5,5 ամիս առաջ ցեղասպանության, Արցախի օկուպացիայի եւ բնակիչների բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում հայտնված արցախցիները զրկվել են ոչ միայն Հայրենիքից, պետությունից, մասնավոր եւ կոլեկտիվ ունեցվածքից, այլ՝ իրավազրկությունը նրանց համար դարձել է արհավիրք։
Չնայած միջազգային հանրության օգնությամբ ՀՀ կառավարության օժանդակությանը՝ բռնի տեղահանված արցախցիների կարգավիճակի, իրավունքների հարցը մնում է չլուծված։ Իսկ կառավարության ամեն մի որոշում միայն խճճում է իրավիճակը, քանի որ դրանք ընդունվում են առանց արցախցիների հետ քննարկման։ Կանոնները փոխվում են «խաղի» ընթացքում, ինչն ավելի է շփոթեցնում արցախցիներին։
Շոկ ապրած արցախցիները 5 ամսվա ընթացքում ինքնակազմակերպման փորձ գրեթե չեն ձեռնարկել։ Հիմնականում զբաղված էին կառավարության կողմից անընդհատ ներկայացվող պահանջների կատարմամբ․ հաշվառում, այս կամ այն հարթակում գրանցում։ Նաեւ տուն էին փնտրում, երեխաների ուսման հարցերը լուծում։ Հստակ ինֆորմացիա էին հայթայթում եւ սպասում խոստացված լուծումների։
Սակայն 5,5 ամիս անց պարզվել է, որ արցախցիների հարցերով զբաղվող նույնիսկ առանձին մարմին չկա, նրանց հետ ՀՀ Կառավարությունը չի շփվում, եւ բոլոր հարցերը լուծվում են /կամ չեն լուծվում/ առանց շահառուների կարծիքն հարցնելու։ Ավելին՝ արցախցիների կողմից իրենց իրավունքների մասին բարձրաձայնելու, ինքնակազմակերպելու ցանկացած փորձ նույն պահին իշխանամետ մամուլում որպես իշխանափոխության փորձ է գնահատվում։ Միանգամից պիտակներ են կպցնում՝ «ավանսով» մեղադրելով արցախցիներին հետագա արհավիրքների մեջ։
Մարտին ավարտվում է կառավարության 3 ծրագրերից ամենաերկար՝ 40+10 հազ․ դրամ բնակվարձի փոխհատուցման ծրագրի ժամկետը։ Եւ քանի որ այդպես էլ չեն լուծվել իրավական-կարգավիճակային հարցեր, եւ արցախցիների մեծ մասը աշխատանք չունի, պարզ է, որ մեկ ամսից 100 հազար մարդ կարող են հայտնվել անդունդի եզրին։
5 ամիս անց արցախցիները սկսել են ինքնակազմակերպվել եւ պահանջներ ներկայացնել։ Մասնավորապես, Արցախի Ազգային ժողովը օրենք է ընդունել կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին արցախցիների վճարած գումարների մասին։ Օրենքը պարտադրում է վերադարձնել այդ գումարները, որը մոտ 17 մլրդ․ դրամ է կազմում։ ՀՀ կառավարությունը դեռ չի պատասխանել այդ պահանջին։
Այնուհետ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է արցախցիների բնակտարածքով ապահովելու մշակված ծրագիրը, համաձայն որի յուրաքանչյուր արցախցու 3 մլն․ դրամ կտրամադրվի 5 տարվա ընթացքում, վարկավորման սկզբունքով։ Խաչատրյանի ելույթը զայրացրել էր բռնի տեղահանվածներին։
Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել եւ նշել, որ նման քաղաքականության արդյունքում արցախցիները կամ կարտագաղթեն, կամ բողոքի դուրս կգան։
Արցախյան 32 կազմակերպություններ, ձևավորելով «Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման նախաձեռնությունը», մարտի 5-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ: Նամակը բաց է անձանց և կազմակերպությունների կողմից ստորագրելու համար, և յուրաքանչյուր ոք կարող է միանալ նախաձեռնությանը՝ այցելելով ստորագրահավաքի էջ: Նյութը պատրաստելու պահին արդեն գրանցվել են 1787 ստորագրություններ։
Նախաձեռնող խումբը ասուլիս է տվել մարտի 5-ին եւ պատրաստակամություն հայտնել հանդիպել ՀՀ կառավարության հետ եւ քննարկել հարցերը։ Պատասխան դեռ չկա։
«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ներպետական ակտերով ու պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ճանաչվել է ՀՀ արդյունավետ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ,
Գնահատելով հայ ժողովրդի ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական աջակցությունն առ այսօր՝ չնայած բազմաթիվ խնդիրների ու կարիքների շարունակական առկայության,
Հիմք ընդունելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը․․․», ասված է բաց նամակի մեջ։
Ներկայացված է 12 առաջարկություն, որոնց կատարումը ՀՀ կառավարության քաղաքական կամքի հարց է, ինչի առկայության դեպքում կսկսվի գումարների հայթհայթումը։
«Այս ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար», ասված է նամակում:
Ասուլիսի ժամանակ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը ասել է, որ արցախցիների բնակարանային հարցերով ՀՀ կառավարությունը բավարար քննարկումներ չի անցկացրել արցախցիների հետ։
«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանն էլ ասաց, որ իրենց կազմակերպությունով հանդիպել են Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավարի հետ, հնչեցրել են իրենց մտահոգությունները սոցիալական ու բնակարանային խնդիրների մասին։
«Մենք խնդրեցինք, որ զոհվածների ընտանիքներին ուշադրություն կենտրոնում պահեն, առանձնահատուկ ուշադրություն դարձնեն, քանի որ կերակրողներին կորցրածներն ավելի խոցելի են համարվում ։ Նա խոստացավ հանդիպում կազմակերպել Սոցապ նախարարի տեղակալի հետ, մենք վստահեցինք, սպասեցինք, տեսա, որ զանգ չկա, ես զանգեցի, խոստացան կրկին կապ հաստատել, եւ մինչ օրս որեւէ տեղեկություն չկա։ Այսինքն՝ նրանք մարդկանց են հրավիրում քննարկումների, բայց գլխավոր շահառու կազմակերպությանը չեն հրավիրել»,- նշեց Ասրյանը։
Նաիրա Հայրումյան