Փետրվարի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները մտել են Հերացի փողոցի վրա գտնվող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, քննչական գործողություններ են կատրել, ապա ձերբակալել են կենտրոնի տնօրեն, Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Մհեր Բիշարյանին և տեղափոխել են հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։
Նրան մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքի համար (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդված)։ Բիշարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Մեր տեղեկություններով, քննիչը միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ Մհեր Բիշարյանը բարձր հեղինակություն ունի, ղեկավար պաշտոն է զբաղեցնում, և կարող է ազդել մարդկանց վրա։ Հակակոռուպցիոն դատարանը սակայն փետրվարի 18–ին քննել է և մերժել ներկայացված միջնորդությունը։
Մեղադրանքի շուրջ պաշտոնապես որևէ տեղեկություն չեն հրապարակել, սակայն երկու օրվա սկանդալը չէր կարող բացասաբար չանդրադառնալ պրոֆեսոր Բիշարյանի համբավի վրա։
Մամուլում լուրեր տարածվեցին, որ նա թաթախված է կոռուպցիոն գործարքում կապված նույնականացման նոր հոսքագծի ձեռքբերման հետ։ Հոսքագծի գինը 285 մլն է եղել, սակայն, ըստ լուրերի, դրա գինը 10 մլն դրամով ավելի է ներկայացվել։
Մհեր Բիշարյանի փաստաբանը Forrights.am–ի հետ զրույցում հաստատեց, որ մեղադրանքն առնչվում է ԴՆԹ իդենտիֆիկացման սարքավորումների գնման գործընթացին, որը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարին, սակայն ներկայացնել 10 մլն դրամ ավելի գին պրոֆեսոր Բիշարյանը ոչ մի կերպ չէր կարող։
«Դրանք խեղաթյուրված տվյալներ են։ Պրոֆեսորը չի ներկայացրել 10 մլն դրամ ավելի։ Գնումն իրականացվել է գնառաջարկների հիման վրա։ Եղել է 2 գնառաջարկ, որոնցից մեկը մյուսից 10 մլն դրամով ցածր է եղել։ Գնառաջարկներից մեկը, որն ավելի էժան էր, ենթադրում էր, որ սարքավորումը բավականին ուշ է հասնելու Հայաստան, իսկ այդ օրհասական պահին այդ 10 մլն դրամը չէր կարող ծանրակշիռ փաստարկ լիներ չգնելու ու օր առաջ այդ սարքավորումը Հայաստան բերելու համար»։
10 մլն դրամ ավելի թանկ արժեցող առաջարկն ընտրելը կարո՞ղ է կոռուպցիա համարվել։ Մեր հարցին Բիշարյանի փաստաբանը պատասխանեց․ «Դա ծայրաստիճան անհիմն, ոչ արդար մեղադրանք է։ Միայն այն եզրույթը, որ անձը գործել է պետական շահերի հակառակ՝ միայն դա արդեն զավեշտ է։ Այդ ժամանակ մեր պետական շահը եղել է այն, որ մեր զոհված երեխեքի, զինծառայողների մարմինները շուտ իդենտիֆիկացվեն և հանձնվեն իրենց ծնողներին։ Պարոն Բիշարյանի հիմնարկը և նա անձնապես վերջին կետն է եղել, ումից ծնոները պահանջում էին իրենց զավակների աճյունները։ դեռ մինչև այսօր էլ 70–ից ավելի աճյուններ կան, որքանով գիտեմ, և հիմա էլ են ծնողներն իրենց զավակներին Բիշարյանից պահանջում։ Արդյոք 10 մլն դրամ չարժեր ավելի վճարեր, որպեսզի գոնե մի օր շուտ ծնողներին հանել այդ վատ վիճակից, նրանց տրամադրել իրենց զավակների աճյունները, նաև՝ որ հանդարտվեին կրքերը, որ մարդիկ իմանային, որ պետությունը միջոցներ է ձեռնարկել, ձեռք է բերել սարքավորում, որը կարագացնի նույնականացումը»։
Պատերազմից հետո, այն օրերին, երբ Հայաստանը ձեռքբերեց ԴՆԹ նույնականացման երկրորդ հոսքագիծը, դատաբժշկական գիտագործնական կենտրոնին հնարավոր չէր մոտենալ, այնպիսի հերթեր ու կուտակումներ էին կենտրոնի առաջ։ Մարդիկ պրոֆեսոր Բիշարյանից իրենց երեխաներին էին պահանջում, իսկ նույնականացման միակ ապարատը, որն ուներ կենտրոնը, հին էր և բավականին դանդաղ էր աշխատում։
«Կարևոր հանգամանք կա, որ այս մարդիկ անտեսում են։ Պաշտոնյաներն իրենց կաբինետներում աշխատում էին, իսկ պարոն Բիշարյանը,որը կարող էր իր կաբինետում նստեր ու բոլորին գործուղեր այս կողմ, այն կողմ, անձամբ գնում էր մարտի դաշտ, մասունքների հետ քնում էր, կարելի է ասել, ու մասունքների հետ արթնանում էր։ Հիմա այս մարդուն բերել են, ասում են՝ դու ինչո՞ւ ես 10 մլն ավել վճարել։ Նախ՝ անձը չի վճարել, եղել է ընթացակարգ հրատապության սահմաններում”, – ասում է Մհեր Բիշարյանի շահերի պաշտպան Էմին Խաչատրյանը։
Պրոֆեսոր Բիշարյանի բարի համբավը, բնականաբար տուժել է՝ համարում է Էմին Խաչատրյանը, սակայն կալանքի չկիրառումը արդեն իսկ խոսուն փաստ է։ Թե ինչ հիմնավորում է բերել դատարանը, Էմին Խաչատրյանը չասաց, քանի որ վերջնական որոշումը չունի և կաշկանդված է նախաքննության գաղտնիք չհրապարակելու պարտավորությամբ։
Մհեր Բիշարյանի գործընկերները պատմում են, որ պատերազմից անմիջապես հետո մարտի դաշտեր այցելելուց, այնտեղ զինվորների բազում խեղված մարմիններ տեսնելուց հետո պրոֆեսորը պսիխոզ է տարել, որից երկար ժամանակ ուշքի չի եկել։ Նեղ շրջապատում նա ասել է՝ պատերազմը բոլորի համար ավարտվել է, սակայն՝ ոչ ինձ համար։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: