Արցախի անկումից մեկ տարի անց՝ այսօր, ամերիկյան Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ էին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի թույլ տված խախտումների թեմայով։
Ելույթ ունեցող կոնգրեսականները համակարծիք էին, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է ավելի վճռական լիներ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները պաշտպանելու հարցում։
Հանձնաժողովի համանախագահ Քրիսթոֆեր Սմիթը Արցախի 9-ամսյա շրջափակումն ու Ադրբեջանի ռազմական հարձակումը ցեղասպանական որակեց։
«Սրա համար պետք է պատասխանատվության ենթարկվողներ լինեն, քրեական հետապնդումներ լինեն, օրինակ՝ Միջազգային քրեական դատարանում։ Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, և այս հարցը մենք պետք է առաջ տանենք, որպեսզի պատասխանատվության կանչենք այս հանցագործությունները կատարածներին, նրանց թվում՝ անձամբ Ալիևին։ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է հստակ դատապարտի մարդու իրավունքների նմանօրինակ խախտումները՝ անկախ նրանից ովքեր են իշխանության՝ դեմոկրատները, թե հանրապետականները։ Շատ եմ ցավում, որ Միացյալ Նահանգները չառարկեց COP29-ը Բաքվում անցկացնելու Ադրբեջանի հայտին», – ասաց ամերիկացի օրենսդիրը՝ ընդգծելով, որ Արցախի հայերը պետք է իրենց հայրենիք վերադարձի հնարավորություն ստանան։
Կոնգրեսականների առջև վկայություն տվեց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, մանրամասն պատմեց ադրբեջանական բլոկադայի ընթացքում մարդկանց զրկանքների, սովի, հարձակման, տեղահանության մասին։
«Բլոկադայի ժամանակ ես երեք ամիս չէի կարողանում վերադառնալ տուն, ես մարդու իրավունքների մի պաշտպան էի, որը չէր կարողանում գնալ իր ժողովրդի մոտ՝ նրա իրավունքները պաշտպանելու։ Մենք բռնի տեղահանվեցինք մեր տներից բոլորի աչքի առաջ, ռուս խաղաղապահների աչքի առաջ, որ եկել էին Արցախ 2020-ին՝ խաղաղություն ապահովելու։ Միացյալ Նահանգների աչքի առաջ, որը հարձակումից մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, թե չի հանդուրժի Արցախի դեմ ևս մեկ հարձակում։ Եվրամիության աչքի առաջ, որ բանակցում էր մեր «իրավունքների ու անվտանգության» հարցն Ադրբեջանի հետ», – ասաց Ստեփանյանը։
Արցախի օմբուդսմենը նաև առաջարկներ ներկայացրեց միջազգային հանրությանը՝ տեղահանված Արցախի հայերի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։
«Ապահովել պատշաճ միջազգային աջակցություն բռնի տեղահանված մարդկանց համար։ Սահմանափակ ռեսուրսներ ունեցող Հայաստանի կառավարության տրամադրած աջակցությունը բավարար չէ՝ լուծելու տեղահանվածների կարիքները, ինչի պատճառով հազարավոր մարդիկ աղքատության մեջ են ապրում, նրանք բախվում են բազմաթիվ սոցիալական, այդ թվում՝ գլխին տանիք ու արժանապատիվ աշխատանք ունենալու խնդրին։ Ադրբեջանի դեմ պետք է թիրախային պատժամիջոցներ կիրառվեն՝ Հայաստանի և Արցախի դեմ հարձակումների ու ռազմական հանցագործությունների համար», – հայտարարեց Արցախի օմբուդսմենը:
Ստեփանյանի խոսքով՝ պետք է ջանքեր գործադրվեն հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ: «Մենք տեսնում ենք, որ իրավական գործիքները բավարար չեն, միայն միջազգային ուժեղ ճնշումը կարող է ստիպել Ադրբեջանին ազատ արձակել ապօրինի պահվող անձանց ու տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների մասին», – ընդգծեց նա:
«Անհրաժեշտ է նաև վստահելի միջազգային հարթակ ստեղծել՝ քննարկելու արցախցիների հավաքական, արժանապատիվ, ապահով վերադարձը՝ միջազգային պաշտպանության ներքո։ Այս հարցը ներառված չէ հայ – ադրբեջանական բանակցությունների օրակարգում, ինչն անընդունելի է», – ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: