, առողջական խնդիրներ։ Ուշագրավ է, որ ՔԿ-ն դեպքից մի քանի ժամ անց դժբախտ պատահարները որակում է ինքնասպանություն։ ՀՔԱՎ գրասնեյակն ուսումնասիրել է Քննչական կոմիտեում քննվող գործերը, նշում են, որ այս տարվա 28 մահվան դեպքերից ընդամենը 4 գործերում մեղադրյալ կա ներգրավված։
Ազգային ժողովում բանակում մահվան դեպքերի բացահայտման մասին մի ուշագրավ հայտարարությամբ էլ հանդես էր եկել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պնդելով, որ բանակում մահվան դեպքերը բացահայտվում են հաշված օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում։
Արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Forrights.am-ը 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ՔԿ գրավոր հարցում էր ուղարկել ոչ մարտական պայմաններում զոհված Գրանիկ Խնկոյանի մահվան հանգամանքերի վերաբերյալ։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցից այս ժամանակահատվածում ստացվել է գրավոր պատասխան, այժմ փորձենք հասկանալ արդյո՞ք մահվան դեպքերը բացահայտվում են ժամերի կամ օրերի ընթացքում։
ՀԻշեցնենք՝ Արարատի «Զոդ» կոչվող զորամասում, 2023 թվականի օգոստոսի 11-ին հայտնաբերվել էր Գրանիկ Խնկոյանի դին։ Նշենք, որ այս դեպքից ժամեր առաջ կասկածելի պայմաններում մահացել է նույն զորամասի զինծառայող Ժորա Կարապետյանը։
Գրանիկ Խնկոյանն, ըստ ՔԿ-ի, ինքնասպան է եղել, քանի որ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ։ Այս զինվորականն այժմ ազատության մեջ է։
Գրանիկ Խնկոյանի մայրը ավելի վաղ forrights.am-ի հետ զրույցում ոչոշակի մանրամասներ էր ներկայացրել որդու մահվան հանգամանքերից՝ պնդելով, որ իր տղային ծեծի են ենթարկել։ «Նաչալնիկ-շտաբը (զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ,-հեղ․) Արմեն Թովմասյանը իմ երեխային զորքի առաջ ստորացրել է, գլխարկը վերցրել, գցել է գետին ու տրորել է, որի վրա ՀՀ զինանշանն է ու դրոշը։ Զորքին կանգնեցրել է ու վերջին հայհոյանքներն է տվել, դու ո՞վ ես, որ զինվորների հետ նման կերպ ես վարվել։ Այսքանով չեն բավարարվել։ Հայ զինվորին անուշ քնից հանել են, տարել, սաղ գիշեր ծեծել են, բութ գործիքներով ծեծել են։ Կամբատ Գևորգ Հակոբյանն էլ է ծեծել իմ տղային, աչքը կապտացրել է։ Գրանիկն է եղբորն ասել, քանի որ հայրը պետք է գնար մոտը, եղբորն ասել է՝ պապան, որ գա, կասես աչքիս մասին բան չասի, հետո իմ համար խնդիրներ կլինեն»,-նշում է մայրը և հավելում, որ դեպքից մեկ օր առաջ զորմասից զանգել են ամուսնուն և ասել են, որ Գրանիկի մոտ հեռախոս կա, եկեք, վերցրեք։ Հայրը, սակայն, չի հասցրել գնալ, քանի որ Գրանիկը զանգել և ասել է, որ տանում են դիրքեր։
Forrights.am-ը մի շարք հարցեր է ուղղել ՔԿ նախագահին, որոնք մնացել են անպատասխան, մասնավորապես՝
Ի՞նչ փուլում է 2023թ․ օգոստոսի 11-ին զորամասի տարածքում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Գրանիկ Խնկոյանի գործի քննությունը։
Ի՞նչ փորձաքննություններ են իրականացվել։
Արդյո՞ք Գրանիկ Խնկոյանի օրգանիզմում հայտնաբերվել է որևէ տեսակի թմրանյութ։
Արդյո՞ք Գրանիկ Խնկոյանը դեպքից առաջ բռնության ենթարկվե՞լ։ Փորձաքննությամբ մարմնական վնասվածքներ հաստատվե՞լ են, թե՞՝ ոչ։
Գործով քանի՞ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ կա։
Զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Արմեն Թովմասյանը ի՞նչ կարգավիճակ ունի։ Ի՞նչ խափանման միջոց է ընտրվել։
Արդյո՞ք հարցաքննվել են զորամասի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես, Գևորգ Հակոբյանը, Արմեն Ղազարյանը: Ի՞նչ կարգավիճակ ունեն նրանք։
Արդյո՞ք Գրանիկ Խնկոյանի մահվան դեպքը կապ ունի նույն զորամասի մեկ այլ զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան դեպքի հետ։ Գրանիկ Խնկոյանի հեռախոսում առկա եղե՞լ է Ժորա Կարապետյանին առնչվող տեսանյութ։
Արդյո՞ք Գրանիկ Խնկոյանը կարող էր Ժորա Կարապետյանի մահվան դեպքով էական տեղեկություններ հաղորդել։
ՔԿ-ից շուրջ երկու ամիս անց Forrights.am-ին փոխանցել են, որ չեն կարող տեղեկությունները տրամադրել, քանի որ կխոչընդոտի մինչդատական վարույթի բնականոն ընթացքին։ Երբ այս հարցերի պատասխանը չի տրվում է դեպքից շուրջ մեկ ու կես տարի անց՝ և ինչպես է ՔԿ նախագահը հայտարարում, որ բոլոր գործերը բացահայտված են։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։