Մինչ Հայաստանի վարչապետը Ալմաթիում կայացած Միրզոյան-Բայրամով անպտուղ հանդիպումից հետո գնացել է Դանիա՝ ժողովրդավարական աշխարհի օժանդակությունը հայցելու, իսկ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը փորձում են հեծնել համաժողովրդական բողոքի ալիքը, Հայաստանի անկախ պետությունը հայտնվել է գոյաբանական վտանգի առաջ։
Երեւան կատարած այցի ժամանակ Մալթայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորգը չի հիշատակել Մինսկի խումբը, որը 1992 թվականից կոչված է Ղարաբաղյան կարգավորման ուղիներ գտնել։ Մինսկի խմվի մասին չի խոսել նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի կառավարությունը համառ ձեացնում է, որ ոչ մի Մինսկի խումբ, ԵԱՀԿ մանդատ չկա, եւ ամեն ինչ պետք է լուծեն Բաքուն ու Երեւանը՝ Մոսկվայի հովանո ներքո։ Սակայն այն, որ Բաքում նույն համառությամբ պահանջում է չեղարկել Մինսկի խմբի մանդատը, փաստում է, որ հենց այդ մանդատն է Արցախի եւ ամբողջ Հայաստանի անձեռնմխելիության երաշխիքը։
Ի՞նչ է երաշխավորում Մինսկի խումբը։ Այն, որ Արցախում 2020-2023 թթ․ պատերազմական, ցեղասպան եւ ահաբեկչական իրադարձություններից հետո ձեւավորված իրողությունները չեն ճանաչվի որպես «կայացած փաստ» եւ չեն ստանա միջազգային փաստաթղթավորում։ Ահա թե ինչու է Բաքուն ձգտում չեղարկել Մինսկի խմբի մանդատը։
Ի տարբերություն Երեւանին, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հրապարակային խոսք չի եղել, Բաքու այցելած ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել են փակել խումբը։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը իր գործունեության 30 տարում ոչ մի ավանդ չի ներդրել ադրբեջանա-հայկական հակամարտության լուծման գործում։ Մենք կարծում ենք, որ չկա այն ինստիտուտները պահպանելու անհրաժեշտություն, որոնց մանդատը սպառվել է եւ կրում է արխայիկ բնույթ»,- ասել է արտգործնախարար Բայրամովը։
Նույն միտքն ավելի վաղ նույն պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ ասել էր Ալիեւը։ Նա հայտնել է, որ «թեեւ մեր հողերի օկուպացիայի հարցը կար ԵԱՀԿ օրակարգում, ոչ այդ կազմակերպությունը, ոչ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը ոչինչ չեն արել հակամարտության հետեւանքների վերացման, ադրբեջանական տարածքների ազատագրման համար։ Այս տարիների ընթացքում ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների իրականացրած բանակցային գործընթացը ծառայել է ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակմանը»։
Հայտնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմության գիրկն է անցել եւ այն գոյություն չունի, Ալիեւը հայտարարել է, որ «եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը»։ Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, եւ որեւէ պատճառ չկա, որով հայկական կողմը կարող է չհամաձայնել դրան, կարծում է Ալիեւը։
ԵԱՀԿ նախագահը չի խոսել Մինսկի խմբի մասին եւ չի անվանել այն սպառված. «ԵԱՀԿ-ը լսում է երկու երկրներին։ Մենք պետք է ընդունենք նոր իրողությունները։ Հուսով ենք, որ շուտով կողմերի միջեւ ձեռք կբերվի համապարփակ եւ կայուն խաղաղության համաձայնագիր»։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը չի կարծում, թե ԵԱՀԿ-ն կարող է այդ մանդատից հրաժարվել։ «Քաղաքակիրթ աշխարհը չի կարող ընդունել ո՛չ ցեղասպանությունը, ո՛չ ուժի կիրառումը՝ որպես ինքնորոշման իրավունքը ճնշելու կամ վերացնելու գործիք։ Եվ ակնհայտ է, որ Արցախի խնդիրը փակ չէ։ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն պարտավորություն՝ կարգավորելու Արցախի խնդիրը։ Ըստ Մինսկի խմբի մանդատի, Արցախում պետք է տեղակայվեն բազմազգ միջազգային զորքեր, պետք է տեղակայվի ՄԱԿ-ի վարչակազմը, այդ վարչակազմի ու միջազգային խաղաղապահ ուժերի հսկողության տակ պետք է լինի Լաչինի միջանցքը։ Եվ պետք է պայմաններ ստեղծվեն՝ հանրաքվե անցկացնելու համար, որպեսզի մարդիկ իրենք ազատ ու առանց որեւէ սպառնալիքի ազդեցության որոշեն իրենց կարգավիճակը»։
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը հարց է տալիս, թե ինչո՞ւ է Ալիեւը ցանկանում փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Հայաստանի իշխանությունները մտածե՞լ են այս մասին։ Հայաստանին ստիպում են անվերապահորեն հանձնվել՝ ընդունելով իր մեղքը օտար տարածքների օկուպացման մեջ։ Մեր քաղքենիները պատկերացում չունեն Ադրբեջանի հասցեին մեղադրանքների այս 30-ամյա զինանոցի մասին, որոնք պահպանվում են ԵԱՀԽ/ԵԱՀԿ Մինսկի խմբում»։
Եթե Մինսկի խումբը վերացվի, եւ ուժի կիռարմամբ Արցախում ձեւավորված «իրողությունները» միջազգայնորեն ճանաչվեն, դա կնշանակի Հայաստանի օկուպացիայի սկիզբը։ Նույն ձեւով կճանաչեն Հայաստանի «նոր իրողությունները» եւ սահմանները՝ այնտեղ, որտեղ կկանգնի Ալիեւը։
Ոչ Հայաստանի իշխանությունը, ոչ բողոքների ակցիաներ անող ընդդիմությունը չի հիշատակել Մինսկի խումբը եւ չի պահանջել, որ ԵԱՀԿ-ն գործի իր մանդատի համապատասխան՝ բացառելով ու դատապարտելով ուժի կիռարումը։
Միայն մի խումբ իրավապաշտպաններ եւ քաղաքացիներ են բողոքի ակցիա իրականացրել ԱԳՆ դիմաց՝ արցախցիներին հայրենիք վերադարձը ապահովելու պահանջով։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ԵԱՀԿ-ն պարտավոր է լուծել արցախցիների վերադարձի հարցը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղիներ գտնելու բացառիկ մանդատ։ Նրանք նաեւ պահանջում էին, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» չկնքվի առանց Արցախի հարցը հաշվի առնելու։
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահին, այլ նաեւ Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը ուզում է տեղյակ պահել, որ «Իլհամը բնակեցնում է Շուշին»։
«Եվ որեւէ ընդվզում նույնիսկ ընդդիմադիր դաշտից չկա։ Տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը վաղուց կոնսենսուսի մեջ է Իլհամի հետ, որ օկուպացված Արցախում պետք է թուրքեր ապրեն։ Եվ որեւէ խոսք անգամ չկա Արցախ հայ փախստականների վերադարձի մասին։
Ակցիայի մասնակցիները նամակ են փոխանցել ԱԳՆ՝ պահանջով, որ այն հանձնեն ԵԱՀԿ գործող նախագային։ Այս նամակն ավելի քան 200 կազմակերպություններից անունից տարածվել էր ամիսներ առաջ։
Նաիրա Հայրումյան