Նունե Գրիգորյանը 24 տարի երաժշտություն է դասավանդել Արցախի Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի դպրոցում ու մանկապարտեզում։ «Մենք միշտ անցնում էինք հայրենասիրական երգեր, պանդխտության երգեր, բացատրում էի երեխաներին, թե դրանք որ երգերն են։ Ճիշտն ասած, երեւի նախկինում ես էլ այդ ամենը լիարժեք չէի զգում։ Բայց 2020-ից հետո, երբ մենք մեր կաշվի վրա զգացինք, երբ կորցրինք Շուշին ու Հդրութը, ինքս լինելով ուժեղ կամքի տեր մարդ, շատ լացել եմ ու ամեն ինչ ավելի խորը հասկացել… Իսկ հիմա՝ բռնի տեղահանությունից հետո այդ ամենը հենց մեր մասին է»,- պատմում է նա։
Բռնի տեղահանությունից հետո կինը իր ընտանիքի հետ բնակություն է հաստատել Արմավիրի Բաղրամյան գյուղում եւ արդեն մի քանի ամիս է երաժշտություն է դասավանդում տեղի մանկապարտեզում։ Գրիգորյանը նշում է, որ աշխատանք գտնելն իր համար շատ կարեւոր է եղել.«Առանց աշխատանք չէի կարողանում ապրել, մտածում էի, որ ցանկացած բան կանեմ՝ ժինգյալով հաց կթխեմ, լավ թխվածք եմ պատրաստում, դա կանեմ, բայց ընթացքում սկսեցի հետաքրքրվել ու փորձել իմ մասնագիտությամբ աշխատանք գտնել»։
Հիշելով մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերը, տիկին Նունեն պատմում է.«Ամսի 19-ին աղջկաս հետ տուն էինք գնում, արկերի ձայներ լսեցինք։ Դասերն ավարտվել էին, դպրոցից երեխաները տուն էին գնում։ Բոլորը սկսեցին վազել… ահավոր վիճակ էր։ Բարեկամի տուն մտանք։ Աղջկաս ասացի, որ մնա, ես գնամ դպրոցից տուն գնացող երեխաներին հավաքեմ տուն հասցնեմ։ Այդ ժամին տարրական դպրոցի երեխաներն էին դրսում։ Բոլորին հավաքեցի, խառնաշփոթ էր, ծնող կար մի ճանապարհով էր գալիս, երեխան այլ ճանապարհով էր գնում… մի խոսքով, շատ դժվար էր։ Բոլոր երեխաներին հասցրի ծնողներին ու գնացինք տուն… Այդ օրը մեզ համար մեկ ամսվա պես երկար էր։ Արդեն կապ չկար, ինտերնետ չկար։ Միակ տեղը, որտեղ հնարավոր էր կապ ունենալ գյուղի գերեզմանն էր, որը շատ բարձր էր։ Բարձրացանք գերեզմանների մոտ, ամբողջ գյուղն այնտեղ էր, բոլորը զանգում էին հարազատներին, երեխաներին, պարզվեց, որ գյուղն արդեն երկու զոհ ունի, նոր զորակոչված երկու տղաները»։
Գրիգորյանի խոսքով, օրվա մեջ էլ որեւէ լուր իմանալու համար մարդիկ տանից տուն էին գնում։ Ամսի 20- ին համայնքապետն ասել է, որ պետք է մի քանի անհրաժեշտ բան վերցնել ու գնալ օդանավակայան։ Ճանապարհին պարզ է դարձել, որ օդանավակայանում արդեն շատ մարդ կա, որ հնարավոր չէ այնտեղ տեղավորվել։ Գրիգորյանը գնացել է Ստեփանակերտում իր հայրական տունը, սակայն մի քանի ժամ անց վերադարձել է գյուղ։
«Այդ տարի առաջին անգամ արտն էինք վարել, ցորեն, ալյուր ունեինք։ Հաց թխեցի, քաղաքում ոչինչ չկար։ Սառնարանում եղածը պատրաստեցի։ Գյուղում արդեն մարդ չկար, մութ էր, լույս չկար, շատ վախենալու էր։ Հետո գնացինք Ստեփանակերտ, հացն ու ալյուրը բաժանեցի մարդկանց»,- պատմում է նա։
Ավելի ուշ ամուսինը եւս վերադարձել է գյուղ՝ տանից մի քանի իր վերցնելու եւ տունը վերջին անգամ նկարելու։
«Ամուսնուս խնդրել էի, որ բազկաթոռի վրայի ծածկը բերի։ Հիմա այստեղ դրանք են փռած, նայում եմ, տանս կարոտն եմ առնում»,- ասում է կինը եւ ավելացնում, որ ինչպես Խնձորիստանում, այնպես էլ Բաղրամյանում՝ երեխաներին երաժշտություն դասավանդելը իր համար ամենամեծ առաքելությունն է։
Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։