Հոկտեմբերի 9-ին Բագրատ Սրբազանի գլխավորությամբ բողոքի ակցիա իրականացվեց Գլխավոր դատախազության դիմաց։ Ակցիայի մասնակից երիտասարդները Բաքվում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս քաղաքացիների լուսանկարների պաստառներով վանկարկում էին՝ «Նիկո՛լ, հանցակի՛ց ես Արցախում կատարված ցեղասպանությանը»՝ պահանջելով նրանց ազատել ու վերադարձնել Հայաստան։ Բագրատ Սրբազանն իր ելույթի սկզբում նշեց,  որ Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանում Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների իրավունքները։

«Մեր երկրում հանցագործությունների շղթան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այն չենք կանխել ու գնահատական չենք տվել։ Պահանջում ենք, որ Գլխավոր Դատախազը վար իջնի և բացատրություն ներկայացնի այն գործընթացների վերաբերյալ, որոնք, իրենք իսկ սկսել են։ Մեր երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական։ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել լինել երաշխավորը Արցախի Հանրապետության, սակայն իշխանությունը որևէ քայլ չի արել այդ պարտավորությունները կատարելու ուղղությամբ։ Վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանցագործության հանցակից է, որովհետև, իր իսկ խոսքերով, ինքը մասնակից է եղել Արցախի Հանրապետության մեր քույրերի ու եղբայրների էթնիկ զտմանը», — ակցիայի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը։

Խնդրի իրավական կողմը պարզաբանումներով ներկայացրեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։  «Որևէ կերպ արդարացում չի կարող ունենալ այն պատրվակը, որ հայ բնակչության մի մասը կարող է հանձնվել ցեղասպանության՝ պաշտպանելով բնակչության մյուս մասին։ Նիկոլ Փաշինյանը հակադրել է ՀՀ Սահմանադրությունը խաղաղությանը՝ Ադրբեջանին հնարավորություն տալով շարունակելու իրենց ոչ լեգիտիմ պահանջները», -ընդգծեց փաստաբանը։

Անդրադառնալով մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից արցախցիների նկատմամբ իրականացված էթնկի զտման և պարտադրված տեղահանությանն ուղղված ռազմական գործողություններին, Հովհաննես Խուդոյանը մեջբերեց 2023թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի  նախաձեռնած քրեական վարույթից հատվածներ, ինչը հասանելի է կառույցի կայքէջում։ Քննիչներն արձանագրել են 2022թ. դեկտեմբերի 12-ից կեղծ բնապահպանների օգնությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի ապօրինի արգելափակումը, 2023թ. ապրիլից Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջին ապօրինի անցակետի տեղադրումը, ու իր քրեական վարքագծին ակնհայտ ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելով  Ադրբեջանի կողմից 2023թ. հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով սադրանքի դիմելու երկու ուղղություններով հումանիտար միջանցքով բեռնափոխադրումներն ամբողջությամբ արգելափակելը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարման խափանումը և դրանք որակել ցեղասպանություն իրականացնելու գործողություններ։ Հետևանքը՝ մեկօրյա պատերազմ, արցախահայության բռնի տեղահանում, ինչի առումով ՀՀ քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի առաջին մասով՝ ցեղասպանություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ և կատարվում է նախաքննություն։  Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ տրվել է իրավական բնութագիր, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, սակայն մեղադրանքներ չեն ներկայացվել  առաջին հերթին Իլհամ Այիևի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։

«Մեկ տարվա ընթացքում ո՞ւմ և ի՞նչ մեղադրանքներ են ներկայացրել իրավապահ մարմինները, միջազգային ի՞նչ գործընթաց է իրականացվում ՀՀ ում՝ օգտագործելով բարձր ամբիոնները պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։ Փոխարենը՝ մենք ականատեսն ենք պատերազմական հանցագործների ջերմ շփմանը։ Այդ առումով  ՀՀ իշխանությունն առնվազն երևացող ջանքեր չի գործադրում և ընդհանրապես, արցախահայության իրավունքները միջազգային ատյաններում բարձրաձայնելու և պաշտպանելու ուղղությամբ։ Բացի դրանից մեր իրավապահներն անտեսել են նաև այն հանգամանքը, որ այդ գործողությունների իրականացմանն օժանդակել է նաև ՀՀ-ի բարձրաստիճան ղեկավարությունը՝ պետության ղեկավարի մակարդակով արված հայտարարությամբ», — իր ելույթում նշեց փաստաբանը։

Ակցիայի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց։ Դատախազության շենքի առջև. ոստիկանները խոչընդոտեցին ակցիայի իրականացմանը։ Մասնակիցները բերեցին կալանավորի խրտվիլակ, որի վրա գրված էր Արցախը հանձնելու թվականը, ինչը նաև դատապարտության թվականն է։ Ոստիկանությունն էլ «բերման» ենթարկեց կալանավորի խրտվիլակին։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ Վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանցագործության հանցակից է, որովհետև, իր իսկ խոսքերով, ինքը մասնակից է եղել Արցախի Հանրապետության մեր քույրերի ու եղբայրների էթնիկ զտմանը։ Սրբազանը ոստիկանության բարձր ղեկավարությանն էլ հանցակից համարեց  հունիսի 12-ին իրականացված ոչ համաչափ գործողությունների առումով՝ ցեղասպանությանը հանցակից վարչապետի հրահանգով։

Ակցիայի մասնակիցները պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար:

«Պետք է գործընթաց սկսել Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ ցեղասպան Ադրբեջանի ղեկավարի և նրան հանցակիցը եղած ՀՀ վարչապետի հանդեպ: Այսօր 2 գործ ունենք հանձնելու դատախազությանը, միևնույն ժամանակ հասկանալով, որ մեր երկրում որևէ ինստիտուտ չի ծառայում պետությանը, այլ ծառայում է քաղաքական իշխանությանը, այլապես մինչ այսօր հանցագործությունների շղթան գնահատական կստանար նաև իրավական դաշտում: Երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական»,- հավելեց Բագրատ Սրբազանը։

Զառա Մայիլյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest