Տավուշը հանուն հայրենիքի շարժման ակցիայի ժամանակ շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է 29 բերման ենթարկվածի մասին՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Բերման ենթարկվածներից մեկը հոգևորական է՝ կոչումով սարկավագ։ Մեկ այլ հոգևորական էլ մարմնական վնասվածքներով տեղափովել է հիվանդանոց։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը Forrights.am-ին փոխանցեց, որ և ձերբակալված, և հիվանդանոց տեղափոխված հոգևորականները սարկավագներ են։
«Ես հիմա տեսանյութերն եմ ուսումնասիրում, ակնհայտորեն հետևյալն է՝ ինչ-որ մարդիկ շիշ են շպրտում, հրմշտոցը սկսվում է, ոստիկանները կազմ պատրաստ սկսում են մասնակիցներին ձերբակալել։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ անակնկալի են գալիս այդ շիշ շպրտելուց։ Կան սադրիչներ, որոնց այտպես էլ չեն հայտնաբերում, բայց վիդեոներն ուսումնասիրելուց կարելիէ պարզել, թե որվքեր են»,-ասաց փաստաբանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ հոգևորականներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել ոստիկանության անհամաչափ գործողությունների հետևանքով, իսկ մյուս սարկավագը, ըստ Վարազդատ Հարությունյանի, ձերբակալվել է քրեական հոդվածով։
«Ենթադրում եմ, ուզում են զանգվածային անկարգությունների հոդված դնել, այնպես ինչպես սեպտեմբերյան ակցիաների ժամանակ»,-ասաց փաստաբանը։
Ըստ նրա ոստիկանության գործողություններն անհամաչափ էին։ «Կամայականորեն մարդկանց ձերբակալում են։ Մարդը գոռում է՝ ինչու եք ձերբակալում, վրան զանգվածային անկարգության հոդված կարող է դնեն, կփորձեն տանեն կալանքի։ Հետո, թե ինչ կլինի՝ կարդարացվի, թե չէ, իրենք փորձում են ձերբակալություններով և կալանավորումներով մեկուսացնեն պայքարից»,-ասաց նա։
Իրավապահները դեռ չեն մեկնաբանում հոգևորականին բերման ենթարկելու և նրա կարգավիճակին առնչվող հարցերը։
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից փոխանցում են, որ դեռ մանրամասներ չունեն հոգևորականի առողջական վիճակի և ձերբակալելու վերաբերյալ։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: