Եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը.«Ազատություն»
Տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին, Բրյուսելից փոխանցում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։
«Այժմ արդեն՝ անդամ 27 երկրների հավանությունից հետո, հարցը ֆորմալ հաստատման կդրվի ԵՄ Խորհրդում, ապա կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ է սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- բացատրում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը, հավելելով՝ առջևում տևական գործընթաց է սպասվում։
«Դա նշանակում է, որ կներկայացվեն կատարված քայլերի մասին ամենամյա զեկույցներ, որոնք կշարունակվեն մի քանի տարի։ Որոշ երկրների, օրինակ, Մոլդովայի դեպքում, պահանջվեց 3-ից 4 տարի, Վրաստանից՝ 5, Ուկրաինայից՝ 9։ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ շարունակվում են, այնպես որ ամեն մի երկիր տարբեր կերպ է անցնում այդ ճանապարհը։ Սա գործընթացի սկիզբն է, որն ավարտին հասցնելու համար ժամանակ կպահանջվի», — ասում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիրը։
Հայաստանի հարցով այսօր ընդունված որոշման մեջ նշվում է՝ վիզաների պահանջը կհանվի անհրաժեշտ բոլոր չափանիշների լիարժեք բավարարման դեպքում միայն։ Որպես կանոն, Բրյուսելն առաջադրում է չորս հիմնական պահանջ՝ սահմանների կառավարումից մինչև կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքար։
Սա հարյուրավոր էջերից բաղկացած ծավալուն պահանջների մի ցանկ է, որը Հայաստանը պետք է իրագործի, և դրա համար տարիներ կպահանջվեն։
Որպես կանոն, անհրաժեշտ գործողությունների այդ ծրագիրը կազմելու և ներկայացնելու համար, Յոզվյակի խոսքով, Բրյուսելից մոտ կես տարի է պահանջվում, բայց քանի որ հունիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններից հետո նոր Եվրահանձնաժողով դեռ չի ձևավորվել, ակնկալվում է, որ Հայաստանի դեպքում պահանջների այդ ցանկը կներկայացվի կա՛մ այս տարեվերջին, կա՛մ մյուս տարվա սկզբին։ Դրանք լիարժեք իրագործելուց հետո, սակայն, Հայաստանը ևս մեկ կարևոր խոչընդոտ պետք է հաղթահարի։
«Այս հարցում վերջնական որոշում կայացնելու իրավունք ունի երկու կառույց․ մեկը Եվրախորհդարանն է, որտեղ Հայաստանն անհրաժեշտ աջակցություն ունի, երկրորդն՝ անդամ երկրները։ Բոլոր 27-ը պետք է միասին իրենց համաձայնությունը տան, ինչը միշտ չէ, որ հեշտ է, քանի որ հիմա Եվրոպայում շարժում է սկսվել ապօրինի ներգաղթի դեմ», — պարզաբանում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիրը։
Նրա փոխանցմամբ, երկու տարի առաջ Վրաստանին վիզաների ազատականացում տալուց հետո կան բողոքներ, որ հանցավոր խմբերն են օգտվում դրանից, կամ որ Վրաստանի քաղաքացիները գալիս են այդ ճանապարհով, հետո փորձում Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալ։ Ուստի կան մի քանի երկրներ, մասնավորապես, Շվեդիան, Նիդեռլանդները, Ավստրիան, մեղմ ասած, շատ զգուշավոր են հավելյալ երկրների վիզաներից ազատելու հարցում։
Այս պահին անարգել՝ առանց վիզայի Եվրամիություն մտնելու հնարավորությունից օգտվում է 60 երկիր․ պահանջը մեկն է՝ այդ երկրի քաղաքացիները 180 օրվա ընթացքում առավելագույնն 90 օր կարող են անցկացնել շենգենյան գոտում։ Պահանջը շարունակաբար խախտելու, ինչպես նաև մյուս բարեփոխումները չշարունակելու դեպքում Բրյուսելը կարող է որոշումը վերանայել։
Կա նաև ազատականացումը դադարեցնելու մեխանիզմ, որն, օրինակ, հենց հիմա քննարկվում է Վրաստանի դեպքում, ասաց Յոզվյակը։
«Այսինքն, կարող եք ստանալ այդ արտոնությունը՝ տևական աշխատանքից հետո, կարող եք նաև կորցնել, և դա կարող է շատ արագ լինել։ Խոչընդոտները շատ են», — նշեց նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: