Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Իմ տունն Արցախում (ղարաբաղյան վերնակուլյարը)» ցուցանհանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են արցախցիների պատմություններն իրենց տների ու բնակարանների մասին: Լուսանկարներն արել են իրենք, իսկ պատմությունները գրի են առել լրագրողներն ու վերածել կարճ պատումների: Ցուցահանդեսում ներկայացված են լինելու նաեւ պրոֆեսիոնալ լուսանկարիչների՝ Արցախում արված լուսանկարները:
Նախագծի հեղինակներից մեկի՝ գրող, լրագրող Յան Շենկմանի խոսքով, գաղափարը ծնվել էր դեռեւս անցած տարվա հոկտեմբերին.«Այն ժամանակ ղարաբաղյան մեծ ելքից հետո բոլորն ինչով կարող էին օգնում էին փախստականներին: Հագուստ էին տանում, բնակարաններ փնտրում, գումար հավաքում: Բայց արդեն առաջին իսկ օրերին հասկանալի էր, որ դրանով խնդիրը չի լուծվի: Այո, մեկ, երկու, երեք ամիս կաջակցենք, իսկ ի՞նչ է լինելու հետո… Իմ փորձից լավ գիտեի. արտագաղթից մի քանի ամիս անց, նույնիսկ եթե ամեն ինչ լավ է դասավորվում, մարդու առաջ հարց է ծառանում. ինչպե՞ս շարունակել ապրել: Եվ ինչո՞ւ: Եվ ընդհանրապես, հիմա ինքը պե՞տք է… Ես անվերջ հանդիպում էի փախստականների ու խոսում, խոսում… Մեր հանդիպումներից մեկի ժամանակ Հասմիկ Գրիգորի Առուշանյանը սկսեց պատմել ինձ ղարաբաղյան բարբառի, սովորույթների, այն մասին, թե ինչպես էին ապրում երեսուն տարի, իսկ վերջում հանկարծ ասաց. «Հիմա սա՛ է մեր տունը. հիշողությունը, զրույցները, հին լուսանկարները…»։
Ցուցահանդեսի մասնակիցներից Իրինա Փիրումյանը պատմում է
- Մեր տունը քաղաքի կենտրոնում է, հրապարակից քիչ վերև՝ Վազգեն Սարգսյան և Լուսավորիչ փողոցների խաչմերուկում: Քարից է, գեղեցիկ փոքրիկ փայտե պատշգամբներով: Երեք հարկ, ութ բնակարան։ Կառուցվել է 1953 թվականին: Պատերը Շուշիի ոճով են, որ երևան քարերի ուրվագծերը: Իսկ քարերն ահռելի են, շատ մեծ չափերի: Այգում՝ թթենի, ընկուզենի, բալենի… Հետո մենք էլ մեկնեցինք: Սեպտեմբերի 29-ն էր, նախավերջին օրը: Մեկնելուց առաջ երկրորդ հարկից դուրս նետեցինք բոլոր թանկարժեք իրերը: Լալիս էինք, խուճապահար էինք: Շպրտում էինք ափսեներ, բաժակներ, ծաղկամաններ. ամեն ինչ ընկնում ու կտոր-կտոր էր լինում: Քարշ տվեցինք ջեռոցը, որը վերջերս էի գնել, ու նույնպես ապակե մասով ցած շպրտեցինք: Իսկ ես երեք տեղ էի աշխատում, որ փող վաստակեմ այդ ամենի համար… Ինչ հնարավոր էր ջարդել՝ ջարդեցի: Վերցրի միայն լուսանկարները, մի քանի սիրելի նկար՝ առանց շրջանակի, և սինթեզատորը՝ իմ աշխատանքային գործիքը, իմ հացը, առանց դրա ոչինչ եմ: Հագուստն ու մնացած ամեն ինչ թողեցի:
Նունե Առաքելյան
- Բոլորը գիտեին մեր տունը. քաղաքի ամենամեծ բազմաբնակարան շենքն է: Թումանյան փողոցի ամենավերջում: Ժամանակին դրա տեղում Ղարաբաղի մետաքսի կոմբինատն էր: Ահռելի արտադրություն, որտեղ մի քանի հազար մարդ էր աշխատում: ԼՂԻՄ-ի ամենախոշոր ձեռնարկությունն էր: Բազմաթիվ արտադրամասեր, մշակույթի տուն, մանկապարտեզ, հանրակացարան: Այնտեղ նաև հին հացի գործարանն էր: Եվ անշուշտ, Շառլ Ազնավուրի կենտրոնը՝ մեր փողոցի զարդը… 2020 թվականի պատերազմից հետո առաջին հարկերում բնակվեցին փախստականները, հիմնականում Շուշիից: Շենքի երկրորդ մուտքում տեղավորվել էին բազմազավակ ընտանիքները: Բակում աղմկոտ և ուրախ էր, նույնիսկ շրջափակման օրերին: Արցախից մեր հեռանալուց մեկ-երկու ամիս առաջ հենց բակում մի խումբ էնտուզիաստներ մանկական ճամբար բացեցին: Տարբեր բաներ էին պատրաստում երեխաների համար, զբաղվում նրանցով, համերգային ծրագրեր կազմակերպում:
Գալինա Սիմոնյան
- Այդ տունը կառուցել է նախանախապապս՝ Ալեքսանդր Շահվերդյանը: Ունևոր մարդ էր, գինեվաճառ: Մարտակերտի շրջանում խաղողի այգիներ ուներ: Ընդհուպ մինչև իմ մանկության տարիները նկուղում գինու հսկա կարասներ, կեսմետրանոց՝ իմ հասակի կավե սափորներ կային… Քարից սանդուղքը տանում էր առաջին հարկ, կողքին փոքրիկ սեղան էր, որի շուրջ հավաքվում էր ջահելությունը: Իսկ երեկոյան մեծերի ժամանակն էր. աշխատանքից հետո բոլորն այնտեղ էին հավաքվում: Տղամարդիկ նարդի ու դոմինո էին խաղում, կանայք՝ թեյ խմում: Ու բոլորը շփվում էին, ու դա շատ հաճելի էր: Միակ բանը, որ հիշատակ մնաց հին տնից, փոքրիկ ապուրամանն էր, տատիկինս էր, հրեղեն թռչնի պատկերով ճենապակյա սպասքակազմից, որը ժամանակին իր օժիտն էր եղել: Միայն դա էր մնացել:
Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։