Ցմահ դատապարտյալ դատապարտյալ Արամ Առաքելյանը Forrights.am-ին ներկայացրել է բաց նամակ ցմահ դատապարտյալների պատժժի կրման ու այդ խմբին այդպես էլ պատժի կրումից օրենքով սահմանված կարգով վաղաժամկետ ազատ չարձակելու մասին, նրանց իրավունքները ոտնահարելու մասին.

‹‹Անիծում եմ Քեզ, որ Դու ապրես փոփոխական ժամանակաշրջանում››

Հին  չինական ասացվածք

‹‹Հայաստանը իմ պատմության ընթացքում շատ է ունեցել այնպիսի ժամանակահատվածներ, երբ  փոփոխությունները կործանել են մի ամբողջ սերունդ: Ինձ երբեմն թվում է, թե հայը արդեն չգիտի, թե ի՞նչ է կայունությունը և չի պատկերացնում իր կյանքը առանց  փոփոխությունների: Երբեմն էլ մտածում եմ, որ հայը փոփոխվող ժամանակաշրջանում իրեն ավելի լավ է զգում, դրսևորում, կարողանում է գոյատևել և ապրել միայն այդպիսի ժամանակաշրջանում:

Այդպիսի մի ժամանակ էր անցյալ դարի 90-ականների առաջին կեսը: Երկրաշարժ, պատերազմ, սոցիալ տնտեսական  ծանր վիճակ, երբ «‹շունը տիրոջը›› չէր ճանաչում, երբ խառնվել էին ‹‹վերևներն›› ու ‹‹ներքևները››, երբ ռամիկը տեր էր, իսկ տերը`ստրուկ: Նա, ով գոնե մշուշոտ հիշում է այդ տարիները, կհասկանա, ինչ եմ ասում։

Հենց այդ տարիներն էին, երբ  դարձա չափահաս, գնացի արդեն նորաստեղծ Հայկական բանակ և մասնակցեցի որոշ մարտական գործողությունների: Չափահաս ասելով, նկատի ունեմ անձնագրային տարիքս: Սակայն այսօր, նայելով ինձ և ինձ պես բազում անձանց, համոզվում եմ՝ մարդը կայացած է համարվում այն ժամանակ, երբ հասնում է հոգեբանական կայունացման, ձևավորում է իր աշխարհայացքը, համոզմունքները և իդեալները, և հոգեբանական ու անձնագրային տարիքը երբեք չեն համընկնում:

Իսկ իմ երիտասարդությունը համընկավ հենց այդ ժամանակահատվածի հետ, երբ երկիրը ընկղմվել էր անպատժելիության, ‹‹բեսպրեդելի մեջ››: Հենց այդ ժամանակ կատարեցի իմ կյանքի ամենամեծ սխալը, որի համար հատուցում եմ մինչ  օրս, կյանքիս  կեսից  ավելին, ապրածս 51 տարիներից  30-ը։

Այն ժամանակվա Գերագույն դատարանը ինձ որպես պատիժ նշանակեց ‹‹մահապատիժ››, քաջ գիտակցելով, որ այն ի կատար ածելն անիրական է, քանի որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի հրաժարվել էր մահապատժից, բայց և միաժամանակ չէր սահմանել նրան փոխարինող այլ պատժատեսակ: Շուրջ 10 տարի ես և իմ բախտակիցները օր օրի սպասում էինք, որ պետությունը այլ ելք չգտնելով, պետք է ի կատար ածի մեր պատիժը:

Սկզբնական շրջանում դա սարսափով և վախով լի սպասում էր, ապա անտարբեր սպասում: Եվ  վերջում  արդեն սպասողական վիճակը դարձավ այնքան անտանելի, որ մենք արդեն գերադասում էինք մեր պատժի  ի կատար ածումը: Բայց փոփոխությունների ժամանակահատվածը իրեն արդարացրեց և մի գրչի հարվածով մեր մահանալու եղանակը փոխարինվեց մահվան մեկ այլ եղանակով` ցմահ բանտարկությամբ: Օրենքներ մշակողները քաջ գիտակցում էին, որ առկա պայմաններում մարդը ֆիզիկապես ի վիճակի չէ ապրել ավելի քան 20 տարի։ Երևի, այդ պատճառով են սահմանում ցմահ ազատազրկման 20 տարի ժամկետ, հետո նոր՝  ներման իրավունք:

Օրենսդիրը հաշվի չառավ մարդու ֆիզիոլոգիական համբերության և պայքարելու ունակությունը, այն, որ մարդը պայքարում է մինչև վերջ, որ մարդը միշտ ընդունում է իրեն թելադրվող խաղի կանոնները: Մենք նույնպես ընդունեցինք այն պայմանները, որոնք մեզ թելադրվեցին, որոնցով նախանշվում է մեր ապագան: Ամեն կառավարության, ամեն մի իշխանության փոփոխությամբ փոփոխվում էին նաև պայմանները և հնարավորությունները: Այդպես 20 տարին դարձավ 25, ապա  30,   և մինչ օրս լիազորված ատյանները չեն կարողանում ձևակերպել և առաջարկել մեզ`ցմահ դատապարտվածներիս, այնպիսի պայմաններ և ճանապարհ, որը կլինի հստակ, որոշակի և վերջնական:

Տարիների  ընթացքում  մեր պատժի կրման պայմանները էապես փոխվեցին: Նախ թույլատրվեցին հեռախոսազանգերը, ապա՝ կարճատև տեսակցությունները, այնուհետև,  2005 թվականից հետո` նաև երկարատև տեսակցությունները, սկզբնական շրջանում տարեկան մեկ անգամ: Տարիների ընթացքում մեր պատժի կրման պայմանները, տեսակցությունների քանակը համապատասխանեցվեց այլ դատապարտյալների պայմաններին։ Փոփոխվող պայմաններում մենք հույս ստացանք, որ հետևելով մեզ թելադրված ‹‹խաղի կանոններին››, կարող ենք գոնե պայմանական, բայց ազատ արձակվել: Այդ հույսը մեզ թևեր տվեց: Մեզնից շատերը, որոնք դեռ չէին կորցրել մարդկային արժանապատվությունը, մարդկային կերպարը, սկսեցին ստեղծագոր-ծել, ինքնուրույն կրթվել, ընդգրկվեցին կրթական հնարավոր բոլոր ծրագրերում, ընդունվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մեզանում շատերը ապագայի հետ հույսեր  կապեցին, անազատության մեջ գտնվելով, նույնիսկ ամուսնացան, ընտանիք կազմեցին: Բայց հույսերը կոտրվեցին օրենքների տարաբնույթ մեկնաբանման, անտարբերության հետևանքով:

Տարիներ շարունակ ընկնելով դատարանների դռները, մենք փորձում ենք իրացնել  օրենքով մեզ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից, սակայն ամեն անգամ մեր առաջ նորանոր պայմաններ են դնում: Պայմաններն այդ որոշ պետական կառույցների պատասխանատվության տիրույթում են, բայց  չգիտես ինչու , այդ կառույցների անգործության պատճառով կրկին մեզ  են պատժում, չկիրառելով պայմանական վաղաժամկետ ազատումը: Այդ բազում պայմաններից մեկը, օրինակ` պրոբիցիայի ծառայության պարտականությունների մեջ մտնող հաշտարարի գործունեությունն է։ Այն ոչ մի կերպ չի իրականացվում, բայց պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականությունը վերահսկող դատախազները և դատարանները հիմնավորում են, թե մենք չենք արժանացել տուժող կողմի ներմանը: Նրանք մոռանում են, կամ անտեսում են, որ իմ և իմ կատարած արարքի հետևանքով տուժած մարդկանց միջև պետք է միջնորդ հանդիսանան, անկողմնակալ և օբյեկտիվ:

Նույն այդ պատճառը առաջ քաշելով, դատախազները սա ներկայացնում են որպես սոցիալական արդարության վերականգնում, մոռանալով նշել, որ սոցիալական արդարությունը վերականգնվել է այն պահին, երբ դատարանը պատիժ է սահմանել, իսկ իմ պարագայում պետությունը սահմանել է առավելագույն  հնարավոր պատիժը: Սոցիալական արդարությունը վերականգնվել է այն պահին, երբ հատուցել եմ այն վնասը, որը սահմանել է դատարանը և այն պահին, երբ պատիժը կրելու ընթացքում ես վերափոխվեցի, փոխեցի իմ մտածելակերպը, արժեքները, նպատակները:

Դատախազությունը և դեռ չկայացած պրոբիցիայի ծառայությունը ամեն կերպ փորձում են համոզել դատարանին, որ  ինձ մոտ առկա է կրկնահանցագործության բարձր հավանականություն:  Նման մոտեցման են արժանանում առանց բացառության բոլոր  ցմահ ազատազրկման դատապարտվածները, բայց միաժամանակ այդ պնդումը հիմնավորող ՈՉ ՄԻ փաստ չի ներկայացվում: Իմ և մնացած ցմահների կողմից կրկնահանցագործության բարձր հավանականությունը նույն այդ կառույցները փորձում են հիմնավորել նախկինում կատարած առանձնապես ծանր հանցանքով, սակայն կրկին մոռանում են հիշատակել, որ մենք այդ արարքների համար ԱՐԴԵՆ դատապարտվել ենք, և ավելի քան 20 տարի, իսկ իմ պարագայում ` 30 տարի, կրում ենք մեր պատիժը:

Այդ  իսկ պատճառով մենք` ցմահ  ազատազրկվածներս, արդեն ոչ մի հույս չենք կապում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հետ, քանի որ  չենք ստացել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում մեր պատիժը կրելու հնարավորություն: Իսկ այս դեպքում խաղի մեջ է մտնում Քրեակատարողական ծառայությունը, որը քաջ գիտակցելով, որ դատարանը չի կիրառի պայմանական վաղաժամկետ ազատումը,  դրական  եզրակացություն է տալիս պատիժն ավելի մեղմ պայմաններում կրելուն, մյուս կողմից, ասում է՝  մեղմ պայմանների համար դեռ շուտ է: ՔԿԾ-ն  ասում է ‹‹ԱՅՈ ››  իմ պայմանական վաղաժամկետ ազատվելուն, բայց նույն ժամանակ ‹‹ՈՉ›› է ասում, որ ես իմ պատիժը կրեմ ավելի մեղմ պայմաններում և թողնում է ինձ միջին անվտանգային գոտու մեղմ ռեժիմում, ամեն անգամ մերժելով անցումը ցածր անվտանգային գոտի: Սա կատարվում է այն դեպքում, երբ ինձ հետ անմիջական և ամենօրյա ռեժիմով աշխատող քրեակատարողական հիմնարկը ինձ դրական է բնութագրում և կողմ է, որ  ես տեղափոխվեմ միջինից ցածր անվտանգային գոտի:

Փաստորեն, ես և ինձ նման բազում դատապարտյալներ հայտնվել ենք մի անվերջանալի շրջանի մեջ, որից ԴԵ ՖԱԿՏՈ  ելք չկա: Նման պայմաններում և նման իրավիճակում մենք ապրում ենք տասնյակ տարիներ: Այդ տարիների ընթացքում ես ձեռք եմ բերել հիվանդություններ, որոնցից մեկը պատժի կրման հետ անհամատեղելի է: Ցմահների մեջ չկա առողջ մեկը, բոլորը ծանր առողջական վիճակի են հասել, ինչը էլ ավելի է դժվարացնում մեր պատժի կրումը և արդեն հասցնում է մեզ հուսալքության: Մենք, հայտնվելով նման անհույս վիճակում, կործանելով մեր կյանքը, նաև պատճառ ենք դառնում հարազատների տառապանքին, կործանում ենք մեր կողակիցների կյանքը, քանի որ մեզ հետ հույսեր և նպատակներ կապելով, նրանք նույնպես մտնում են անվերջ շրջապտույտի մեջ, որը ոչ մի կերպ չի մոտեցնում մեր պայամանական վաղաժամկետ ազատումը։ Մարդիկ ամուսնալուծվում են, կործանվում են մեր ընտանիքները, ընկնոմ ենք հուսալքության, հիասթափության գիրկը։

Եվ այս պահին մեր մեջ զարթնում է փոփոխությունների ժամանակաշրջանում ձևավորված հայը, որը ստիպում է մեզ թոթափվել տասնյակ տարիների կալանքի փոշուց, հիշել, որ մենք հանձնվելու  իրավունք չունենք, ու մենք այս ‹‹խաղը›› սկսում ենք սկզբից:

Եվ այսպես տասնյակ տարիներ››:

 

Արամ Առաքելյան

Ցմահ դատապարտյալ, «Սևան» ՔԿՀ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest