Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը` նորաստեղծ «Արցախ» ծրագրի շրջանակներում հունիսի 27-ին կազմակերպել է ինտերակտիվ պանելային քննարկում՝ «Ինքնապաշտպանություն Արցախում սեպտեմբեր 2023» խորագրով։ Քննարկման նպատակն էր` հրավիրված բանախոսների միջոցով անդրադառնալ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Արցախում ինքնապաշտպանության կազմակերպման իրական ընթացքին, ռազմական գործողությունների մասին ճշմարտությանը, ինչպես նաև արցախցիների առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին ու բռնի տեղահանման շուրջ փաստարկված տվյալներին։
Բանախոսները արցախյան տարբեր ոլորտների ներկայացուցիչներ էին, ովքեր կիսվեցին սեպտեմբերի 19-ի իրենց վերապրածով։
Ռազմական փորձագետ Գրիգորի Սահակյանն, անդրադարձավ սեպտեմբերի 19-ին Արցախում ստեղծված ռազմական իրավիճակին, պատասխանեց այն չարչրկված հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէր դիմադրել ու չկորցնել Արցախը։
- Մենք կարող էինք կռվել 2 օր, 3 օր, կարող էինք ճեղքել ու հասնել ՀՀ սահման, բայց արդյունքը լինելու էր նույնը, մարդկային կորուստները մի քանի անգամ շատ։ Պետք է նկատի ունենանք, որ 2020 թվականի 44-օրյաից հետո Արցախի պաշտպանական համակարգը արմատապես խախտված էր։ 2020 թվականից հետո Արցախի ՊԲ պետք է նոր պաշտպանական գիծ կառուցեր, որը ամեն կերպ ռուսների միջոցով խոչնդոտվում էր թշնամու կողմից, կամ էլ ուղղակի կրակ էր բացվում, եթե փորձ էր արվում դիրքերում ամրաշինական աշխատանքներ կատարել։ Եթե նախկինում դիրքերի միջև հեռավորությունը մինչև 150-200 մետր էր, 2020 թվականից հետո միջդիրքային հեռավորությունը հասնում էր 3-4 կմ-ի, որոշ տեղերում նույնիսկ մինչև 6-7։ Ճիշտ է, տեսահսկվում էր տարածքը, սակայն ռազմական գործողությունների ժամանակ դա արդեն էական նշանակություն չէր կարող ունենալ։ Ինքնապաշտպանական ուժերը ստեղծված ռազմական իրավիճակում զրկված էին խուսավարման հնարավորությունից, դրա համար ստիպված էին մինչև վերջ մարտնչել դիրքում։ Քարագլխի ու Սարի բաբի բարձունքները կորցնելուց հետո մեր վիճակն առավել խոցելի դարձավ։ Ճանապարհները վերահսկվում էր թշնամու կողմից և անգամ հնարավոր չէր դիրքեր օգնություն ուղարկել։ Չհաշված, որ 2022 թվականից ադրբեջանական զինուժը մարտական հերթափոխությամբ շուրջօրյա հետախուզում էր իրականացնում հետախուզական անօդաչուներով և մեր ամեն մի քայլը վերահսկվում էր։
Դրան գումարվում է նաև թշնամու թվային գերակշռությունը։ Ադրբեջանը սեպտեմբերին մեր զինուժի դեմ հանեց 3 բանակային կորպուս 18-25 հազար անձնակազմով, 1/10 հարաբերությամբ էր արցախցին կռվում։ Չհաշված զինատեսակներն ու ավիացիան։ Վերջինս մեր մոտ զրո էր։
Հիմա զուտ վիճակագրությամբ․ Ճարտարի ուղղությամբ Կոհակ բարձունքի մոտ թշնամին թողել է 580 դիակ, Հարավ գյուղի մոտ 200։ Մեծ կորուստներ է ունեցել Կարմիր շուկա, Շոշ, Չարեքտար, Նարեշտար, Մարտակերտ ու Ճանկաթաղ ուղղություններով։ Կես օրվա մեջ Ճանկաթաղի ուղղությամբ թշնամին 5 տեխնիկա էր կորցրել։ Ինձ ճիշտ հասկացեք, ես սա հերոսություն չեմ համարում, այլ այս փաստերը խոսում են այն մասին, որ սոված, հյուծված բանակն ու աշխարհազորը լուրջ մարտական գործողություններ են իրականացրել։ Ադրբեջանը ներկայացնում է 600 զոհ, մեր հաշվարկներով 1200-ից ավելի է։ Թշնամու կողմից շատ զոհեր տալու պատճառն այն էր, որ վատ եղանակային պայմաններում օդուժը չկարողացավ աշխատել, ստիպված էին զորքը օգտագործել։
Ճիշտ է, մենք էլ ենք ունեցել ծանր կորուստներ, ունեցել ենք դիրքեր, որի անձնակազմը ամբողջովին զոհվել է, մարտնչել են մինչև վերջ։
Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը հիշում է․
- 2020 թվականից հետո Մարտունին բաժանվել էր չորս թաղամասերի և եղած փոքր մարդկային ռեսուրսները բաշխվել էին ըստ այդ թաղամասերի, յուրաքանչյուր ոք գիտեր իր անելիքը ռազմական գործողությունների դեպքում։
Երբ ռազմական գործողություններն ու դրան զուգահեռ բնակավայրերի հրթիռակոծումը սկսվեց, դա այն ժամն էր, երբ դպրոցականները դասերն ավարտած տուն էին գնում։ Ու սկսվեց մի քաոտիկ իրավիճակ, խուճապահար երեխաներ, կապ բացարձակ չկար և հարազատները իրար տեղ ու վիճակ չգիտեին։ Մի քանի հոգով երեխաներին տեղափոխեցինք ապաստարաններ, որից հետո ես ոտքով շրջում էի բոլոր նկուղներով, գրանցում այնտեղ գտնվողներին ու այդպես շրջում ապաստարաններով ու այդ ցուցակները մի տեղից մի տեղ փոխանցում, որ ծնողներն ու առհասարակ մարդիկ իմանան թե իրենց հարազատը որտեղ է։
Մարտունու քաղաքապետ Ազնավուրի հետ պետք է բարձրանայինք դիրքեր, սակայն ինքը հանձնարարեց ինձ մնալ Մարտունիում ու փորձել անհրաժեշտության դեպքում լուծել պարենային հարցերը և քաղաքում առաջացած խնդիրները։ Ես նշեցի, որ մարդկային ռեսուրսների մեծ կարիք կար և 13-18 տարեկան երեխաները հիվանդանոցում ստիպված էին օգնել բժիշկներին, թե վիրավորներին օգնություն ցուցաբերելու և թե զոհերի աճյունները տեղափոխելու հարցում։ Պարոն Սահակյանը խոսեց Կոհակի մասին, ես ուզում եմ ասել, որ դա այն տեղամասն էր, որտեղ զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուրը, մեր տղաները կռվում էին տասնապատիկ ավել թշնամու դեմ։ Սկզբում մենք թաքցրել էինք քաղաքապետի զոհվելու լուրը, որովհետև վախենում էինք որ խուճապն ավելի մեծ չափեր կընդունի ու մարդիկ կհուսահատվեն։ Հաջորդ օրը, սեպտեմբերի 20-ին, ժամը 13-ին ռազմական գործողությունները պայմանավորվածության համաձայն դադարեցվեցին, սակայն հենց ժամը 13-ից մինչև 15-ը, այդ երկու ժամվա մեջ Մարտունին ավերվեց ու հիմնական զոհերը հենց այդ ժամանակ ունեցանք։
Այդ մղձավանջային օրերի, իմ համար ամենածանրը դա Ազնավուրի զոհվելն էր և այն, որ Ավոի արձանը փրկել չհաջողվեց։
Շրջափակման ամիսներին աստիճանաբար կաթվածահար էր լինում նաև առողջապահական համակարգը, մասնավորապես դեղամիջոցների հարցով։ Ստեփանակերտի ՀԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ Գրիգորի Առստամյանը ներկայացրեց այդ օրերին սպիտակ բանակի վարած կռիվը հանուն կյանքի և այն խնդիրները, որ կար համակարգում։
- Պատերազմը մեզ համար սկսվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ավարտվել 2023 թվականի սեպտեմբերի վերջին։ Մենք անընդհատ պայքարի մեջ էինք, որովհետև այդ միջանկյալ ժամանակաշրջանը այնպես չէ, որ հանգիտ էր, և մեզ համար հստակ էր, որ ռազմական գործողությունները անխուսափելի են, մանավանդ երբ սկսվեց բլոկադան, ու մենք սկսեցինք շատ զուսպ օգտագործել մեր հնարավորությունները։ Դեռ այդ ամիսներին Արցախում հիվանդները վառելիք, տրանսպորտ չլինելու պատճառով, բժշկի էին դիմում, արդեն երբ վիճակները ծանրացած էր, հիվանդը հյուծված և բուժումը ավելի շատ դեղամիջոցներ էր պահանջում։ Բայց գիտակցելով, որ ծանր օրերը դեռ առջևում են, մենք ժամանակին կարողացանք տարբեր խողովակներով գոնե առաջին օգնության դեղամիջոցներ բերել։
19-ի առավոտյան լսեցինք ընդհարումների մասին Հարավ գյուղի կողմից ու հիվանդանոցը բերեցինք մարտական գործողությունների վիճակի։ Բուժվող հիվանդներին, ում հնարավոր էր ուղարկեցինք տուն։ Օրվա երկրորդ կեսին արդեն 192 վիրավոր էինք ընդունել։ Սակայն ուզում եմ ասել, որ այդ օրը ավելի շատ վիրավոր ունեինք, բայց քանի որ դիրքերը, առանձին տարածքներ հայտնվել էին շրջափակման մեջ, վիրավորներին չէին կարողանում հասցնել հիվանդանոց, բերում էին մեկ, երկու օր անց, վիճակները ծանրացած։ Մի դեպք եմ ուզում պատմել, հերթական վիրավորին էին բերել, բուժքույրը սկսեց արագ–արագ շորերը արձակել, որ առաջին օգնությունը ցուցաբերենք, հասկացա, որ արդեն ուշ է, ու բուժքրոջն ասեցի՝ պետք չի արդեն։ Ու պարզվեց, որ բուժքրոջ եղբայրն է ու մի սահմռկեցուցիչ տեսարան էր, որ անհնար է մոռանալ։
Հատուկ ուզում եմ շեշտել, որ մեզ ահագին օգնեցին մեծ քանակով կամավորները, ովքեր նույնիսկ բժշկական կրթություն չունեին։ Նրանց օգնությունն անգնահատելի էր հատկապես պայթյունի ժամանակ։ Առաջին 10 րոպեում 180 վառված մարդ ընդունեցինք և կամավորների հետ ամեն ինչ արեցինք, հստակ գիտակցելով, որ նրանց մի մասը չի ապրելու, որովհետև կյանքի հետ անհամատեղելի այրվածքներ էին ստացել, չնայած շատերի մոտ այդ պահին դա չէր զգացվում, շատերն իրենց ոտքով էլ եկել էին, բայց ներքին այրվածքներ ունեին։ Հիշում եմ մեր մեկ այլ բուժքրոջ եղբայր վառված բերեցին, ես ստիպված էի նրան թաքուն բուժօգնություն ցույց տալ, որ բուժքույրը կարողանա օգնել մյուսներին։ Բժշկական անձնակազմը տիտանական ու հերոսական աշխատանք կատարեց, մեր որոշ բժիշկների, բուժքույրերի բաց էինք թողել, որ գնան իրենց երեխաների, կամ տան վիրավոր անդամների հոգսերով զբաղվեն, տեղափոխեն, մենք բարոյական իրավունք չունեինք ուղղակի բաց չթողնելու, մնացել էինք հիմնական կորիզը, բայց որքան մեծ էր իմ հպարտությունը, երբ պայթյունի մասին լսելով մեր բուժակներն ու բուժքույրերը Շուշիի մերձակայքից ոտքով հետ վերադարձան հիվանդանոց։
Շատ ծանր օրեր էին, եղել է, որ ծանր վիրավորը հրաժարվում էր տեղափոխվել Երևան, որովհետև ընտանիքը չէր կարող թողնել, միասին հնարավոր չէր։ Եղել է, որ Շուշիի մերձակայքից հղի կնոջը հետ են բերել, որովհետև արդեն ծննդաբերում էր, թուրքերն էլ ուզում էին նրան տանել Շուշի։ Հետո նորածնին տեղափոխելը խնդիր դարձավ, որովհետև փաստաթուղթ չուներ։ Մի խոսքով դժոխային օրեր և շատ վիրավորական է, որ ասում են արցախցիները փախել են։
Հունան Թադևոսյանը, ով ԱՀ ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարության մամլո խոսնակն էր, 2020 թվականից ականատես է եղել ամենաողբերգական դեպքերի ու զարմանում է, ո՞նց է դիմացել։
- Ես տեսել եմ դժողքն ու աշխարհի վերջը, ու դա հնարավոր չէ նկարագրել։ Ես հաճախ եմ ինձ հարց տալիս, այսքանից հետո, մենք ո՞նց չենք խելագարվում։
Քաղպաշտպանության առումով ժողովուրդը իհարկե գիտեր իր անելիքը բայց ժամանակակից զենքերի պարագայում, երբ թիրախավորվում էին նաև քաղաքացիական օբյեկտները, պարզ է, որ նկուղներն էլ անվտանգ չեն։ Սեպտեմբերի 19-ի պահով ասեմ, որ երբեք չեմ մոռանա դպրոցներից տուն գնացող երեխաների վախեցած ճիչերը, մենք ներքին գործերի նախարարությունից դուրս եկանք և սկսեցինք երեխաներին տեղափոխել ոստիկանության ապաստարան ու փորձել կապ հաստատել ծնողների հետ։ Այնուհետև գնացինք հիվանդանոց, արդեն վիրավորներ էին բերում, մեծ մասը երեխաներ, առաջին այդ պայթյուններից անգամ 9 տարեկան մի երեխայի մոտ սրտի կանգ էր արձանագրվել։ Անտանելի ցավոտ տեսարաններ էին, բժիշկ Առստամյանի սպիտակ համազգեստն արդեն կարմիր էր։ Արցախի բոլոր բնակավայրերը շրջափակման մեջ էին առնված, այդ թվում Ստեփանակերտը։ Ու կապի բացակայության պայմաններում, ամենասարսափելին այն էր, որ չգիտես որտեղ ի՞նչ է կատարվում։ Ծնողները չէին գտնում երեխաներին, տեղեկություններ չկային զինծառայող հարազատներից, զինծառայողները լուր չունեին իրենց ընտանիքներից։ Ու արցախահայությունը կանգնած էր բնաջնջման առաջ։ Հետո եղավ զինադադար, մենք մահվան ու գաղթի միջև ընտրեցինք գաղթը, որ ապրենք։
Վկայություններից հետո հնչեցին հարց ու պատասխաններ, որոշ հարցեր դուրս էին օրակարգից, բայց շատ կարևոր քննարկելու համար, ուստի կազմակերպիչները խոստացան կրկին նման հանդիպումներ կազմակերպել և խոսել մարդկանց հուզող հարցերից։ Շատ կարևոր է իմանալ ու հասկանալ, թե ի՞նչ է կատարվել Արցախում 2023-ի սեպտեմբերի 19-ից մինչև Արցախի հայաթափումը, ի՞նչ սխալներ ենք ունեցել, ի՞նչը պետք է շտկվի, իսկ միայն տեղեկացված հանրությունն է կարողանում ճիշտ որոշումներ կայացնել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: