«Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ հօդս են ցնդում Արևմուտքում Հայաստանի Հանրապետությունը որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը»: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման արդյունքերը։
Դատելով այս գնահատականից, ենթադրվում է՝ ՀՀ կառավարության գլխավոր խնդիրն է ապացուցել, որ Հայաստանը ագրեսոր երկիր չէ։ Դա կարելի է տարբեր կերպ ընկալել․ Հայաստանը չի դիմադրելու եւ պարտվելու է, եթե պատերազմ լինի, կամ Հայաստանը ամեն ինչի պատրաստ է, անգամ ծանր զիջումների, միայն թե պատերազմ չլինի։
Նման քաղաքականության հետեւանք է այն, որ հայոց բանակը չի պատասխանում Հայաստանի դեմ ռազմական գործունեություններին․ ինչպես եղավ Երասխում, երբ ՀՀ ինքնիշխան տարածքում շինարարների ուղղությամբ արձակած կրակոցներից հետո ՀՀ-ն ոչ թե լռեցրեց թշնամու հրաձգությունը, այլ․․․ գործարանի շինարարությունը տեղափոխեց Արարատ։
Նման քաղաքականության արդեն «ինստիտուցիոնալ» դրսեւորմանը ականատես էինք վերջին օրերին, երբ ապրիլի 6-8-ին թշնամու կողմից գնդակոծվել են Հայաստանի միանգամից 6 գյուղերի դիրքեր։ Թիրախավորվել են նաեւ բնակավայրեր։ Սակայն եւ Պաշտպանության նախարարության, եւ ԱԳՆ հայտարարությունների մեջ նշվում էր, որ «ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն»:
Պարզվում է՝ «անկանոն» կրակոցներին ՀՀ զինուժը չի պատասխանում։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է»,- նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ։
Զինված ուժերը չեն պատասխանում, նույնիսկ երբ թիրախավորվում են բնակավայրերը, գերադասելով չարձանագրել խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցները։ ԱԺ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ ասել է, որ «գյուղերի ուղղությամբ կրակոցի փաստեր արձանագրված չեն»։
Թեկուզ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ ադրբեջանական կրակոցներից Տեղ գյուղում վնասվել է ևս մեկ տան տանիք ու պատուհան։ Թիրախավորվում են նաև Հայաստանի տարբերի բնակավայրեր, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, վնասվել է 6 առանձնատուն, ավտոտնակ, ավտոմեքենա, գերեզմանաքարեր։ Ինչպես Քննչական կոմիտեն է նշում, մարդիկ չեն տուժել միայն պատահականությամբ։
Բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չի արձանագրում նաեւ ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը միայն «ապացուցում է», որ Հայաստանը պատերազմական գործողությունների չի պատրաստվում։
Անդրանիկ Քոչարյանը եւ ռազմական ղեկավարությունը պնդում են, որ Զինված ուժերում չկա «չկրակել» հրաման։ Սակայն նրանք չեն ասում, կա՞ արդյոք «կրակելու» հրաման եւ ո՞ր դեպքերում զինվորները իրավունք ունեն կրակել։ Բնակվաայրերի ուղղությամբ կրակոցները, ըստ երեւույթին, պատճառ չեն պատասխան կրակ բացելու համար։
Նաիրա Հայրումյան