Արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամ 57-ամյա Արգեն Գրիգորյանը ծննդով Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է։ 1988թ. Արցախյան շարժման ժամանակ ծառայում էր Խորհրդային բանակում. զորացրվելով  վերադարձել է Արցախ և ընդգրկվել կազմավորվող ինքնապաշտպանական ջոկատներին։ 1992թ. մայիսի 10-ին ադրբեջանցիները օկուպացրել են իրենց հայրենի գյուղը և պատանդ վերցրել 4 հոգու, որոնցից մեկը Արգենի մայրն էր՝ Զինա Գրիգորյանը։ Առայսօր նրա մասին որևէ տեղեկություն չկա։ Ադրբեջանցիներն ավերել ու վառել են Ա. Գրիգորյանի ու հոր տները և նրանք տեղահանվելով բնակություն են հաստատել Ստեփանակերտի հանրակացարանում։ Այդ ժամանակ իր անդրանիկ որդին 9  ամսական էր։

1994թ. հայկական բանակի  ջախջախիչ  հաղթանակից հետո ադրբեջանցիները դիմել են փախուստի։ Նույն տարվա հունվարին Ֆիզուլիի շրջանի ազատագրման ժամանակ 26 տարեկանում Արգենը ստացել է բեկորային ծանր վնասվածք, ինչի հետևանքով ծայրատել՝ ամպուտացրել են նրա մի ոտքը, մյուսն էլ մի կերպ փրկել։ Նա 2 տարի 8 ամիս չէր կարողանում քայլել։ Այդ ընթացքում նրան  վիրահատել են 13 անգամ և նա սկսեց հենակների օգնությամբ քայլել։

1997թ. արդեն ազատագրված Սառնաղբյուրի իրենց տունը մասնակի վերականգնել են։ Արկադի Ղուկասյանի նախագահության ժամանակ Ա. Գրիգորյանին որպես Արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամ Ստեփանակերտում հատկացրել են բնակարան։ Կնոջ՝ Օֆելյա Գրիգորյանի հետ նրանք ունեցան 4 զավակ։

«Հայրս գյուղում էր բնակվում և մենք էլ՝ գնում-գալիս էինք, նորից տնևորվում։ Ընտանիքիս կարիքները հոգալու համար սկսեցի զբաղվել առևտրով, թոշակի հույսով չես կարող ապրել։ 2016թ. քառօրյայի ժամանակ որդուս և փոքր եղբորս ուղեկցել եմ Թալիշի պաշտպանական դիրքեր։ Այդ ընթացքում հայրս մահացավ։ Դժվար օրեր ու դաժանություններ շատ ենք տեսել։ Չարաբաստիկ 2020թ.-ին կնոջս ծնողներն ու մյուս հարազատները տեղահանվեցին Հադրութի շրջանի Հակակու գյուղից՝ թողնելով իրենց ողջ ունեծվածքը, իսկ  մեծ եղբայրս՝ Շուշիից։ Տղաս՝ Արայիկը, մասնակցել է երեք պատերազմներին, վիրավորվել և վիրահատվել։ 2021թ.-ից մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ն ապրել եմ մեր գյուղում։ Մինչև այսօր հետ-նահանջ ասելով եկել-հասել ենք Երևան»,-վրդովված ասաց մեր զրուցակիցը։

Ա.Գրիգորյանի որդին  2020թ.-ի 44-օրյա պատերազմին մասնակցեց առանց վարանելու։ Այդ ողջ պատերազմի ընթացքում միայն մեկ անգամ զանգեց ու մեկ օրով եկավ դեղորայք տանելու համար։ «Երկու ամսվա ընթացքում կարոտ էինք նրա մի զանգին ու ձայնին։ Ոչ կարողանում էի հաց ուտել, ոչ մի բանով զբաղվել։ Նկուղում բոլորն իրենց հարազատներից լուր ունեին, մենք՝ ոչ։ Ահավոր դժվար էր ինձ համար։ Իրավիճակն այնքան վատթարացել էր, որ մեզ ստիպեցին մեկնել Երևան։ Նոյեմբերի վերջն էր, հրադադար, բոլորն արդեն վերադառնում էին Արցախ, բայց մենք լուր չունեինք տղայիցս։ Օրերից մի օր, երբ հիվանդանոց էինք գնում տեսակցելու տեգորս տղային՝ մի զանգ եկավ, բայց չկարողացանք խոսել։ Երկրորդ անգամ ամուսինս վերցրեց հեռախոսը և լսվեց՝ «պապ…մի քանի օրից գալու եմ»։ Մեր ուրախությանը չափ ու սահման չկար։ Որոշ ժամանակ անց նա վերադարձավ բեկորային վնասվածքներով։ Երկու անգամ վիրահատվեց»,-հուզմունքով հավելեց կինը՝ Օֆելյան։

2023թ. սեպտեբմբերի 19-ին Ա. Գրիգորյանն ու իր կինը հայրենի գյուղում էին՝ Սառնաղբյուրում։ Առավոտյան ժամը 10-անց կես Հարավ գյուղի ուղղությամբ նրանք լսեցին առաջին արկի ձայնը։ «Փոքր եղբայրս զանգեց և հարցրեց՝ «վառելիք ո՞ւնես»։ Ես նման իրավիճակի համար պահում էի և անմիջապես լցրեցի ավտոմեքենաս ու կնոջս զգուշացրի, որ պետք է դուրս գանք։ Նա էլ գնաց հարևանի տուն և մի 40 րոպե չէր կարողանում վերադառնալ սկսված ուժեղ արկակոծության պատճառով։ Ամբողջ գյուղը հայտնվել էր անընդհատ արձակվող արկերի ու ականանետերի բեկորների տեղատարափի տակ։ Տղաների ասածով՝ իսրայելական արկեր էին։ Մի կերպ ՕՖիկը գալիս է և փորձում գոնե ոսկեղենը վերցնել տնից, սակայն չթողեցի՝ ասելով ո՞ւր ես գնում, հետ եկ, մայրս էլ է քեզ նման մտածել ու գերի մնացել։ Թուրքերն արդեն գյուղի սարի վրա գոռում էին։ Ասեցի՝ շուտ արա դարպասները բաց, ավտոմեքենան արդեն պատրաստ է։ Փորձեցի շարժվել՝ չստացվեց, շարժիչը չաշխատեց։ Պետք էր շուտափույթ դուրս գալ գյուղից, հո գերի չեմ մնալու. ինձ կմորթեին ու կկախեին։ Տեսել եմ  90-ականներին ինչեր են նրանք արել»,-պատմեց Ա. Գրիգորյանը։

Այդ ընթացքում նրան է մոտեցել հարևան Ծովիկ տատիկը և խնդրել նստել մեքենայի մեջ, հետո մյուսները եկան և գյուղից դուրս եկան ընդհանուր յոթ հոգով՝ հասնելով մինչև ՌԴ խաղաղապահների հենակետ։ Իսկ դիրքերում ընթանում էին մերձմարտեր։

Մազապուրծ փրկվելով նրանք հասան Ստեփանակերտ։ ՌԴ խաղաղապահները Ա. Գրիգորյանին փորձեցին ուղորդել դեպի Իվանյանի օդանավակայան, իբր իրենք են օգնել տարհանմանը, սակայն մեր զրուցակիցը պատասխանեց, որ ինքն է իր ընտանիքն ու հարևաներին տարհանել և պետք չէ կեղծարարություն անել։ Ականատես լինելով ռուսների անգործությանը արցախցիների պաշտպանության հարցում, Արգենն ու իր ընտանիքը հազարավոր արցախցիների նման  Ստեփանակերտից տեղահանվեցին սեպտեմբերի 25-ին։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիները հարցրել են Արգենի վիրավորման պատմության մասին, իսկ նա բացատրեց, որ Աֆղանստանի պատերազմի մասնակից է՝ ցույց տալով վկայականը։ Ազերիները չխոչնդոտեցին նրանց մուտքը ՀՀ։

Ա. Գրիգորյանն իր ընտանիքով այժմ վարձով բնակվում է Մասիսում։ Փաստաթղթային քաշքշուկներից հետո թոշակը սկսել է ստանալ միայն այս տարվա մայիս ամսից։ Դժվարություններ շատ ունեն։ Տան վարձը 200 հազար դրամ է, հողամաս չունեն, որ գոնե մշակեն։ Ամուսիններով չեն աշխատում։ Միայն աղջիկն է նորերս աշխատանքի ընդունվել էրեբունի բժշկական կենտրոնում։ Խնդիրներ շատ ունեն։ Արցախում կորցրել են չորս տուն և այժմ շաքարային դիաբետով առաջին խմբի հաշմանդամը ՀՀ-ում արցախցիներին առաջարկվող բնակապահովման ծրագիրն իրատեսական չի համարում։ Նրանք այլևս ի զորու չեն այդ հարցը կարգավորել և հուսով են՝ գոնե կգտնվեն բարերարներ իրենց կենսական և սոցիալական խնդիներին աջակցելու համար։

Զառա Մայիլյան

Մանրամասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest