Reuters-ը հայտնեց, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան, այդ թվում՝ ադրբեջանական թերթերից մեկի դեմ:  NEWS.am-ին հաջողվեց կապ հաստատել փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը և  որոշ մանրամասներ հայտնեց:

«Տեղեկությունը ճիշտ է: Ադրբեջանում ավելի քան մեկ տարի կալանքի տակ պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը Ռուբեն Վարդանյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող հրապարակումների համար հայց է ներկայացրել  Բաքվի դատարան՝ ադրբեջանական ռուսալեզու «Бакинский Рабочий» լրատվամիջոցի դեմ:  Սա միակ լրատվամիջոցն է, որի տպագիր տարբերակը  հասանելի է Բաքվի բանտում  պահվող բանտարկյալներին, և որի բազմաթիվ հրապարակումներում Վարդանյանին վերագրվում են շինծու մեղադրանքներ:

Այդ երկրում մի կողմից ազատ լրագրողները ենթարկվում են ճնշումների, իսկ  մյուս կողմից պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները պատասխանատվություն չեն կրում ապատեղեկատվության ու զրպարտության համար: Մինչդեռ այս տարի հուլիսին խոսելով ապատեղեկատվությունից՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայատարարել էր,  թե «լրատվամիջոցների ներկայացուցիչներն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում, քանի որ նրանց լուսաբանումը շատ դեպքերում անդրադառնում է մարդկանց կյանքի վրա», ինչին էլ, իմ տեղեկություններով, հղում են արել փաստաբանները՝ իրենց համաձայնությունը հայտնելով այդ ձևակերպմանը:

Այս  իրավիճակում  Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավունքի բոլոր  նորմերով  իրավասու է  ի դիմել դատարան իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար:

Թեև ներպետական ընթացակարգերից առանձնապես մեծ սպասելիքներ չունենք, բայց  միայն դրանք սպառելուց հետո է հնարավոր դիմել  միջազգային ատյաններ»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest