26-ամյա Մհեր Խաչատրյանը մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա, 2020 թվականին 44-օրյա պատերազմներին և պայքարել 2022 թվականի սահմանային հարձակումների դեմ։ 18 տարեկանից թշնամու դեմ պատերազմող Մհերը, սակայն, կյանքից զրկվեց Երևանում՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը  Նորագավիթում հնչած կրակոցներից։

Մհեր Խաչատրյանը ժամկետային զինծառայող էր Եղնիկներում, երբ սկսվեց քառօրյա պատերազմը։  Ընտանիքի անդամներն ասում են՝ այդ պահին չորս ամսվա զինվոր լինելով, չի խուսափել առաջնագծում լինելուց։ Չորս տարի անց կամավոր մեկնել է 44-օրյա պատերազմին։

«Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց 28-ին նա արդեն այնտեղ էր։ Գնացել է բոլորիս հակառակ, բոլորիցս թաքուն գնաց։ Այդ ժամանակ մարտերին մասնակցել է Ջրականում»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմեց Մհերի հորեղբոր տղան՝ Լևոն Խաչատրյանը։

Հորեղբոր՝ Մանվել Խաչատրյանի փոխանցմամբ, Մհերը պատերազմել է Մարտակերտում, Շուշիի մատույցներում։ «Արցախում մնացել է մինչև պատերազմի վերջին օրը»,-ասում է հորեղբայրը, իսկ Լևոնը հավելում է․ «Հրադադարից հետո մի քանի օր էլ մնաց, ասում էր՝ կարող է սա վերջը չի, չի ավարտվել։ Սպասեցինք, տեսանք, որ արդեն հրադադար է, նոր հետ ենք եկել»։

Մհեր Խաչատրյանին նկարագրում են հայրենասեր,  անտարբեր չէր Հայաստանի սահմաններին կարատրվող իրադարձությունների նկատմամբ։ Սահմանային բախումների ժամանակ անմիջապես մեկնում էր առաջնագիծ։ «Հենց մի հատ կրակոց էր լինում ասում էր՝ ես պետք է գնամ։ Վարդենիսում է եղել, երբ 2022 թվականին հարձակվեցին Հայաստանի սահմանների վրա։ Ջերմուկում էլ է եղել»,-պատմեցին հարազատները։

Մհերը սահման մեկնելու համար նախատեսված ուսապարկ ուներ՝ բոլոր անհրաժեշտ պարագաներով։ «Գնալուց միայն ասում էր՝ ասեք Աստված քեզ հետ։ Ոչ մի ձև չէիր կարող իրեն կանգնեցնել։ Երբ կրակոցի մասին տեղեկություն էր լինում ու Մհերը մեր տեսադաշտում չէր լինում, ուրեմն դիրքերի ճանապարհին էր»,-ասում է քույրը՝ Վարդուհի Խաչատրյանը։

«Երկիրը դիրքերում են պահում։ Իմ առաքելությունը երկիրը պաշտպանելն է»,-հարազատները հիշում են Մհերի խոսքերը․ «Նվիրված էր երկրին, ոչ մեկ չէր կարող մեր բանակին, կռվող տղեքին մի բան ասել։ Ասում էր ես չգնամ, ո՞վ գնա, եթե այնտեղից չկռվեմ, պետք է հետո այստեղից կռվեմ»։

Մհերի մտքում միշտ հայրենիքն ու մարտական ընկերներն են եղել։ Քույրն ասում է՝ սիրած զբաղմունքն ընթերցանությունն էր, բայց առավել շատ ժամանակ տրամադրում էր մարտի դաշտում ընկած ընկերներին։

«44-օրյա պատերազմից, որ վերադարձավ մենք իրեն գրեթե չէինք տեսում, միշտ գնում էր Եռաբլուր։ Նոր տարիներն այնտեղ էր դիմավորում։ Լինում էր, որ մինչև լուսաբաց մնում էր այնտեղ»,պատմեց քույրը։

44-օրյա պատերազմից զատ կամավոր մեկնել է նաև 2022 թվականի մարտական գործողություններին։ Թշնամին սեպտեմբերի 13-ի գիշերն էր հարձակվել Հայաստանի սահմանների վրա՝ Գեղարքունիքի և Սյունիքի կողմից։ Մհերը Վարդենիսի դիրքերում էր։ Մարտական ընկերները պատմում են, որ որքան հայրենասեր էր ու սրտացավ Հայաստանի համար, այնքան էլ լուռ ու համեստ էր։ Վարդենիսի դիրքերում վերջին օրերին են իմացել, որ նա երկու պատերազմի մասնակից է, ասում են՝ առաջինն էր գնում վտանգավոր հատվածներ ու հերթապահում։ Մհեր Խաչատրյանը հրաժարվել է հայրենիքին ծառայության համար նախատեսված մեդալներից ու այն գումարից, որը ՊՆ են էր սահմանել կամավորների համար։ Նա մշտապես ասել է՝ Հայաստանը չի պաշտպանում գումարի և փառքի համար։

Մհերը Երևանում էլ չէր հանդուրժում անարդարությունն ու անտարբերությունը հայրենիքի նկատմամբ, ինչը ճակատագրական դարձավ։  Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ Նորագավիթ թաղամասի անչափահաս բնակիչը (2006թ. ծնված) հորը պատկանող «Լադա 21114» մակնիշի ավտոմեքենայով նույն թաղամասում արագ վարելու հարցի շուրջ դիտողության է արժանացել Մհեր Խաչատրյանի կողմից, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել է հորը։ Նա էլ պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարել է Մհերին ու պայմանավորվել հանդիպել։ Պատանու հայրը հանդիպմանը գնացել է ընկերոջ հետ:

Հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել թաղամասում գործող սուպերմարկետի մոտ, վիճաբանություն է ծագել, որի ընթացքում պատանու հայրը բռունցքով հարվածել է Մ.Խ.-ի դեմքին: Այնուհետև քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձինք ինքնաձիգից և ատրճանակից կրակահերթ են արձակել Մհեր Խաչատրյանի ուղղությամբ։ Նա մահացել է։

«Անչափահասին նկատողություն է արել մեքենան արագ վարելու համար։ Նա էլ գնացել ծնողին է ասել, ծնողն իր շրջապատով՝ տասը հոգուց ավել, զինված եկել են։ Ինքը միայնակ է գնացել, ասել են ուզում ենք բան խոսել։ Դարանակալել են, թիկունքից կրակել են։ Այնքան են վախեցել, որ տասից ավելի հոգով զինված եկել են մի տղայի վրա։ Ստորություն են արել։ Թուրքի դիմաց կանգնել է ճակատը բաց, չի վախեցել, թիկունքից կուզեկուզ եկողների ձեռքով գնաց»,- ասաց հորեղբայրը։

Նարեկ Կիրակոսյան 

Pin It on Pinterest