Արցախից բռնի տեղահանված 63 տարեկան Նաիրա Եղիանը իր պայուսակում պահում է ամուսնու այրված անձնագիրն ու վարորդական իրավունքը։ Դա այն ամենն է, ինչ հայտնաբերվել է Ստեփանակերտում բենզալցակայանի պայթունից հետո։ Ամուսինը՝ 65-ամյա Նիկոլայն Սաղիանը պայթյունից հետո այդպես էլ չի հայտնաբերվել, նա այն 21 անձանցից է ովքեր մինչ օրս համարվում են անհետ կորած։
Հիշելով սեպտեմբերի 19-ի դեպքերը, կինը պատմում է.«Եկել էր տուն, սեղան դրեցի, որ ուտենք, պատերազմը սկսվեց։ Վազեցինք, թաքնվեցինք նկուղում, հասկացանք, որ իսկական պատերազմ է։ Զգում էի, որ ինքը անհանգիստ էր, բայց չէր արտահայտվում, ինձ էր փորձում հանգստացնել։ Մինչեւ վերջ չէր ուզում քաղաքից գնար, սիրում էր Ստեփանակերտը… Իսկ այդ օրը վեջին պահին ասաց՝ դե պատրաստ կաց, գնամ մեքենան բենզին լցնեմ, գամ։ Գնաց ու չեկավ»։
Տիկին Նաիրան նշում է, որ պայթյունը ձայնը լսելուց հետո կարծել է, թե ամպրոպ է որոտացել.«Հետո հարեւանները սկսեցին բոլոր տների դռները ծեծել հարցնել, թե ով ինչ դեղ, յոդ ու այլ բաներ ունի, որ հավաքեն տանեն հիվանդանոց։ Ես միայն գիտեի, որ ամուսինս գնացել է, չի եկել, չգիտեի, որ հենց այդտեղ է գնացել, կասկածում էի, արդեն ամեն ավտոի ձայն լսելուց դուրս էի վազում, տեսնում էի՝ ինքը չի։ Հարեւաններս գնում- գալիս էին, ասում էին՝ գնում ենք, դու էլ արի, ասում էի՝ ես ոնց գնամ, ամուսնուցս լուր չունեմ, չեմ կարող հեռանալ»։
Մինչեւ վերջին պահը կինը հույս է ունեցել, որ ամուսինը ուր որ է կվերադառնա.«Ամուսնուս էի սպասում, չէի ուզում Ստեփանակերտից հեռանալ, բայց բոլոր հարեւաններս արդեն գնացել էին, մարդ չէր մնացել, հասկացա, որ ես էլ պետք է հեռանամ։ Ես համացանցում հայտարարություն տվեցի, որ հնարավորություն չունեմ քաղաքից դուրս գալու, ո՞վ կարող է օգնել։ Մի անծանոթ արձագանքեց։ Մեքենայում ինքն էր, մայրը, քույրը, եղբայրը… այդպես սեպտեմբերի 27ին եմ Ստեփանակերտից դուրս եկել, անծանոթ մարդու հետ։ Այդ ժամանակ մտքումս էլ չկար տանից մի բան հետս վերցնել։ Մի բան հագել եմ ու տանից դուրս եմ եկել… իմ ամեն ինչով լցված բնակարանից ոչինչ չեմ վերցել»։
Հասնելով Հայաստան, կինը ուղեւորվել է Երեւանում բնակվող իր բարեկամների տուն, որտեղ էլ մինչ օրս ապրում է։
Թոշակառու կինը անկեղծանում է, որ տառապում է էպիլեպսիայով, ունի առողջական բազմաթիվ այլ խնդիրներ, սակայն փաստացի մնալով միայնակ այլ գնալու տեղ չունի։ Նա իր ամուսնու երկրորդ կինն էր եւ իրենք երեխաներ չունեն։
«Սեպտեմբերից հետո ավելի վատ եմ զգում, էպիլեպտիկ պրիստուպները հաճախակիացել են, հիմա նույնիսկ տանից դուրս չեմ գալիս, քանի որ չգիտեմ, թե դրսում ինչպես կլինեմ ու արդյոք կկարողանամ տուն վերադառնալ։ Շատ ծանր է նման կարգավիճակով ապրելը… Ես հաշմանդամ թոշակառու եմ, մինչ այդ աշխատում էի Մամուլի գրասենյակում, թերթերի բաժանորդագրության հրահանգիչ, գանձապահ էի։ Ամուսինս վարսավիր էր, համատեղ վարորդ, տաքսի էր քշում։ Մեր սեփական վարսավիրանոցը, օֆիսը ունեինք քաղաքի մեջ ապրում էինք մեզ համար։ 26 տարվա ամուսիններ էինք… Ինքը շատ ուրախ մարդ էր, ինձ ծաղիկներ էր նվիրում, ոչ մի առիթ բաց չէր թողնում, ամեն տեղ գնալուց ինձ մի բան բերում էր, շատ ուշադիր էր։ Շրջափակման ամիսներին երկու հոգով հարմարվում էինք, դե երկու հոգով էինք»։
Կինը ասում է՝ անորոշության մեջ ապրելն ուղղակի անտանելի է, եւ ինքը դեռ հույս ունի, որ մի օր ամուսնուց կարող է լուր լինի. «Մեկ-մեկ մտածում եմ, գոնե վիրավոր լինի, բայց թուրքը վիրավորին մի տարի կպահի՞»։
Անի Գևորգյան
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։