Հոկտեմբերի 2-ի ՀՀ ԱԺ նիստում ընդդիմության կողմից առաջարկված և քվեարկության դրված Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցը մերժվեց ՔՊ խմբակցության քվեարկությամբ:

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին: Ըստ նրա՝ ՀՀ Կառավարությունը և կառավարող խմբակցությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել և մի շարք օրենսդրական կարգավորումներ ներդրել բռնի տեղահանված արցախցիների կենսագործունեության ապահովման, սոցիալական, բնակարանային աջակցության ապահովման և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ:

Ներկայացնելով ՔՊ խմբակցության տեսակետը, Հ. Կոնջորյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունն իր պատգամավորական գործառույթների շրջանակում օժտված է բոլոր լիազորություններով և լծակներով, որպեսզի անի հարցադրումներ, հարցապնդումներ՝ ստեղծելով աշխատանքային խմբեր, իսկ իրենք էլ պատրաստ են աշխատելու բոլոր ֆորմատներում:

«Եվ մենք,  լսելով հիմնական զեկուցողին, չտեսանք փաստարկված հիմնավորում, թե ինչո՛ւ են պետք այդ հարցերի պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ, հիմնավորումները մեզ համար բավականաչափ փաստարկված չէին, հետևաբար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը:

Նախագիծը զեկուցել էր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։  «Այն ինչ լսեցինք քաղաքական մեծամասնության կողմից, ընդամենը փորձ է հրաժարվել սահմանադրական պարտականությունների կատարումից: Եթե բավարար չափով հիմնավորումներ չեք լսել, դա չի նշանակում թե փաստարկված չէ: Հսկայական միջոցներ սփյուռքից և միջազգային կառույցներից հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար: Պառլամենտը պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն: Հիմա եթե չեք մասնակցելու, դուք տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական ձեր լիազորություններից»,-իր ելույթում ընդգծեց Մինասյանը:

Խնդրի առնչությամբ մեզ հետ զրուցեց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի տնօրեն Մարգարիտա Քարամյանը։ Նրա կարծիքով ՔՊ-ի՝ վերոնշալ նախագծին դեմ քվեարկելը արտառոց չէ։ ՔՊ խմբակցությունն առերևույթ հայտարարել էր, որ Արցախի թեման իրենց համար փակված է։ Նույնիսկ ամենաբարձր ատյանից՝ ՄԱԿ-ից են հասկացրել, որ իրենք երբևէ Արցախի և արցախցիների խնդիրներով չեն զբաղվելու։

«Նախագծի մերժումը կանխատեսելի էր։ Շուտով կավարտվի նաև արցախցիներին տրամադրված փախստականի կարգավիճակի մեկ տարվա ժամկետը ու հայտնի չէ՝ այն երկարաձգվելու է, թե՝ ոչ։ Ավելի դյուրին կլիներ ասեին, որ արցախցիների ոչ մի խնդիրներով չեն զբաղվելու, որ դիմեինք ՄԱԿ-ին, միջազգային այլ կառույցներին ու երկրներին՝ մեզ տեր կանգնելու համար։ Իհարկե, չենք ուզում դիմել նման քայլի ու փաստացի բողոքել ՀՀ-ից։ Իսկ առաջարկվող բնակապահովման ծրագիրը ֆիասկո է ապրել ու գաղտնիք չէ, որ նախատեսված գումարներով հնարավոր չէ շուկայական ներկայիս պայմաններում բնակարան ձեռք բերել։ Դա անիրական ծրագիր է»,-նշեց Մ. Քարամյանը։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ եվրոպական կառույցների ներկայցուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ անընդհատ բարձրացրել են արցախցիների խնդիրների լուծման համար հատկացված գումարների նպատակաուղղվածության հարցը։ Սակայն վերջիններս իրազեկել են, որ հասարակական դաշտի հետ չեն կարող աշխատել, այլ միայն կառավարությանն են փոխանցում գումարը։ Միջազգային հանրությունն էլ այդ ամենը համարում է մեր երկրի խնդիրը և չի կարողանում պարտադրել տրամադրված գումարների մասով հաշվետվություն։

«Պահանջել ենք իրենց կողմից աուդիտ կատարել, որովհետև ռեալ ոչ մի ծրագիր չի իրականացվում։ Իսկ ՔՊ-ն կատարում է ռուս-ադրբեջանական տանդեմի պարտադրանքները, այն է՝ Հայաստանում փախստականներ չպետք է լինեն, որովհետև եթե  այդ խնդիրը բարձրանա, Ռուսաստանն ու Ադրբեջանը կճանաչվեն օկուպանտ, որոնք անեքսիայի են ենթարկել Հայաստանի մի մասը։ Ադրբեջանի պարտադրանքով փորձ է արվում  փոխել նաև ՀՀ սահմանադրությունը, որտեղ ամրագրված է, որ Արցախը համարվում է ՀՀ-ի մաս։ Սակայն փախստականների խնդիրը ոչ միայն արցախցիներին, այլև Հայաստանին է վերաբերում ու Ադրբեջանն անընդհատ տարածքային պահանջներ է ունենալու Հայաստանից»,-պարզաբանեց մեր զրուցակիցը։

Նրա մեկնաբանությամբ՝ Հայաստանի իշխանությունները ցույց են տալիս, որ չեն զբաղվելու արցախցիների խնդիրներով, ինչից կհետևի ՄԱԿ-ի սանկցիաների կկիրառումը ՀՀ- ի դեմ։ Դեռևս 1951թ. ՀՀ- ն միանալով միջազգային կոնվենցիային՝ պարտավորվել է զբաղվել փախստականների խնդիրներով ու այժմ արցախցիների հարցերի շրջանցումը խնդիր է դառնալու հենց ՀՀ- ի համար, քանի որ միջազգային օրենք է խախտում։

«2020թ.-ից հետո երբ Հադրութը, Շուշին, Քարվաճառը, Քաշաթաղը օկուպացվեց,  տեղահանվածների համար 200 մլրդ դոլարի սահմաններում գումար են հատկացրել Արցախին, իսկ  հիմա Ամերիկան 250մլն հատկացրեց, ինչը շատ քիչ է։ Արցախցիներին առաջարկում են 5մլն-ի դիմաց բնակվել այն գյուղերում ու շրջաններում, որոնք դելիմիտացիայով պատրաստվում են հանձնել։ Արցախցիների կարգավիճակն օգտագործում են փողերի լվացման սխեմաներ ստեղծելու համար։  Հիմա ՀՀ-ում ո՞ր դատարանի դիմես, որ վարչապետի կարգադրությունը չեն կատարի և մեր խնդիրներին լուծում կտան։ Հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը կհայտարարի, որ այս երկիրը չի կատարում իր պարտականությունները և կպահանջի կիրառել սանկցիաներ։ Իսկ դա կործանման կտանի Հայաստանը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ այժմ Ադրբեջանը ներկայացրել է նոր մեղադրանք, որ իրենց օգնությամբ Հայաստանը հանքերն է շահագործել և հիմա դրա դիմաց պետք է 100 մլրդ փոխհատուցեն կամ հողեր տան»,-հավելեց Մարգարիտա Քարամյանը։

Նշենք, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակը Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությունն է, կարիքների գնահատման համակարգի վերլուծությունը և իրականացվող ծրագրերի միջև անհամապատասխանության փաստերի արձանագրումն ու լուծումների առաջարկը։ ՔՊ-ն դեմ քվեարկեց և նախագիծը չընդունվեց:

Զառա Մայիլյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest