Հուլիսի 11-ին ՀՀ կառավարության շենքի մոտ՝ նիստի օրը, բողոքի ակցիա իրականացրեցին Արցախում 2023թ. սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների և հուղարկավորվածների հարազատները։ Մեկ անգամ չէ որ Արցախից բռնի տեղահանված ծնողները դիմել են ՀՀ պատկան մարմիններին՝ պահանջելով Ստեփանակերտում և շրջաններում հուղարկավորված իրենց նահատակների մարմինները արտաշիրիմում անել և տեղափոխել Հայաստան։
Ակցիայի մասնակցած կանանցից մեկը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ մի քանի անգամ դիմել էին Արցախի նախկին պաշտոնյաներին, որոնք էլ ասել էին՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնության են եկել, արտաշիրիմում կարվի ու կտեղափոխվեն մարմինները, բայց հետո չեղարկվել է։
«Տղաս՝ Արթուր Արզումանյանը զոհվել է 2023թ. սեպտեմբերի 19-ին։ Խնդրում ենք, պահանջում ենք արտաշիրիմում կազմակերպեն և մեր երեխաներին բերենք Հայաստան, որ գոնե մի ծաղիկ դնենք շիրիմներին։ Դիմել ենք Հայաստանի, Արցախի կառավարություններին, Կարմիր խաչին՝ անարդյունք։ Մնում է գնամ Գորիս, խնդրեմ սահմանը բացեն, փողով է, ինչով է, թուրքին խնդրեմ, թողնեն իմ երեխային բերել Հայաստան։ Վերջին հույսս դա է, այստեղ պետություն չկա»,- ասաց Բորիկ Արզումանյանը։
Բողոքի ակցիային մասնակցել են նաև սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզալցակայանի պահեստում տեղի ունեցած խոշոր աղետի՝ պայթյունի հետևանքով անհետ կորած 21 անձանց հարազատները։ Նրանք կարծում են, որ անհետ կորածները կարող են լինել գերեվարված ադրբեջանցիների կողմից։ Երկու տասնյակ մարդկանց մարմինները մինչև հիմա չեն գտնվել եւ նույնականացվել։ Նրանք դիմել են նաև միջազգային կազմակերպություններին, սակայն ոչ մի տեղից դրական կամ բացասական պատասխան չի տրվել։ «Կարծես ոչ ոք չի ուզում զբաղվել մեր խնդրով։ Բոլորն անտարբեր են։ Հոկտեմբերի 7-ին անհետ կորած Կարենի կողմից ունենք Շուշիից գրանցված զանգ ընկերուհուն։ Վերջինս այդ փաստը ներկայացրել է ԱԱԾ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Կարենի ծնողներին։ Մինչև հիմա Կարենի մոր հեռախոսը ԱԱԾ-ում է, բայց զանգն իրենց ասելով չեն կարողանում բացահայտել։ Խնդրում և պահանջում ենք, որ տեղեկություն տան մեր հարազատների մասին։ Մենք վստահ ենք, որ մեր տղաները ողջ են», -նշեց անհետ կորածի կինը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տեղեկություն կա, որ բենզալցակայանի պայթյունի տեղում աշխատել են նաև ադրբեջանական փրկարարական ծառայությունների ներկայացուցիչները։ Անհետ կորածների հարազատները հավաստիացնում են , որ պայթյունի տեղում գտնված բջջային հեռախոսները եւ փաստաթղթերը չեն պատկանել անհետ կորածներին։ Սակայն պաշտոնական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն տալիս։
Ակցիան շարունակվեց ավելի քան մեկ ժամ, սակայն կառավարությունից ոչ ոք չբարեհաճեց մոտենալ վշտալլուկ մարդկանց։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: