ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ հունիսի 13-ի՝ 09։30-ի դրությամբ, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել քաղաքացիական 101 անձ և ոստիկան։ Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո 85 հոգի դուրս է գրվել։ ,Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։ Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ՚,-նշված է ԱՆ կայքէջում։
Նշենք, որ հունիսի 9-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շրջափակել են ՀՀ ԱԺ շենքը: Իսկ Ազգային Ժողովի խորհուրդը մերժել էր կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների դիմումը: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը 96 ժամ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարականի դիմում ներկայացնելու համար և հունիսի 12-ին,15.00-ից՝ ժամանակը լրանալու պահից, մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել Բաղրամյան պողոտայում: Իրավիճակը բավական սրվեց. ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին, ինչպես նաև տեղի ունեցավ բախում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:
Ոստիկանության ներկայացուցիչներն առանց նախապես պատշաճ զգուշացնելու լուսաձայնային նռնակներ արձակեցին քաղաքացիների՝ խաղաղ ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով տուժեցին և բեկորային բազմաթիվ լուրջ վնասվածքներ ստացան քաղաքացիական 101 անձ և ոստիկաններ։ Տուժածները շտապ օգնության տասնյակ մեքենաներով տեղափոխվեցին հիվանդանոցներ: Բաղրամյան պողոտայում վիրավորներին առաջին բուժօգնություն էին ցուցաբերում նաև քաղաքացիները։
Նույն օրվա վերջում և գիշերային ժամերին Բագրատ Սրբազանն այցելել է հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներին, որոնց շարքերում էին նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ ՚Մեր բոլոր վիրավորներին մաղթում ենք առողջություն, իսկ ապօրինաբար ձերբակալվածներին՝ տոկունություն։ Այն հայտարարությունը, որ 17 ոստիկան է վիրավորվել, նույնպես սուտ է։ Տեսել ենք այդ բոլոր ոստիկաններին, միայն մեկի այտն էր ուռած, մնացած բոլորն ուրախ տրամադրությամբ զրուցում էին՚,-պարզաբանեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի և հարակից փողոցներում բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից օրենքի կոպտագույն խախտմամբ կիրառված հատուկ միջոցների հետևանքով լուրջ վնասվածքներներ են ստացել նաև ԶԼՄ-ների լրագրողներ և օպերատորներ։ Տարբեր լրատվամիջոցների կողմից ներկայացված տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդված նետվել են նաև օպերատորների և լրագրողների ուղղությությամբ, որոնք կենտրոնացած աշխատում էին։ ԶԼՄ-ների մասնագիտական աշխատանքի խափանումը, թիրախավորումը և վնասվածքներ պատճառելը միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված նորմերի կոպտորեն խախտում է։ Ոստիկանների անհամաչափ գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել Mediahub.am, News.am, «ՍիվիլՆեթ», Genesis Armenia ուղեղային կենտրոն, AlphaNews Armlur.am ,ABC media, PARA TV, LIVEnews.am և այլ լրատվամիջոցների աշխատակիցները: Ոստիկանների անհամաչափ գործողությունների արդյունքում վնասվել ու անհետացել են նաև նրանց տեսախցիկները և մյուս սարքերը:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտել է հունիսի 12-ին իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված անհամաչափ գործողությունները, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների թիրախավորումը, և իշխանություններից պահանջեց անհապաղ բացահայտել և քրեաիրավական գնահատականի արժանացնել ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ նման վերաբերմունքի համար պատասխանատու ոստիկանության պաշտոնյաներին։ ՙՀակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրելու է քաղաքական իշխանությունը՝ ապացուցելով, որ լրագրողներին թիրախավորելու գործողությունը կատարվել է բարձրագույն իշխանության հրահանգով։ Միևնույն ժամանակ հրավիրում ենք տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, խոսքի ու մամուլի ազատության հարցերով զբաղվող բազմաթիվ կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով համարժեք գնահատականի արժանացնել տեղի ունեցածը՝ առաջնորդվելով ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ լրագրողների իրավունքների պաշտպանության ազնիվ մղումներով՚,-ասված է Հայաստանի Ժուռնալիստների միության հայտարարությունում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի որակմամբ՝ կատարվածը բացահայտեց իշխանության դեմքը: Սրբազանը կոչ արեց քաղաքացիներին միանալու շարժմանը՝ հայտարարելով, որ պայքարը շարունակվելու է: Կատարվածի առնչությամբ դատապարտող հայտարարություններ արեցին մի շարք կառույցներ։
Զառա Մայիլյան