Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հունիսի 12 -ին տեղի ունեցած բախումների գործերով 14 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։
Ընդդիմության ցույցերի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր կան, որոնք ապացուցում են, որ այդ օրը մի քանի հազար ոստիկաններ են դուրս բերվել ցուցարարների դեմ, որոնք ծեծի են ենթարկել, բռնություններ են գործադրել, բիրտ ուժ և հատուկ միջոցներ են կիրառել նրանց նկատմամբ, մասնավորապես, արգելված «Զարյա -3>>։
Առողջապահության նախարարության տվյալներով ավելի քան 100 մարդ էր տուժել, նրանցից 57-ը ստացել էին բեկորային վնասվածք։ Ոստիկանական գործողությունները քննելու համար հունիսի 14-ին քրեական գործ էր հարուցվել, մեկ ամիս անց, սակայն, որևէ մեղադրյալ ոստիկան չկա։
Քննչական կոմիտեից հրաժարվեցին մանրամասնել նախաքննության արդյունքները, հայտնելով Forrights.am-ին, որ գործերը դեռ չեն ուղարկվել դատախազություն, և երբ որ կուղարկվեն, ՔԿ-ն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։
Դատախազությունից էլ հայտնում են, որ քրեական հետապնդումը շարունակվում է։
Ցուցարարներից շատերի շահերը ներկայացնող փաստաբան Ռուբեն Մելիքյանը պարզաբանում է Forrights.am-ի համար․ « Այս վարույթը իրականացրել են 85 քննիչներից կազմված քննչական խումբ, որը նաև շարունակում է քննել։ Իրենց սովորական պրակտիկան է՝ մաս են անջատել 14 հոգուց և ուղարկում են դատարան։ Սա չի նշանակում, որ կան այլ մեղադրյալներ։ Այլ մեղադրյալներ չկան, բայց միշտ այդպես են անում, վարույթը պահում են, որ եթե հայտնվեն այլ անձին, նրանք կարողանան այս վարույթի շրջանակներում հետապնդում իրականացնել։ Այս վարույթը չի վերաբերում ոստիկանների գործողություններին։ Կա առանձին վարույթ, որը վերաբերում է դրանց և որն առանձին քննչական խումբ է քննում»։
Փաստաբանը ձեռնպահ մնաց ավելի մանրամասն խոսելուց, քանի դեռ գործը չի ուղարկվել դատարան, սակայն նշեց իր նախնական տպավորությունը․ «Մեծ մասը անձինք են, որոնք, ըստ վարույթն իրականացնող մարմնի, ինչ որ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ»։
Նա օրինակ է բերում շատերին ծանոթ իր պաշտպանյալ Տիգրան պապիկի՝ 73 տարեկան Տիգրան Սարիբեկյանի դեպքը։ Ոտքերի տակ պայթյունից այլայլված ծերունու կադրերը, որոնք տարածվել են համացանցի ողջ հայկական տիրույթով, հունիսի 12–ի խորհրդանիշն են։
«Մարդու ոտքի տակ պայթյուն է տեղի ունեցել, և այդ շոկային վիճակում նա ականջը բռնում է, Թրամփի նման, ու այդ պահին գետնից մի բան է վերցնում ու նետում է առաջ։ Ակնհայտ է, որ այնտեղ ոստիկաններ չեն երևում, որ ոստիկաններին հասնելու շանս էլ չկա։ ՆԱ էլ ընդունում է, ասում ՝ փայտ էր ընկած, վերցրեցի, ջղայնությունից մի քիչ առաջ նետեցի, և ևս մի քանի նման դեպքեր։ Դատարկ շիշը նետում է քաղաքացին ոստիկանի ուղղությամբ, ոստիկանը վերցնում է ու ուրիշ քաղաքացու վրա է նետում։ Դատարկ շիշ է, ոչ մեկին է վնաս տալիս, ոչ մյուսին, բայց քաղաքացին կալանքի տակ է։ Հիմա հարց է առաջանում․ ինչո՞ւ նրան կալանավորել, իսկ ոստիկանին՝ ոչ։ Բա դա խուլիգանություն չի՞»։
Խոսքը ցուցարարներից Արմենակ Խաչատրյանի մասին է, որը, ըստ քննիչների, շիշը վերցրել է, նետել է ծառայություն րականացնող ոստիկանների ուղղությամբ, ապա դիմել է փախուստի։
Ռուբեն Մելիքյանին խնդրեցինք մեկնաբանել «Իրազեկ քաղաքացիներիմիավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի մի արտահայտություն, որը նա արել էր «F«aktor TV>> եթերում։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ հեռուստաբանավեճի ժամանակ Դանիել Իոաննիսյանը բառացիորեն ասում է․ «Ցուցարարները գրոհում էին ոստիկանության շարքերը, դա այլ կերպ չի անվանվում։ Փորձում էին ճակատից գրոհել, դա չստացվեց, հետո Սիրահարների այգու ֆլանգով գրոհեցին, դա մասամբ ստացվեց, ոստիկանական պաշտպանությունը սկսեց փլուզվել, դրան ի պատասխան ոստիկանությունը ստպված եղավ դիմել ավելի լայն խոցման հատուկ միջոցների՝ լուսաձայնային նռնակների ․․․ Ցուցարարները փորձեցին մոտենալ Դեմիրճյան փողոցին, որտեղ որ ոստիկանությունը կանգնած էր, մենք ունենք կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես մարդկանց խումբը Դեմիրճյանի վրա փորձում են ու կարողանում են ճեղքել ոստիկանների շարքերը։ Ոստիկանները մի քանի շարք էին կանգնած, բայց իրենք ինչ–որ առումով եռանկյունաձև, հին ժամանակների գրոհների պես, ո՞նց են դրանց ասում, երբ որ հրազեն չկար,․ այ տենց մխրճվել էին ու փորձում էին առաջ գնալ։ Գրոհը պոզով պոչով չի լինում»։
Հավանաբար, Դանիել Իոաննիսյանը նկատի ուներ հին հռոմեական լեգիոնների ռազմական գրոհի ժամանակ կիրառած շարային ձևերից մեկը, որը կոչվում էր խոզ, կամ վարազի գլուխ և որը խսիտ պոպուլյար էր այն ժամանակվա մարտարվեստում, բայց ամենևին ոչ մեր ցուցարարների մոտ, քանի որ անգամ ՔԿ հաղորդագրություններում ճեղքման այս ձևը չի նշվում։
Մեղադրանքներ մեջ Դանիել Իոաննեսյանի նշած ճեղքումը երևո՞ւմ է։
«Դանիել Իոաննիսյանը հայտնի է որպես գործող իշխանությունների արդարացման հիմնական գործառույն իրականացնող, և որևէ կերպ չեմ ուզում մեկնաբանել նրա խոսքը։ Ասեմ միայն, որ Դանիել Իոաննիսյանը շատ ավելի վատ դերակատարություն է իրականացնում Մարդու իրավունքների համար, քան նույնիսկ որոշ ՔՊ–ականներ, որովհետև նա ներկայանում է ՄԱրդու իրավունքների դիրքերից, բայց նրամ ոտիվացիան Մարդու իրավունքների հետ կապ չունի, այլ իշխող քաղաքական ուժի այլանդակություններչը արդարացնելն է միջազգային հանրության առջև», – ասաց Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանյան շուրջ երկու տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարությունտարածեցին՝ պնդելով, որ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների կիրառումը ոչ անհրաժեշտ և ոչ համաչափ էր։
Սյուզան Սիմոնյան