Օգոստոսի 26–ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է պատիժը կրող դատապարտյալ, «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված 65–ամյա Աշոտ Կնյազյանը։
Քննչական կոմիտեից Forrights.am–ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ 155–րդ՝ «Սպանություն» հոդվածով։
Հարցին, թե ինչու, կոմիտեի խոսնակը պատասխանեց․ «Քրեական վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով․ հանկարծամահության բոլոր դեպքերով այդ հադվածով է վարույթ հարուցվում և ըստ քննության ընթացքում մահվան պատճառների, հանգամանքների վերաբերյալ ձեռք բերվող տվյալների հիման վրա վերջնական իրավական որակում և գնահատական է տրվում»։
Աշոտ Կնյազյանի դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Աշոտ կնյազյանը մի քանի անգամ դիմել էր վաղաժամկետ ազատման համար, բայց մերժվել էր։ Վերջին անգամ նա դիմել էր հունիսին։
Հիշեցնենք՝ Աշոտ ԿՆյազյանը մեքենայի վարորդն էր, որով Հոկտեմբերի 27–ի ահաբեկչության մասնակիցները զենքերը հասցրել էին Ազգային Ժողովի շենք։
Ըստ որոշ տեղեկությունների, Նաիրի Հունանյանը չափազանց մեծ ազդեցություն է ունեցել Աշոտ Կնյազյանի վրա, ճանաչել է նրան 20 տարուց ավելի և նույնսիկ իր որդու անունը դրել է Նաիրի, ինչը Կնյազյանը դատաքննության ժամանակ հերքում էր։
«Նրա վերաբերյալ մնացին մութ կետեր։ Մութն այն էր, որ նա ասել էր, որ զենքերը իր մեքենայով չեն բերել, բայց նման խոսակցություն եղավ, որ բերել են։ Բայց դատարանն այդպես էլ չպարզեց, թե ինչպես են այդ զենքերը իրականում հայտնվել Ազգային ժողովում։ Կասկածի տակ մնաց նույնիսկ այն, թե արդյոք իր մեքենայով են բերել, թե ««Ուազով»», որի մասին հիշատակվում է գործում», – ասոում է Հոկտեմբեր 27–ի ոճրագործության զոհ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։
Նա որպես տուժողի ներկայացուցիչ, դեմ է եղել Աշոտ Կնյազյանի վաղաժամկետ ազատմանը։
Դատաքննության ընթացքում Կնյազյանը ընդունել է որ «ակնկալելով եկամուտ, կատարել է օրենքով արգելված արարք, միջնորդել է զենքի առքուվաճառքին եւ ստացել արդյունքում իր բաժին եկամուտը՝ 1 լիտր դուխի»
Կնյազյանը ընդունել է նաև, որ ՌԱՖ մակնիշի իր ավտոմեքենայով տեղափոխել է զենքերի մի մասը, սակայն չի իմացել, որ ինքը ներգրավված է ահաբեկիչների խմբում։
Քրեակատարողական ծառայությունից Աշոտ Կնյազյանի մահվանն առնչվող հարցմմանն ի պատասխան Forrights.am–ին հայտնեցին հետևյալը․ «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը, որի պատճառը նախնական՝ հանկարծամահությունն է եղել»։
Ըստ ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանի, Կնյազյանի հարազատները նրան այցելում էին, սակայն նա տեղյակ չի, ուներ արդյոք վերջինս առողջական խնդիրներ, թ՞ե ոչ, առաջարկեց դիմել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, իսկ այնտեղից հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, ասելով, որ քննություն է ընթանում և իրենք իրավասու չեն նման տեղեկություն հայտնել։
Այսպիսով, խորանում են մեր կասկածները, որ Աշոտ Կնյազյանին «օգնել» են մահանալ։
1999 թվականի Հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ահաբեկչության համար դատապարտված անձանցից ողջ են մնացել երեքը միայն՝ Նաիրին և նրա եղբայր Կարեն Հունանյանը և Դերենիկ Բեջանյանը։
Մյուսները մահացել են տարօրինակ հանգամանքներում։
Հիշեցնենք, որ ըստ 1999 թվականի Հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ դատավճռի, որը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերին, Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ Համլետ Ստեփանյանը՝ 14 տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներից մեկը՝ Նորայր Եղիազարյանը, մասնագիտությամբ էլեկտրիկ, մահացել էր էլեկտրահարումնից։ 2004-ին կալանավայրում կախվեց Հունանյանների քեռին՝ Վռամ Գալստյանը, իսկ 2010-ին իր անկողնում սրտի կաթվածից մահացավ Համլետ Ստեփանյանը։
Տարօրինակ զուգադիպությամբ՝ այդ ընթացքում մեկը մյուսի հետևից մահացան նաև վկաները։ Իր տան մոտ սպանվեց գործով վկա, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանը։ Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ Մուշեղ Մովսիսյանը, որին կալանավորել էին և հարցաքննել, մահացավ հիվանդանոցում, վիրահատվելուց հետո։
Վկա Հասմիկ Աբրահամյանը, որը ԱԺ անձնագրային բաժնի աշխատող էր, կախվեց աշխատավայրում։ Նախկին բուժաշխատող, վկա Ռոզա Հովհաննիսյանը մահացավ ԱՄՆ-ում։ Անցած տարի ԱՄՆ-ում մահացավ նաև Հանրային հեռուստատեսության թղթակից, լրագրող Տիգրան Նազարյանը։
Մահվան պաշտոնական պատճառը քաղցկեղն է։ Վերջինը այս շղթայում մանկաբույժ Էդուարդ Գրիգորյանն էր։ Մահից առ ժամանակ առաջ նրա նկարով Ֆեյսբուքում էջ էր հայտնվել, որտեղ դատապարտյալը գրառում էր կատարել և խոստացել էր, որ «շուտով» պատմելու է այն, ինչ «համառորեն և բավական փնթի ձևով փորձում են թաքցնել հասարակությունից»:
Մասնավորապես, առանձին անդրադառնալու է Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքներին։
Ինչպես հիշում ենք, Արմենակյանը մահացել էր ԱԺ միջանցքում, ոչ թե դահլիճում, և ոչ պաշտոնապես վարկած է շրջանառվում, որ նրան սպանողը ոչ թե Կարեն Հունանյանն էր, որը այդ պահին գտնվել է նիստերի դահլիճում, այլ մեկ այլ անձ, որը ազատության մեջ է և օգնել է Հունանյանի խմբին կատարել Հայաստանը գլխատելու դիվային ծրագիրը։ Կարճ ժամանակ անց այս գրառումը ՖԲ-ից անհետացավ։ Էդուարդ Գրիգորյանը լռեց։ Նրան վախեցրել էին՝ ասելով, որ եթե շարունակի, ապա նրա ընտանիքի անդամներին աշխատանքից կհանեն։ Մեր այս տեղեկությունը ստացել էինք հենց Էդուարդ Գրիգորյանից։ Նրան հաջողվել էր կապվել մեզ հետ և պատմել, որ իրեն ահաբեկում են։ Գրիգոևրյանը մահացավ սրտի նոպայից, իսկ նրա հայրը՝ Գարեգին Գրիգորյանը, մեզ հայտնեց, որ շտապօգնության մեքենան շատ ուշ են ներս թողել, որ մտնի «Նուբարաշենի» տարածք։ Նա համոզված էր, որ որդուն սպանել են, կամ թողել են, որ մահանա առանց բուժօգնության, ինչը նույնն է։
Ինչպես հայտնի է, պատժի կրումից 20 տարի անց Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, սակայն դեռ պատասխան չի ստացել։
2018 թվականից հետո հոկտեմբերի 27–ի գործի քննությունը շարունակվեց։ Դատախազությունը հաղորդեց, որ մի քանի տասնյակ անձինք են հարցաքննվել, առգրավվել են բազմաթիվ անձանց, նախկին պաշտոնյաների անձնական գործեր, ուսումնսիրվում են նյութեր։ Ի՞նչ փուլում է վերաբացված այս քննությունը։ ՔԿ–ից պատասխանում են, որ այդ վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Սյուզան Սիմոնյան