Արցախյան գոյամարտում զոհվածի դուստր Անի Զաքարյանը ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում։ Նրա հայրը զոհվել էր 1994թ. մայիսի 13-ի Հրադարդարի օրը։ Ուսանողական տարիներին Ստեփանակերտում Անին ծանոթացել և սիրահարվել է Հենրիին։ 2015թ. նրանք ամուսնացել և բնակություն են հաստատել Ստեփանակերտում։ Ունեցել են երկու զավակ։ Հենրի Զաքարյանը 2021թ.-ից որպես պայմանագրային զինծառայող Հայկազովի զորամասի հրետանու դասակի հրամանատար էր։ 2023թ. սեպտեմբերի 19-ին ավագ լեյտենանտ Հ. Զաքարյանը Սարուշենի պաշտպանական դիրքերում էր։ Անին խնամում էր իր երկու անչափահաս որդիներին։
«2023թ. մեկօրյա պատերազմի նախօրեին՝ սեպտեբերի 18-ին, փոքր որդուս՝ Դանիելի ծննդյան 2-րդ տարեդարձն էր։ Շրջափակման ամենածանր փուլն էր, բայց երեխայիս սպասված ծննդյան տորթի բաղադրիչները մի կերպ հայթայթել էի և պատրաստել։ Ամուսինս այդ օրն իջավ դիրքերից և միասին նշեցինք փոքրիկիս ծնունդը։ Սակայն գիշերը համար 1 կանչով ամուսինս մեկնեց դիրքեր ու ես երեխաների հետ մնացի մենակ»,-վրդովված պատմեց 33-ամյա դեռատի կինը։
Անիի խոսքով՝ առավոտյան տան եղած-չեղածով սկսեց պատրաստվել դիմավորելու ամուսնու քույրերին ու ծնողներին՝ Դանիելի ծնունդը նրանց հետ էլ նշելու համար: Անիենց տունը քաղաքի ծայրամասում՝ Զորգե թաղամասում էր, և բարեկամները ոտքով երկար ճանապարհ պետք է անցնեին։
«Առաջին պայթյունից չհավատացի, որ պատերազմ է սկսվել։ Դուռը բացեցի և ականատես եղա մեր տան մոտ գտնվող հակաօդային պաշտպանության հենակետի պայթյունից գոյացած սև ծխին։ Հասկացա, որ պատերազմը սկսվել է։ Երեխաներին անմիջապես պառկեցրի մահճակալի տակ։ Իսկույն փորձեցի զանգել ամուսնուս, բայց կապ չկար։ Հարևաններիցս մեկը եկավ գրկեց երեխաներիս և իջեցրեց իրենց նկուղը։ Գիշերը նկուղում մնացինք։ Ամբողջ գիշեր աղոթում էի՝ ուշքս-միտքս ամուսինս էր, նրա մասին որևէ տեղեկություն չունեինք։Մեր թաղամասն այնքան մոտ էր պատերազմական գործողություններին։ Պայթյունների և արկակոծությունների ձայները շատ ուժեղ էին լսվում՝ կարծես մարտադաշտում լինես։ Փողոցի վերևի հատվածում հրետանին էր աշխատում ու թեկուզ գիտեինք, որ մերոնք են, միևնույն է՝ սարսափելի էր»,-հուզմունքով ներկայացրեց որբևայրի կինը։
Առավոտյան ժամը 6-ին Հենրին կարողացավ զանգել հորը։ Անիի ուրախությանը չափ ու սահման չկար։ Ամուսինը Սարուշենի դիրքերում շրջափակման մեջ էր։ Լուրը լսելուն պես պահեստազորի փոխգնդապետ Ն. Զաքարյանը մեկնեց որդու տեղակայման՝ Հայկազովի զորամաս և մինչև Հենրիի վերադարձը մի քանի օր մնաց այնտեղ։ Հենրին շրջափակումից վերադարձավ միայն սեպտեմբերի 23-ի գիշերը։
«Դրսում վառարանների վրա հաց էինք թխել, կերակուր պատրաստել և այդ գիշեր վերջապես տուն եկան սկեսրայրս ու Հենրին։ Գրկելով ամուսնուս, ասացի՝ «Գենա, մենք փրկվեցինք»։ Ի՜նչ իմանայինք, որ օրեր հետո տեղի կունենա ամենասարսափելին»,-լացակումած ասաց Անին։ Հենրին պատմեց կնոջը, որ լավ դիմադրել են և թշնամին կրել է բազմաթիվ կորուստներ։ Նրանք չէին կարող պատկերացնել, որ պետք է թողնեն ամեն ինչ ու լքեն հայրենիքը։ Հենրին հասցրեց տեսակցել Լուսաձորում բնակվող իր տատիկին և վերադարձավ շատ ուրախ, որովհետև ճանապարհին Այգեստանից կարողացել էր երեխաների ապուրի համար երկու հազ. դրամով՝ 2կգ գազար գնել։ Սակայն արդեն հստակ էր՝ պետք է պատրաստվեին տեղահանմանը։ Հենրին տեղեկանանալով, որ իրենց զորամասի բենզինի պահեստում վառելիք են տրամադրում՝ շտապեց այնտեղ։
«Պատրաստվում էինք սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան ճանապարհվել։ Վառելիքի հայթայթման համար երեքով՝ ամուսինս, նրա հորեղբոր տղան և փեսան մեկնեցին Հայկազով։ Սակայն տեղի ունեցավ վառելիքի պահեստի չարաբաստիկ պայթյունը։ Լսելով պայթյունի մասին շտապեցինք Հայկազով։ Այն ինչին ականատես եղա տեղում, միայն սարսափ ֆիլմերում էի տեսել։ Քաոսային իրարանցման մեջ ես ու սկեսրայրս իրար կորցրինք։ Մնացի Հենրիի հորեղբոր կնոջ հետ և մեզ չէին թողնում մոտենալ պայթյունի վայրին։ Շուրջբոլոր շտապօգնության մեքենաներ էին, որոնց անձնակազմը փորձում էր կրակե լավայից փրկել մարդկանց։ Անձրև ու ամպրոպ էր. մի դժոխք։ Որոշեցինք հետ դառնալ ու հիվանդանոցում նրանց փնտրել։ Այնտեղ ևս չէին թողնում ներս մտնել, սակայն հետնամուտքով խցկվեցինք հիվանդանոց։ Յուրաքանչյուր հիվանդասենյակի դիմաց «Գենա՜» էի կանչում ու սպիտակ սավանները բարձրացնելով փորձում գտնել ամուսնուս։ Բոլոր ջանքերս ապարդյուն էին…»,-հուզված պատմեց զրուցակիցս։
Հիվանդասենյակներից մեկում գտնվեց Հենրիի քրոջ ամուսինը, բայց Անիի ամուսինը՝ ոչ։ Երիտասարդ կինը վիրավորների ցուցակում էլ չգտավ ամուսնու անունը։ Հաջորդ օրերի փնտրտուքը ևս արդյունք չտվեցին։ Արդեն սեպտեմբերի 29-ին նրանք ստիպված պետք է տեղահանվեին։ Քաղաքից դեռ դուրս չեկած նրանց զանգել են Քննչականից և հայտնել, որ համարյա անվնաս գտնվել է Հենրիի հեռախոսը։ Մի պահ ընտանիքը հույս ունեցավ, որ Հենրին ողջ է։ Սակայն այն վերջնական մարեց, երբ նոյեմբերի 11-ին հաստատվեց ԴՆԹ-ի պատասխանը։ Կնոջ ասելով՝ Աբովյանի դիահերձարանից գողացել են Հենրիի ամուսնական մատանին, որովհետև լուսանկարներում երևում էր, որ նրա վերջույթներն էին այրվել և մատանին մատին էր։
Հենրի Զաքարյանը հուղարկավորվել է Չարենցավանում։ Անին երեխաների և իր ծնողների հետ այժմ ապրում է այդ քաղաքում և երեք սենյականոց վարձով բնակարանի համար վճարում 120 հազ.դրամ։ Արդեն երկու ամիս որպես հաշվետար աշխատում է Չարենցավանի ընկերություններից մեկում, սակայն աշխատանքի ընդունվելուց հետո իրեն հատկացվող նպաստը կտրել են։ Սկեսրայրն առողջական լուրջ խնդիրներ ունի, երկրորդ խմբի հաշմանդամ է։
«Ինչպես ես 3 տարեկանում, այնպես էլ տղաներս նույն տարիքում կորցրեցին հորը…։ Գոնե սգո օր չհայտարարեցին պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ Մենք սեպտեմբերի 25-ին ավելի շատ զոհ ունեցանք, քան սեպտեմբերի 19-ին։ Ոչ մի կարգավիճակ չտվեցին և նրանց պատերազմում զոհված չճանաչեցին»,-դառնացած նշեց 33-ամյա կինը։
Զառա Մայիլյան