Անցած շաբաթվա վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին Ադրբեջանի դատախազության հաղորդագրությունը, որտեղ նշվում էր, թե արցախցի գործիչների կալանքը երկարաձգվել է: Այսօր հայտարարվեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետի երկարաձգման մասին: Ընդ որում՝ տարօրինակ կերպով չի նշվում, թե քանի ամսով է կալանքի ժամկետը երկարաձգվում:
NEWS.am-ը մեկնաբանության համար դիմեց ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանին.
Մեկ տարուց ավելի նրանք կալանքի տակ են, ինչն արդեն իսկ միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է: Հիմա հայտարարվում է որպես խափանման միջոց ընտրված կալանքի լրացուցիչ երկարաձգման մասին: Հանրային հարթակում անգամ կալանքի երկարաձգման ժամկետ չի նշվում, ինչն աննախադեպ երևույթ է միջազգային իրավական պրակտիկայում: Ոչ անկախ դատական համակարգի կողմից կալանքի ժամկետի վերանայումները ևս մարդու իրավունքների խախտումներ են, որոնք շարունակական են դարձել:
Դեռ հունիսի վերջից Ադրբեջանի դատախազը պարբերաբար հայտարարում է, թե նախաքննությունն ավարտվել է և գործերն ուղարկվել են դատարան, բայց որևէ կերպ դատաքննությունը չի սկսվում, մինչդեռ ըստ միջազգային ընդունված պրակտիկայի՝ նախաքննության ավարտի մասին հայտարարելուց հետո կարճ ժամկետում պետք է սկսվի դատաքննությունը:
Այնինչ, նույն Ռուբեն Վարդանյանի գործով նախաքննությունը, ըստ էության, շարունակվել է. սեպտեմբերին նա ենթարկվել է լրացուցիչ հարցաքննության՝ Հայաստանի վարչապետի հայտարարության հետ կապված: Հետևաբար, հունիսին և սեպտեմբերին Ադրբեջանի դատախազի կողմից արված նախաքննության ավարտի մասին հայտարարությունները, կարելի է ասել, ավելի շատ արտաքին քարոզչական նպատակներով օգտագործված թեզեր էին, իսկ ներսում իրականում այլ գործընթացներ են կատարվում, որոնք թափանցիկ չեն և չեն տեղավորվում միջազգայնորեն սահմանված իրավական ստանդարտների մեջ:
Այս իրավիճակում դժվար է հասկանալ, թե իրեն միջազգային իրավունքից դուրս դնող ավտորիտար ռեժիմն ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում:
Հետևաբար մենք միջազգային հանրության և COP29-ին մասնակցող երկրների պատվիրակությունների ուշադրությունը պետք է հրավիրենք հետևյալ կարևոր փաստերի վրա՝
Հայ քաղբանտարկյալների և գերիների նկատմամբ իրականացվում են փակ գործընթացներ, որոնց ընթացքում չի ապահովվում արդյունավետ պաշտպանության իրավունքը միջազգային մասնագետների ներգրավվմամբ:
Ոտնահարվում են կալանավորված անձանց՝ պատշաճ ժամկետներում արդար դատաքննության իրականացման իրավունքները:
Ամենացինիկ կերպով արհամարհվում են մարդու իրավունքի միջազգային նորմերը, որոնք կապված են ազատությունից զրկված անձանց կամայականություններից պաշտպանելու երաշխիքների հետ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: