Հունիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  փաստաբան Արսեն Բաբայանի  և ԶԼՄ-ների հետ կայացած մամուլի ասուլիսին հանրայնացվեցին ու պարզաբանվեցին հատկապես հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունները։

Սրբազանի խոսքով՝ այսօր էլ շարունակվում են հալածանքները՝ մարդկանց տներից հանելով, վախեցնելով, սարսափեցնելով զուտ նրա համար, որ  ճշմարտության համար պայքարի են դուրս եկել. «Նաեւ գործարարների վրա կան ճնշումներ: Բոլոր միջոցներով փորձում են վախեցնել մարդկանց, բայց նրանցից ոչ ոք  նահանջելու,  ընկճվելու,  պայքարից հրաժարվելու միտում չունեն: Ու այս ամենի պատասխանատուն մեկ մարդ է՝ կառավարության ղեկին նստող ստախոսը եւ Ոստիկանության այն պատասխանատուները, որոնք այդ հրամանները իրագործել կամ տվել են: Մենք բոլոր փաստերով հաղորդումներ կներկայացնենք; Այս ընթացքում բերման են ենթարկվել, ձերբակալվել ու կալանքի են ենթարկվել միայն քաղաքացիները, ու ոչ մի ոստիկանի նկատմամբ վարույթ չկա»,- ներկայացրեց Բագրատ Սրբազանը:

Փաստաբան Արսեն Բաբայանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ  ձայնային նռնակները նետվել են առանց քաղաքացիների կողմից որեւէ դիմադրության կամ հարձակման։  «Այս ոչ իրավաչափ գործառույթների  վերաբերյալ «հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կհրավիրի մամուլի ասուլիս,  իսկ ես այստեղ ներկայացնում եմ ընթացիկ իրադրությունը։ Հունիսի 12-ը ջրբաժան էր եւ ոստիկանության կողմից իրականացված գործողությունները իմ տեսած ամենադաժան եւ աննախադեպ երեւույթներից էր: Այն ի սկզբանե նախատեսված էր որպես պատժիչ գործողություն այն քաղաքացիների ու լրագրողների, որոնք մասնակցում են այս Շարժմանը: Կան նույնիսկ դրվագներ, որ կոնկրետ լրագրողների ուղղությամբ իրականացվել է գործողություն»,-իրազեկեց փաստաբանը: Նա օրինակ բերեց Աբրահամ Գասպարյանին, որին մեկուսացրել են կարմիր կամ սեւ մոտ 20 բերետավոր և ուղղակի դաժան ծեծի ենթարկել: Կան փաստագրված տվյալներ, որ այդ ձայնային նռնակները նետվել են առանց որեւէ դիմադրության կամ հարձակման: «Այսինքն առաջին նռնակը նետելուց առաջ քաղաքացիների կողմից չի իրականացվել որեւէ այնպիսի գործողություն, որը կստեղծեր իրավաչափ պայմաններ՝ հատուկ միջոցների կիրառման համար։ Ոստիկանական գործողությունները սկսվել են դեռ Կիրանցից ու շատ էժանագին ձեւերով. Օրինակ, երթի ժամանակ պարեկները կանգնեցնում էին մեքենաները ու քանի որ մեկը տեխզննում չէր անցել, մյուսի մոտ վարորդական իրավունքի փաստաթուղթը չկար, այդ ժամանակ էլ գործադրվում էին ոստիկանական ճնշումներ: Այս ընթացքում տասնյակ մեքենաներ 15-20 օր պահվել են ապօրինի ու նոր-նոր են սկսել վերադարձնել: Բազմաթիվ կալանավորումներ են տեղի ունեցել»,- պարզաբանեց Արսեն Բաբայանը ։

Փաստասանն իր խոսքում ասաց, որ իրավապահ ուժերը շիշ նետելը չեն կարողանում համարել բռնություն, դրա համար անունը դրել են խուլիգանություն, ինչը ոչ իրավաչափ է եւ հակասում է քրեական իրավունքին: Նույնիսկ այսօր առավոտյան են ՔԿ-ից ձերբակալել 3 քաղաքացու: Արսեն Բաբայանը նշեց նաև,  չհաստատված հանգամանքներով կալանավորել են նաևՀՅԴ Վարոց Ձորի կառույցի անդամներին՝ իբր հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու համար:

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest