Պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտն էլ ցմահ դատապարտյալների դեպքում չի գործում։ Ցմահները չունեն ոչ մի հույս, որ երբեւիցե դուրս կգան կալանավայրից։
Ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյանը 1993 թվականից ուղղիչ հաստատություններում է, արդեն 30 տարուց ավելի։ Օրերս նա ապահարզանի դիմում է ներկայացրել։ Մորն ու կնոջը համոզում է, որ ընդունեն իր որոշումը, քանի որ չի ցանկանում խորտակել կնոջ կյանքը, իրենն արդեն խորտակել է։
Նա եղել է Հայաստանի գրեթե բոլոր քրեակատարողկան հիմնարկներում։ Հիմա «Արմավիր” ՔԿՀ–ում է։ Գտնում է, որ ուղղվել է, որ վաղուց զղջացել է իր արարքի համար և մեղանչել է։
Արամն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն, որը ներառված է կառավարության համապատասխան որոշման մեջ։ 2 տարի առաջ գլխուղեղի իշեմիկ կաթված է տարել, վիրահատություններ, դեմքի մի հատվածը քարացած է, խոսքի դժվարություն ունի։
Նրա պայմանական վաղաժամկետ ազատման բոլոր ժամկետներն անցել են։ Ինքին այս տերմինը՝ պայմանական վաղաժամկետ ազատում, ցմահ դատապարտյալի համար, որը 30 տարուց ավելի նստած է, անհեթեթ է հնչում։
Սակայն նրանք, ումից կախված է Արամ Առաքելյանի ճակատագիրը, չեն գտնում, որ նրան կարելի է ազատել պատժի կրումից, չեն գտնում, որ նա ուղղվել է, և ոչ միայն չեն ցանկանում բավարարել նրա վաղաժամկետ ազատման դիմումները, որոնք դատապարտյալը համառորեն ներկայացնում է, այլ նույնիսկ պատժի կրման պայմանների մեղմացմանը չեն համաձայնվում։
«Պատճառաբանություն չի բերվում, ոչ մի փաստարկ, թե ինչու են մերժում իմ դիմումները, դատարանում չեն ներկայացնում, թեւ որդիս խնդրում է, որ հիմնավորեն մերժումը”, – պատմում է Արամ Առաքելյանի մայրը՝ Ռոզա Առաքելյանը։ Նրա միջոցով Արամ Առաքելյանը կապ հաստատեց Forrights.am–ի հետ։
«Նա իր բոլոր տարիների համար իրենց հետ փաստերով է խոսում, ասում է ՝հիմնավորեք, չեն հիմնավորում։ Ուղղակի դատարանը, վարչությունը իրենց համար կարծիք են հայտնում, առանց փաստարկելու, որոշում են, որ իրենց այդ կարծիքը ճիշտ է ու մերժում են։ Դատարանն էլ, ես ինչքան հասկանում եմ, ներքին կարգով հրահանգ ունի՝ չազատել ցհամներին, թե դատավորները, թե դատախազությունը, թե քրեակատարողական ծառայության ղեկավարությունը”, – ասում է մայրը։
Արամ Առաքելյանը օրերս նոր դիմում է ներկայացրել դատարան։ Հույս ունի, որ մոտակա օրերը դատական նիստ կնշանակեն։ «Ռեժիմի փոփոխության հետ կապված էլ է կրկին դիմել որդիս։ Թեւ հույս չունի, որ մի բանի հասնելու է, բայց քանի ունի հնարավորություն, քանի ողջ է, պայքարում է», – պատմում է Ռոզա Առաքելյանը։
Նա համոզված է՝ պատասխանատու մարմիններն ամեն ինչ անում են, որ փակեն որդու ճանապարհները դեպի ազատություն։ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին “Արմավիր” քրեակատարողական հիմնարկի վերասոցիալիզացման հանձնաժողովը նորից դրական բնութագիր էր տվել Արամ Առաքելյանին, բայց քրեակատարողական ծառայությունը մերժել էր նրա դիմումը, կատարած հանցանքի բնույթը պատճառաբանելով։
«Ասում են՝ մենք ոնց կարող ենք ցմահի ռեժիմը փոխենք, որ իջնի ավելի մեղմ ռեժիմ ու դրանից հետո էլ արդեն ավտոմատ վեց ամիսը մեկ գնա ավելի մեղմ ռեժիմային գոտի։ Վերջում էլ հասնի նրան, որ արձակուրդ ունենա մի ամսով, դուրս գա, պտտվի առանց կանվոյի, տնօրինի իր ժամանակը։ Սա ո՞նց կարելի է թույլ տալ։ Սրա տակ նրանք ո՞նց ստորագրեն, ո՞նց համաձայնվեն։ Ես չգիտեմ, հրահանգի են սպասում։ Եթե էդպես է, եթե ցմահների դեպքում ազատում չի լինում, մեղմ պայմաններ չի լինում, դե թող հանեն էդ օրենքները, մենք էլ իմանանք, որ տարբերակ չկա։ Սա ավելի ազնիվ կլինի”, – ասում է Արամի մայրը։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն” ՊՈԱԿ–ը, որը պատասխանատու է հիվանդ դատապարտյալների բուժման համար, իր հերթին է խնդիրներ ստեղծում Արամ Առաքելյանի համար, հրաժարվում է տրամադրել արյունը ջրիկացնող Կսարելտո դեղամիջոցը, որը նա, ըստ բժշկական ցուցումների, պետք է ընդունի ամենօրյա ռեժիմով։ Այլ, փոխարինող դեղ են ուղարկում, այն էլ 10–10 հատիկով։
Արամ Առաքեոլյանը բողոքներ է ուղարկել Մարդու իրավունքների պշտպանի, Առողջապահության նախարարություն, ոչ մի տեղից պատասխան չի գալիս։
«Եկել, հասել եմ տուպիկի։ Ես չգիտեմ, որ մեկի հետ պայքարեմ։ Չգիտեմ նույնիսկ, էդ նամակները հասնում են, թե չէ։ Հիմա դեռ ոտքի վրա եմ, շնչում եմ, կարող է, վաղը էլ չունենամ էդ հնարավորությունը”, – ասել է Արամը մորը։
Դեկտեմբերի 26–ին և հունվարի 27–ին կալանավայրում ավանդական միջոցառումներ էին՝ Ամանորի հետկապված, Բանակի օրվա։ Սովորաբարայդ օրը պաշտոնյաները հիշում են դատապարտյալներին, գալիս են նրանց աշխատանքները դիտելու, իսկ դատապարտյալները փորձում են առիթից օգտվել, մոտենալ պաշտոնյաներին իրենց հարցերով։ Այս անգամ ոչ ոք՝ ոչ ՊՈԱԿ–ի պաշտոնյաները, ոչ ՔԿԾ պետի տեղակալը, ոչ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները չեն ցանկացել խոսել դատապարտյալների հետ։
Օրերս ականատես եղանք, թե ինչպես դատարանը բավարարեց 2019 թվականին բռնության ենթարկված փոխգնդապետ Մխիթարյանին 4 տարվա կոմայի, ապա մահվան հասցրած Հարություն Գրիգորյանի դիմումը՝ նրան պայնանական վաղաժամկետ ազատելու մասին։ Նա ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնականն ու հեռավոր ազգականն է, որն այսօր էլ, հավանաբար, օգտվում է իշխանության հովանավորությունից։
Հարություն Գրիգորյանի զոհը, փաստորեն, հայկական բանակի սպա էր, բայց սպայի կյանքը մեզանում չի գնահատվում։ Այն խլելու համար ոչ ոք պատասխան չտվեց։ Գրիգորյանը ընդամենը 4 տարի մնաց փակի տակ, որից կեսը՝ կալանքի ժամկետն էր։ Նա ազատազրկված լինելով դեռևս 1 տարի 8 ամիս ազատ արձակվեց դատարանի որոշմամբ։
Արամ Առաքելյանի դեպքում համակարգն այդքան գթասիրտ չէ։ Հավանաբար, որովհետև նա հասարակ ցմահ է, տառապյալ, «անտեր” մեկը, ով չունի իր մեջքին ԱԺ պատգամավոր բարեկամ։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: