Հարցազրույց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ։
Պարոն Ղուկասյան, Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ շարժում է սկսվել։ Նրանք քննադատում են իշխանության նախաձեռնած սահմանազատման գործընթացը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս ակցիայի ընթացքը, նպատակները։
Իշխող ուժը ներկայացրեց իր քաղաքական տեսլականը, որը որ, ըստ էության, բացահայտում է օրվա քաղաքականությունը կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորումը։ Այն ինչը Տավուշում դարձավ խնդիր և քաղաքացիների բողոքի լեգիտիմ պատճառ, դա ՔՊԿ-ի գաղափարախոսությունն է, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ասուլիսի ժամանակ։ Նա ասաց, որ ՀՀ-ն պետք է ընդունի Ադրբեջանի և Թուրքիայի նախապայմանները, որ հասնի խաղաղության, դա պետք է անի միակողմանի զիջումների տեսքով, որքան այդ պետությունները կպահանջեն։ Քաղաքացիների արձագանքը այդ քաղաքականության հանդեպ տեսանք Տավուշում, անհնազանդություն եղավ և այդ կոնֆլիկտը հասունացավ ու հասավ Երևան։ Արտառոց ոչինչ չեմ տեսնում։ Իշխանությունները, եթե չեն պատրաստվում փոխել իրենց մոտեցումները, ապա հանրության հետ առաջանալու է կոնֆլիկտ, քանի որ մեծամասնության համար ընդունելի չեն։ Հետկանչի իրավունքը ժողովրդի սահմանադրական իրավունքն է։
Իսկ ինչո՞ւ եկեղեցին։
Խորհրդարանական ընդդիմությունը 2021-ին հանրային մոբիլիզացիայի տեսակետից հասավ մաքսիմումին, ինչին կարող էր հասնել։ Այդ ուժերը հասկացան, որ բեմահարթակը պետք է զիջեն կամ քաղաքացիական հասարակությանը կամ եկեղեցում։ Եկեղեցու ընտրությունը պայմանավորված է նաև Տավուշում կոնկրետ իրավիճակով, այնտեղ քաղաքացիական հանրությունն ուժեղ չէ, երբ ապօրինի գործողություններն իշխանությունների կողմից սկսվեցին, թեմի առաջնորդը դարձավ պատնեշը, որը որ կանգնեց անբարոյական քաղաքականության դեմ։
Իշխող ուժի գնահատականը այս գործընթացներին հետևյալն է․ սա պատերազմ հրահրող գործընթաց է, իսկ շարժման սահառունն նախկիններն են, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը։ Դուք ի՞նչ եք կարծում այս շարժմամբ նախկինները փորձում են վերադառնալ իշխանության։
Պատերազմի հետ կապված պատշաճ արտահայտվել են ԱՄՆ-ն և ԵՄ-ն, իսկ դրան հակառակ իշխանությունները փորձում են անորոշությունն՝ Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման գործում, օգտագործել շանտաժի եղանակով հայ ժողովրդի դեմ։ Մենք լսում ենք, որ Ադրբեջանի նախապայմանները չընդունենք, ապա լինելու է մարդկանց սպանություն։ Մենք սա լսում ենք իշխանությունից և այն մուրճը, որ Փաշինյանը ցույց էր տալիս դա հենց պատերազմով սպառնալիքն էր։ Նախկինում դա Ալիևն էր անում, հիմա անում է ՀՀ վարչապետը, դերերի բաժանում է տեղի ունեցել։ Միջազգային հանրությւոնը կաշկանդեց Ալիևին, առիթավորվեց Փաշինյանը։ Խորհրդարանական ընդդիմությունն այս բողոքին մասնակից է, ունեն որոշում՝ չլինեն առաջին շարքերում, բայց աջակցում են, ինչի մասին հայտարարեցին։ Այդ մասով շարժումն ունի խոցելի կողմեր, որովհետև Քոչարյանին և Սերժ Սարգսյանին քննադատելը հեշտ է։ Նիկոլ Փաշինյանն այս առումով ռեկորդը խփած գործիչն է ՀՀ-ում։ Ոչ ՀՀԿ-ն, ոչ նախկին ռեժիմից որևէ մեկը լուստրացիայի չենթակվեցին։ Սա կարծում եմ դիտավորյալ եղավ, որ միշտ օգագործեն։
Իսկ ի՞նչ է ուզում շարժումը, պա՞րզ է։
Շարժումն ուզում է, որ Հայաստանի պետական զինանշանը չփոխվի, Սահմանադրության այն մասը, որով ամրագրվում է համազգային խնդիրները, չփոխվի։ Շարժումն ուզում է սահմանազատման գործընթացում կիրառվեն միջազգային նորմեր։ Շարժումն ուզում է, որ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան դարձնելու ծրագիրը կասեցվի։ Այս ծրագիրը բացահայտ ներկայացվում է հայ ժողովրդին, եկեղեցին չէր կարող անտարբեր մնալ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն, ըստ էության, պայմանագիր է Թուրքիայի և Ադրբեջանի միջև, որ ՀՀ-ն դառնա Արևմտյան Ադրբեջան։ Հանրությունն ինչո՞ւ պետք է սա կիսի։ Բնականաբար սա բերում է հակադարձումների։
Այն խնդիրները, որոնց դեմ պայքարում է շարժումը ծագել են քաղաքական որոշումների հետևանքով, իսկ շարժման առաջնորդն ասում է, որ այս փոլում Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա։ Եթե դու չես ցանկանում փոխել որոշում կայացնողին, ապա ի՞նչ օգուտ են տալու քայլելն ու հանրահավաքը։
Սա քաղաքացիական շարժում է, որի առաջնորդը հոգևորական է։ Քաղաքացիական շարժումն ունի տարբերություն քաղաքական շարժումից։ Քաղաքական շարժումը նպատակ է հետապնդում իշխանափոխության։ Այսօր մենք տեսնում ենք, որ գոյություն ունի քաղաքացիական շարժում, որը որ իրենից ներկայացնում է ընդվզում իշխանության ապօրինի որոշումների դեմ։ Դեռ չի դրսևորվել քաղաքական օրակարգը, որի մասին խոսում եք։ Քաղաքացիական շարժումն առաջ է բերում քաղաքացիների անհամաձայնությունը քաղաքական օրակարգի վերաբերյալ։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: