«Գերիների Վերադարձ» գրությամբ պաստառներով մարդիկ արդեն տասը օր է գտնվում են Կառավարության շենքի մոտ եւ Հանրապետության հրապարակի տարածքում՝ ՀՀ Կառավարությանը, ինչպես նաեւ հասարակ անցորդներին հիշեցնելով, թե որը պետք է լինի բոլորի առաջնահերթությունը։

Հանրային գործիչ Վահագն Չախալյանը, ով հոկտեմբերի 16-ից նստացույց է սկսել հրապարակում, ասում է. «Ես մենակով եմ սկսել նստացույցը, բայց հիմա աթոռների թիվը վեցն է։ Տարածքում ավելի շատ ենք։ Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ միանում են մեզ, այսօրվա միացողների համար վաղն ենք աթոռներ բերելու։ Գերիների ծնողներից մեզ մոտեցել են, ասել են, որ գալու են։ Նստացույց անողները այն մարդիկ են, ովքեր  հասկանում են հարցի կարեւորությունը եւ եկել են, գիտակցաբար այս ցրտին նստել են։ Նստացույցը անժամկետ ենք հայտարարել։ Բայցի նստացույցից մեր պահանջը ներկայացնելու այլ գործիքակազմ էլ պատկերացնում ենք, չենք հրաժարվելու, խնդիրը դրված է, որ այս հարցը լուծվի»։

Չախալյանի խոսքով, գերիների վերադարձը այսօր ավելի հնարավոր է, քանի վերջին տարիներին. «Նոյեմբերի 5-ին Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ ակտիվ բանակցություններ կան  Երեւանի եւ Բաքվի միջեւ, ակտիվ խոսակցություն կա, հրավեր կա Բաքու եւ արդեն պարզ է, որ ՀՀ իշխանությունները չեն մերժել, հակված են գնալու։ Եւ մենք ցանկանում ենք, որ այդ գնալը գոնե մի օգտակար  արդյունք ունենա եւ այդ արդյունքը լինի մեր գերիների վերադարձը իրենց հայրենիք, իրենց հայրենական տներ»,- ասում է նա։

Նրա խոսքով, բոլորը հասկանում են, որ հայ գերիների իրական թիվն ավելին է, քան հայտարարված 23-ը եւ իրենք պահանջում են բոլոր անձանց վերադարձը։

Անի Գևորգյան

Ֆոտոշարք

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest