«Գյուղի վրա են կրակել, բեկորները կպել են տանը»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է ապրիլի 5-ին ադրբեջանական կրակոցների տակ հայտնված տան բնակիչ Սլավիկ Բաբայանը։ Նրա փոխանցմամբ՝ կրակոցները լսվել են մինչև առավոտյան ժամը 4-5-ը։ «Ժամանակ առ ժամանակ կրակում էին, անկանոն կրակում էին»,-ասաց նա։
Թշնամու արձակած կրակոցների բեկորները կոտրել են ապակին, որոնք լցվել են ներս՝ պատուհանի տակ գտնվող մահճակալին պառկած անչափահաս՝ 12 և 14 տարեկան երեխաների վրա։
«Երեխաները այստեղ պառկած են եղել»,-ցույց տալով մահճակալն ասում է Սլավիկը և նշում, որ երեխաներն արթնացել էին մինչ այդ հնչած կրակոցների ձայներից, որոնք այլ ուղղությամբ էին։ «Հետո իջանք ներքև, սա վերևի հարկն է, ասեցինք կարող է էլի կրակեն»,-ասում է հայրը։
Բաբայանների համար մղձավանջը շարունակվում է։ Նրանք Մովսես գյուղ են տեղափոխվել վեց ամիս առաջ՝ Արցախից բռնի տեղահանվելուց հետո։ Ցանկացել են Սյունիքում ապրել, բայց տուն չի գտնվել։ Կրակոցների մասին Սլավիկն ասում է․ «Երեխաները սրա միջով այնքան են անցել, երեք տարի այդ վիճակում Կարմիր Շուկայում ապրել ենք, սովորական է դարձել։ Սա մեր հայրենիքն է, նա էլ մեր հարևանն է»,-ասաց նա։
Սլավիկի հարևան տանն ապրում են Արցախից բռնի տեղահանված հարազատները։ Սլավիկի հորաքույրն ասում է՝ բռնի տեղահանումից հետո այս կրակոցները իրենց համար դժվար է։
«Պառկած էինք, կրակում էին։ Ինչ ասեմ, մեզ համար դժվար է, վախեցել ենք։ Վախից դողում էինք։ Դուրս գայինք ո՞ւր գնայինք, այստեղ ոչ մի տեղ չենք ճանաչում։ Հենց կրակեցին եղբորս տղան երեխաների հետ եկավ»,-ասում է տիկին Զալետան։
Մովսեսից հեռանալ չեն ցանկանում, բայց եթե թշնամին նորից կրակի ճարահատյալ այդ որոշումն են կայացնելու։ «Չենք ուզում գնալ, բայց եթե էլի կրակեն, ո՞նց մնանք այստեղ։ Թող սա վերջին կրակոցը լինի, մենք խաղաղություն ենք ուզում»։
Մովսես գյուղում Սլավիկի տանից զատ նաև այլ տներ են վնասվել, ինչպես նաև գերեզմանաքարեր։ Բնակիչները հատկապես ցավ են ապրում, որ թշնամու գնդակները վնասել են պատերազմում անմահացած մովսեսցու շիրմաքարը։ Նշում էին, որ գերեզմանաքարի մոտ ՀՀ դրոշն է ծածանվում, թշնամին դիտավորյալ է այդ հատվածը թիրախավորել։
Սլավիկն ընտանիքի հետ Արցախից բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի՝ ադրբեջանական հարձակումից հետո։ Կարմիր Շուկա գյուղը Մարտունու շրջանում է։ «Ստեփանակերտ էինք տեղափոխվում ճանապարհին արդեն տեսանք, որ թշնամին դիրք է դրել։ Ավտոն ստուգեցին, անցանք»,-ասաց նա։
Սլավիկն ասում է, որ մտադրություն չունի Մովսես գյուղից հեռանալու։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։