Դեռևս հունիսի 21-ին հատուկ ջոկատայինների խումբը կոտրել է Երևանում Արցախի ներկայացուցչության դարպասները և առգրավել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։ Փաստասան Ռոման Երիցյանը պնդում է, որ այդ առումով քննչական որևէ գործողություն չի կատարվում։ ՀՀ քննչական կոմիտեի խոսնակը նշել էր, որ մեքենան էական նշանակություն ունի որոշ հանգամանքներ պարզելու համար։ Քննիչը Ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ մտել է ու ջարդել դարպասները, կանչել տարհանող մեքենա ու առգրավել։

«Միանշանակ պետք է դատարանի որոշում՝ ոչ թե մեքենան առգրավելու համար, այլ մեքենան կոնկրետ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքին հարող տարածքից առգրավելու համար անհրաժեշտ էր դատարանի որոշում», — նշել էր Ռոման Երիցյանը:

Իրավապահները մինչև հիմա ավտոմեքենան դեռ չեն վերադարձրել ու որևէ քննչական գործողություն չի կատարվում։

«Ընդհանրապես որևէ գործողություն չի կատարվում: Թմրանյութի իրացման շրջանակներում այդ մեքենան մեկ անգամ առգրավվել է, դատարանի որոշմամբ՝ խուզարկվել, քննությանը հետաքրքրող ոչ մի բան չի հայտնաբերվել ու վերադարձվել է», — նշել է Երիցյանը: Այս մեքենայի հետևից իրավապահներին  առաջին անգամ չհաջողվեց տանել, երկրորդ անգամ հատուկ ջոկատայինների օգնությամբ դարպասները կոտրելով տարան։

Շահրամանյանի մեքենան առգրավելու իրավաչափության վերաբերյալ փաստաբանը բողոք էր ներկայացրել դատախազություն։ Սակայն բողոքը չեն քննել, պարզվել է մեքենան առգրաված քննիչից էլ այլ քննիչներ են եկել տարել՝ այլ գործի համար, բայց չեն նշում՝ ինչի մասին է խոսքը։ «Ազատություն»-ը տեղեկացնում է, որ Քննչական կոմիտեից իրենց հարցմանը դեռ չեն պատասխանել, թե ի վերջո  Արցախի վերջին նախագահի ծառայողական մեքենան ինչ գործով են տարել։

Ռոման Երիցյանը գտնում է, որ քրեական գործը պատրվակ էր, Շահրամանյանին ծառայողական մեքենայից զրկում են քաղաքական դրդապատճառով։ Մեքենան առգրավելուց հետո Փաշինյանի հրաժարականը պահանջող Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելեց Շահրամանյանին ու իր մեքենայի բանալիները փոխանցեց։ Այժմ Շահրամանյանին Սրբազանի մեքենան է սպասարկում։ «Ուզեցի իմ մեքենան նվիրել պարզապես Ձեզ՝ մեր ժողովրդին ծառայության համար: Հստակ կերպով ուղերձ լինի այն մարդկանց, որոնք էդ չնչին, էժան կերպով փորձում են ճնշել որևէ ձևով», — ասել էր Գալստանյանը:

Փաստաբանը կարծում է, այս ամենը սկսվեց Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու պատճառով։ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը հաջորդեց Արցախի համայնքապետերի՝ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի ղեկավարների կալանավորումը՝ փաստաթղթեր կեղծելու ու համայնքային գույքը հափշտակելու մեղադրանքներով։ Նրանք ազատվեցին կալանքից, բայց վարչական հսկողությունը շարունակվում է։

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest