Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում էր բնակվում Մարինեի ընտանիքը։ Երեք զավակ ուներ, որոնցից մեկի ճակատագիրը պետք է փոխվեր 44-օրյա պատերազմից հետո։ Այդ մեկը Սևակն էր։ Նա զինվորական էր։ Պատերազմի ժամանակ առաջնագծում էր։
Հադրութում երբ իրավիճակը թեժ էր արդեն, պետք էր հեռանալ գյուղից։ Բոլորը դուրս էին գալիս` բացի Մարինեից։
«Մեր գյուղից էլ չեմ գնացել ոչ մի գյուղ, հետո եկել են, ստիպել, զոռով հանել են։ Եկանք մամայիս տուն, իմացանք, որ վիճակն ավելի ա վատ, ավտոբուսներով մեզ հանեցին։ Մինչև Հայաստան լացելով եմ եկել, զոռով են ինձ բերել, ասում էի` երեխես պոստը, ես ո՞նց գամ ..»,-պատմում է Մարինեն։
Մարինեն ասում է` որդին իրական իրավիճակի մասին տեղյակ չի եղել։ Հայաստան գալուց հետո երկու անգամ են խոսել, բոլոր դեպքերում պատասխանը մեկն էր` լավ եմ։
«Խեղճ երեխաս ոչ մի բանից տեղյակ չի եղել, Հադրութ կա, թե չկա։ Մի անգամ զանգեց, ասեցի` Սևակ, Հադրութն արդեն թուրքերը մտել են, որտեղ ես, ինչ ես անում, թե մամա, մի վախեցի, հաղթում ենք, առաջ ենք գնում։
Ասեցի, որ Երևանում ենք, ասեց` Երևանում ի՞նչ եք անում, ասեցի` ցավդ տանեմ, երևի երկու օրով բերել են, ես տենց եմ ասել, արդեն իմացա, որ իրենց չեն ասում, ասեցի` երևի երկու օրով բերել են, որ հետ գնանք էլի, ի՞նչ իմանամ, թե ինչ ա կատարվում Հադրութում»,-պատմում է Մարինեն։
Սևակը զոհվել է հոկտեմբերի 13-ին։ Մարինեին շատ ուշ են հայտնել գույժը։ Որդու մարմինը գտնվել է մեկ տարի անց` ԴՆԹ անալիզի արդյունքում։ Սևակին Եռաբլուրում են հուղարկավորել։
«Ինչքան ընկերներն ասել են` դուրս գնանք, ասել է` ես չեմ թողնի էս կռիվն ու հետ դառնամ։ Սաղ ընկերները դուրս են եկել, իրեն չեն կարողացել համոզել, ասել ա` մինչև վերջ ես պիտի կռվեմ..»,-արցունքներն աչքերին պատմում է Մարինեն։
Պատերազմից հետո ընտանիքը Հայաստանում է մնում։ Մարինեի կրտսեր որդին հետ է վերադառնում Արցախ` շարունակելու ծառայությունը։ Այդ պատճառով Մարինեն նորից հետ` Ստեփանակերտ է գնում։
«Վերջին հարձակման ժամանակ` ամսի 19-ին, ծառայության մեջ էր։ Ինչ ահավոր կռիվ էր, միանգամից ոնց կրակեցին, ինչ եղավ, էդ ինչ վիճակ էր քաղաքի վիճակը ..
Մեր տան մոտի մանկապարտեզի նկուղում էի, զոռով էի մնում, ասում էի` տղես պոստերում, ես ո՞նց մնամ, մի կերպ պահեցին, գիտակցության չէի գալիս ..»։
Տարիներ առաջ նույն սարսափի միջով անցել էր Մարինեն։ Երկու օր որդու հետ կապի դուրս չէր եկել։ Ինչքան էլ իրեն համոզում էին, որ ոչ մի վտանգ չկա, պատերազմ չկա, կրակոցների ձայներն ու քաղաքի տագնապալի վիճակն այլ բան էին ապացուցում։
«Վախեցել էի։ Ինձ չէին ասել, որ ինքը վատ տեղ էր, բայց ես գիտեի` ինչ վիճակ ա։
Հետո եկավ, բայց Ստեփանակերտը պահելու համար նորից գնաց, հետո նորից եկավ։ Իրեն կանչեցին բենզալցակայանում պահակ։ Պայթյունից առաջ ճանապարհ ընկանք Հայաստան։ Իր հետևից պայթեցրին բենզալցակայանը ..
Քանի տեղից պրծավ երեխես ..»:
Եռօրյա ճանապարհը դեպի Հայաստան ևս հեշտ չէր։ Արցախում թողած կյանքը, ունեցվածքը, ոչինչ կարևոր չէր Մարինեի համար։ Միակ ցանկությունն էր երեխաներին ազատել կռվից։
«Երեք օր ճամփին մնացինք, անձրևների տակ սաղ ժողովուրդը, ինչ վիճակում հասանք … ահավոր։
Վախենալով, էնքան ինձ վախեցրել են, ասել են` ստուգելու են, ասել են` հնարավոր ա ինչ-որ բան անեն, որ ձեր տղան զինվորական ա եղել։ Կանգնեցրել, ստուգել են, հեշտ են թողել, բայց ասել են` փոքր դանակ էլ չվերցնեք, էնքան վախեցրել են։
Հասնելուց հետո Եռաբլուր եմ գնացել։ Էն ժամանակ գնում էինք շուտ-շուտ, էս շրջափակման մեջ արդեն գժվում էի, ասում էի` ես կարոտ կմնամ երեխուս գերեզմանին .. Շուտ-շուտ եմ գնում, բայց չեմ հանգստանում..»:
Յոթ հոգուց բաղկացած ընտանիքն այժմ ապրում է Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։ Երեխաների համար նպաստն ու թոշակն արդեն չորս ամիս է` չեն ստանում։ Փախստականի կարգավիճակ են վերցրել։
«Որ փախստական ենք, ի՞նչ վերցնենք։ Ճիշտ ա էնտեղ Ստեփանակերտն էր մնացել, բայց մեր հողն էր, մինչև հիմա չենք համակերպվում, որ չկա Փոքրս միշտ սիրել ա իր աշխատանքը, ոչ մի բանով ստեղ չի հարմարվում։ Շատ դժվար ա, ժողովուրդը զոռով են յոլա գնում, ձմեռը աշխատանք չկա, պիտի ամառվա աշխատանքից պահես, որ ձմեռը կարողանաս ապրել ստեղ»,-ասում է Մարինեն։
Քնարիկ Վարդանյան
Տեսանյութի և լուսանկարների հեղինակ Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։