ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն կոչ են անում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին։

«Քանի որ այս շաբաթ Վաշինգտոնը հյուրընկալում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Միացյալ Նահանգները պետք է ապահովի, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր գործողությունների համար և չպարգևատրվի ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 հայերի էթնիկ զտումների համար։ Ամերիկան ​​պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և մերժի Ադրբեջանի ագրեսիվ պահանջները։

Սա նշանակում է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառել չարաշահումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Ըստ հայտարարության՝ քանի որ առաջնորդները հավաքվում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Բայդենի վարչակազմը պետք է երաշխավորի, որ Ադրբեջանը հետևի միջազգային օրենքներին, ներառյալ՝ հայ ռազմագերիների վերադարձը, մշակութային ժառանգության օբյեկտները պաշտպանությունը, միջազգային երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղում իրենց տները վերադառնալու՝ հայերի իրավունքը:

«Պատասխանատվությունը չափազանց կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- եզրափակում են կոնգրեսականները։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest