Քիչ առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ՙլայվով՚ հաստատեց այսօր առավոտյան Բյուրեղավանի մոտակայքում Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի համայնքապետ Վարդան Գրիգորյանի ձերբակալության փաստը։ Իրավապաշտպանը հաստատեց, որ գյուղապետին ձերբակալել են երեք անչափահաս(համապատասխանաբար 7,9 և 13 տարեկան) երեխաների ներկայությամբ, որոնց թողել են մեքենայում։ Ռ. Մելիքյանը խոսել է համայնքապետի կնոջ՝ տիկին Վարսիկի հետ, որը ներկայացնելով եղելությունը, պատմել է, թե ինչպես են երեխաների ներկայությամբ բռնի ձևով քաշքշել իրենց հորը, ձերբակալել, այնուհետև թողել մենակ սթրեսային վիճակում։ «Դուք պատկերացնում եք այդ երեխաների վիճակը։ Վատ ձևով, ավտոմեքենայից քաշքշելով, գետնին պառկեցնելով իրենց հորը։ Այսպիսի այլանդակության հետ ես չեմ առնչվել ու նույնիսկ լսել։ Սրա համար ինչ-որ մեկը պատասխան պիտի՞ տա, թե չէ»,-նշեց իրավապաշտպանը։
Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ դեպքի առնչությամբ պաշտպան Անահիտ Մանասյանի հանձարառությամբ իրավասու մարմինների կողմից հրատապ ու բանավոր ընթացակարգով ճշտվել են հանգամանքները, ինչի արդյունքում Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պարզաբանմամբ՝ դեպքի հանգամանքների մանրամասները ճշտելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: