Հետաքննող լրագրող Լինդսի Սնելի հարցազրուցը “Ազատության” հետ

 -Երբ այսպես կոչված «բնապահպանները» հայտնվեցին Շուշիի մոտ, Ձեզ համար արդեն պա՞րզ էր, որ դա հանգեցնելու է Ղարաբաղի կորստին: Անկեղծ ասած, Հայաստանում որևէ մեկը չէր հավատում դրան:

-Ո’չ, սկզբում դա նույնիսկ չէր անցնում մտքովս: Անշուշտ, նշաններ կային, որ մեծ բան է սպասվում, քանի որ հարձակմանը նախորդող օրերին ադրբեջանական պետական լրատվամիջոցները սկսել էին շրջված A տառի նման նշաններ տարածել: Ինչը կարծես ցույց էր տալիս Ադրբեջանի, Նախիջևանի և Ստեփանակերտի միջև կապը: Նշաններ կային, որ ինչ-որ բան է սպասվում: Ես սպասում էի, որ միգուցե Ադրբեջանը ավելի շատ զիջումներ կպահանջի, չէի կարծում, որ դա կլինի Արցախի ամբողջական կորուստը:

– Անցյալ տարի այս օրը Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա` մի քանի օրում բռնի տեղահանելով հայերին: Ինչպես կարձագանքեք Բաքվի պնդմանը, որ նրանք իրենց կամքով են հեռացել:

-Դա լրիվ աբսուրդ է: Նախ, որովհետև Ադրբեջանը ռազմական հարձակում է գործել ու նրանք հարձակվել են ոչ միայն ռազմական օբյեկտների վրա, այլ նաև քաղաքացիական վայրերի: Ես խոսել եմ օրինակ Մարտակերտից մի ընտանիքի հետ: Մայրը ծանր վիրավորում էր ստացել ադրբեջանական հրետակոծությունից: Ծանր վիրավորվել էր նաև 13-ամյա որդին: Նա տասնյակ վիրահատությունների կարիք ուներ, իսկ 16-ամյա որդին զոհվել էր ադրբեջանական գնդակոծությունից: Այս մարդիկ փախչում էին` փրկելու իրենց կյանքը: Զրուցել եմ շատ այլ արցախցիների հետ, որոնք պատմում էին, որ ադրբեջանցի զինվորներն իրենց ահաբեկել էին ճանապարհին, երբ նրանք փորձում էին հավաքել իրերն ու հեռանալ: Կարծում եմ, թեկուզ միայն այն իրերի, հատկապես արժեքավոր իրերի քանակը, որ մարդիկ ստիպված էին եղել թողել, որովհետև այդքան շատ էին ցանկանում դուրս գալ իրենց կյանքը փրկելու համար, շատ պարզ է դարձնում, որ սա կամավոր տարհանում չէր:

-Այո’, բայց մյուս կողմից ադրբեջանական հեռուստաալիքներն այդ օրերին Լաչինի միջանցքում նկարահանում էին հայերին, լրագրողները հարցեր էին տալիս: Հիմա այդ պատասխանները ներկայացվում են որպես ապացույց, որ հայերը կամովին են գաղթել:

-Կարծում եմ, որ ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները, որոնք այնտեղ էին, ուղղակի կապված էին կառավարության հետ: Նրանց հետ զինվորներ են եղել, ադրբեջանցի ոստիկաններ: Հայերը փախչում էին իրենց կյանքը փրկելու  համար, նրանք սարսափած էին: Նրանք ամեն ինչ էլ կասեին, որը թույլ կտար նրանց ապահով դուրս գալ այնտեղից: Այնպես որ չեմ կարծում, որ փախչող մադկանց հետ հարցազրույցները կարելի է այլ կերպ ընկալել:

-Դուք այժմ էլ ակտիվ հետաքննում եք, թե ինչ է կատարվում Ղարաբաղում: Վերջին մեկ տարում շա”տ է վնասվել հայերի նյութական ժառանգությունը:

-Անշուշտ, դա հիմնականում ամեն հայկական բանի վերացումն է: Ադրբեջանական լրատվամիջոցներն ամեն օր ցուցադրում են տեսանյութեր Արցախից, բայց այն, ինչ նրանք ցույց չեն տալիս և այն, ինչ մենք սկսել ենք տեսնել միայն հիմա, երբ քաղաքացիական անձինք սկսել են գնալ այնտեղ և իրենք նկարել և հրապարակել այդ կադրերը, այն է, որ Ստեփանակերտի փողոցներում թափված են հայերի տների իրերը: Բազմաթիվ բիզնեսներ, հայկական ռեստորաններ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին, որոնք դրանք իրենցով են արել: Կարծում եմ, որ դա ամբողջական զտում է:

-Որքա՞ն իրատեսական են հայերի վերադարձի սպասումները` ադրբեջանական պայմաններով:

Կարծում եմ, որ եթե նույնիսկ հայերն ունենային անվտանգության երաշխիք, որը ներկայումս գոյություն չունի, հարկ կլինի հարցնել, թե ինչու են վերադառնում, որովհետև ամեն մի տուն մաքրված է և այդ տներն արդեն նախատեսված են ադրբեջանցի վերաբնակիչների համար: Բազմաբնակարան շենքերը վերածվում են ադրբեջանցի ուսանողների համար հանրակացարանների: Այնպես որ, եթե հայերը վերադառնալու անվտանգության երաշխիքներ ունենային, պարզ չէ, թե իրականում ինչու պիտի վերադառնային…

-Ձեզ հաջողվե՞լ է որևէ բան պարզել հայ գերիների մասին:

-Ադրբեջանցիները շատ լուռ են գերիների վիճակի մասին: Նրանք նախապես հայտարարում էին, որ գերիների հետ հարցազրույց են արել, բայց դրանք չհրապարակվեցին և հասկանալի չէ, թե ինչու:

-ՀՀ ԱԳՆ չէր բացառել, որ նոյեմբերին կայանալիք կլիմայական համաժողովից հետո Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Այդ նախապատրաստությունների վերաբերյալ հրապարակային փաստեր կա՞ն:

Լրիվ հավանական է, որ Ադրբեջանը կսկսի նոր հարձակում, կամ հարձակումներ հիմա: Տեղեկություն է հայտնվում, թե իբր Հայաստանը խախտել է հրադադարը, այնինչ` Հայաստանը նման բան չի արել:

-Երբ ասում եք` կանեն այն, ինչ ծրագրում են, նկատի ունեք Զանգեզուրի միջանցքի բացո՞ւմը:

Դա է ավելի ու ավելի վկայում ադրբեջանական հռետորաբանությունը: Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ նրանք անընդհատ ասում են, որ նախ Հայաստանի սահմանադրությունը պիտի փոխվի և դա առաջնային պայման է: Նույնիսկ նախագահ էրդողանն էր ասում, որ իրականում Զանգեզուրի միջանցքն է խաղաղության նախապայմանը: Երբ Ադրբեջանը ստանա այն, ինչ պահանջում է, այլ բան առաջ կքաշի:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest