«Հաջորդ քառօրյային արդեն կարող ենք վավերացնել սահմանազատման կանոնակարգը», — «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Վավերացումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին։ Նույն օրը Կազանում կմեկնարկի БРИКС գագաթնաժողովը, որին կմասնակցեն նաեւ Փաշինյանն ու Ալիեւը։ Ըստ վերլուծաբանների՝ գագաթնաժողովի ընթացքում հնարավոր է Ռուսաստանի հովանու ներքո հայ-ադրբեջանական ինչ-որ փաստաթղթի ստորագրում։ ՀՀ խորհրդարանի կողմից սահմանազատման կանոնակարգի վավերացումը Փաշինյանը կոգտագործի «ապացուցելու»  Արցախից վերջնականապես հրաժարվելու իր պատրաստակամությունը։

ՀՀ Սահամանադրական դատարանի որոշումից հետո Բաքուն կրկին հայտարարեց, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության «խաղաղության պայմանագիր» կնքելն անհնար է։ Ինչ վերաբերում է սահմանազատման կանոնակարգին, ապա Բաքուն նույնիսկ չի հրապարակել փաստաթուղթը եւ չի անցել վավերացման ներքին ընթացակարգերին։

Կարելի է ենթադրել, որ Բաքուն չի «հավատացել» ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը, որը 1991թ․ Ալմաթիի համաձայն սահմանազատման կանոնակարգը համարել է Սահմանադրությանը չհակասող։ Ավելին՝ Սահմանադրական դատարանի 33-էջանոց որոշման առույծի բաժինը նվիրված էր փորձերին՝ ապացուցել, որ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989թ․ որոշումը չի գործում։

Այդ փորձերը չեն հաջողվել․ Բաքուն կրկին պնդում է, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ Արցախը Հայաստանի մաս է, եւ վերջ։ 1989թ․ որոշումը կարող է չեղարկել միայն Անկախության նոր հռչակագիրը կամ նոր Սահմանադրությունը։

Սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չի ճանաչել կանոնակարգը, ուստի Սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն չկա։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում հայտարարել է, որ եթե կանոնակարգը հակասահմանադրական ճանաչվի, հարկ կլինի վերանայել Սահմանադրությունը։

Հիմա, փաստորեն, Սահմանադրությունը չի վերանայվի, իսկ դատարանի մեկնաբանություններն Անկախության հռչակագրի եւ 1989թ․ որոշման մասին կմնան միայն մեկնաբանություններ։

Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է պետք, իշխանությունն առանց ընդդիմության էլ բավարար քվեներ ունի։ Կասկած չկա, որ Կազանից ընդառաջ Քաղաքացիական պայմանագիրը կվավերացնի կանոնակարգը։ Սակայն այն կարող է երբեք չիրագործվել եւ մնալ որպես քաղաքական գործոն։

Իրավաբանները Սահմանադրական դատարանի որոշումը ամոթալի են համարում, նշելով բազմաթիվ բացեր՝ սկսած ՍԴ դիմելու կառավարության ընթացակարգից, ընդհանրապես՝ ՍԴ դիմելու անհրաժեշտությունից եւ վերջացած հուզական ու ոչ իրավական արտահայտություններից։

Հիշեցնենք, որ խոսելով Անկախության հռչակագրի դրույթների՝ Սահմանադրության մեջ բացակայելու մասին, դատարանը որոշել է, որ հռչակագիրը վերածվել է «զավակին խժռող ծնողի», այդպիսով հաստատելով, որ կողմ է, որպեսզի «զավակը խժռի ծնողին»։ Սակայն իրավական առումով ՍԴ որոշման մեջ պարզ ակնարկ կա․ եթե Սահմանադրության մեջ ամրագրվի Անկախության հռչակագրում նշված սկզբունքները, ապա ոչ ոք՝ ոչ ոքի «խժռելու» կարիք չի ունենա։

Բաքուն հենց դա է նկատում, ասելով, որ ցանկացած պահի ՀՀ Սահմանադրությունը կարող է «համապատասխանեցվի» Անկախության հռչակագրին։

«Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ: 3․7․ Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը», ասված է ՍԴ որոշման մեջ։

Հաստատելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատումը պետք է տեղի ունենա 1991թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա, Սահմանադրական դատարանն այնուամենայնիվ հիշեցնում է, որ Ալմաթիի Համաձայնագրի 13-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո ՀՀ-ն առաջարկել է լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:

Սահմանադրական դատարանը ոչ մի փաստարկ չի բերել առ այն, որ 1989թ․ որոշումն ուժի մեջ չէ, եւ Արցախի անջատումը Ադրբեջանական ԽՍՀ-ից եւ վերամիավորումը Հայաստանին անօրինական էր, կամ կան այլ փաստաթղթեր, որոնք ապացուցում են այդ ակտերի անօրինականությունը։

Այսպիսով, ՍԴ դատարանը «ապացուցել է», որ ոչ սահմանազատման կանոնակարգը, ապագա «խաղաղության պայմանագիրը» չեն կարող վեր լինել Սահմանադրության մեջ ամրագրված դրույթներին, եւ ամեն ինչ կախված է «մեկնաբանությունից»։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest