Ֆրանսիայում դատարանը 48 ժամով երկարացրել է Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալման ժամկետը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը։

Գործակալությունը նշում է, որ ձերբակալությունը կարող է տեւել առավելագույնը 96 ժամ, որից հետո դատավորը պետք է կա՛մ ազատի նրան, կա՛մ մեղադրանք առաջադրի Դուրովին։

Bloomberg-ը գրել է նաև, որ Telegram-ի հիմնադրի կալանքը կարող է երկարաձգվել։ Նշվում է, որ ֆրանսիական օրենքների համաձայն՝ կալանքի ժամկետը կարող է ավելացվել միայն մեկ անգամ։

Ֆրանսիայի իշխանությունները Դուրովի գործի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։ Միայն Telegram-ի թիմն է հրապարակել իր մեկնաբանությունը։ Այնտեղ ասվում է, որ ընկերության գործադիր տնօրենը թաքցնելու ոչինչ չունի, որ նա հաճախ է շրջում Եվրոպայով, իսկ Telegram-ը համապատասխանում է ԵՄ օրենքներին, այդ թվում՝ թվային ծառայությունների մասին օրենքին։

«Աբսուրդ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու է այդ հարթակի չարաշահման համար», — ընդգծվում է կիրակնօրյա մեկնաբանության մեջ։ Այն նաև նշում է, որ ամբողջ աշխարհում մոտ մեկ միլիարդ օգտատեր Telegram-ն օգտագործում է որպես հաղորդակցության միջոց և կարևոր տեղեկատվության աղբյուր։

Օգոստոսի 24-ի երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիա ժամանելուն պես ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։ Նա հարցաքննվել է և բերման է ենթարկվել։ Դուրովը մասնավոր ինքնաթիռով ժամանել է Ադրբեջանից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest