Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն, որտեղ հայտարարել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Որպես հիմնավորում նա մի քանի փաստարկ է բերել․
«Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու անկյունաքարը լեգիտիմությունն է: ․․․մենք խնդիր ենք դնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն: ․․․Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը: ․․․Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի չափն արձանագրվում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռով:
Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Ես ուզում եմ հենց այս գլխից ասենք, որ կառավարման, օրինակ, ընթացիկ մոդելում քաղաքական առումով շատ բան փոխելու չկա»:
Նկատենք՝ Փաշինյանը խոսում է Սահմանադրության փոփոխության մասին դեռեւս 2018 թվականից, նույնիսկ մի քանի հանձնաժողով է ստեղծվել, որոնց անդամներին հսկայական գումարներ է վճարվում տարիներով, բայց խնդիրն առ այսօր ձեւակերպված չէ՝ ի՞նչ են ուզում փոխել ներկայիս Սահմանադրության մեջ։ Այս ամենը ավելի նման է փողերի լվացման եւ որոշ մարդկանց «գնելուն»։ Թեկուզ դա ընդամենը հարցի մի կողմն է։
Փաշինյանն ասաց նաև, որ չի ցանկանում փոխել երկրի ներքին կառուցվածքը, ավելին, նա փաստորեն խոստովանեց, որ Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված սուպերվարչապետական համակարգն է թույլ տվել իրեն պահպանել իշխանությունը այս դժվար տարիների ընթացքում։
Այսինքն՝ եթե խնդիրը՝ ներքին կառուցվածքը չէ, ուրեմն՝ պետականության հիմքերի փոփոխումն է։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան օրերս հրավիրած ասուլիսում անդրադարձել էր հարցին, թե ՀՀ Սահմանադրության մեջ եղած հղումը Անկախության հռչակագիրը եւ Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը խանգարո՞ւմ է այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, ինչո՞ւ է իշխանությունը նախաձեռնել Սահմանադրության փոփոխության գործընթաց։ Հարց հնչեց նաեւ այն մասին, թե հայկական կողմը խնդիր չի տեսնո՞ւմ Ադրբեջանի Սահմանադրությունում, որով հորինված պետության իրավահաջորդ են իրենց հռչակել, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում։
«Երկուստեք, երկու կողմն էլ իրավական խնդիրներ տեսել են այս առումով եւ այդ խնդիրները ներկայացրել են մյուս կողմին։ Երկու կողմն էլ տվել են համապատասխան բացատրություններ։ Այնպես որ, այո, որքան Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել եւ ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի իրենց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից»,- պատասխանել էր Միրզոյանը։
Այսինքն՝ Միրզոյանը չի հերքել, որ Սահմանադրության հարցը քննարկվում է Բաքվի հետ բանակցությունների տիրույթում։
Azg.am-ի զրուցում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ասել է․ «Հայաստանը չունի նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխության խնդիր։ Հայաստանն ունի անվտանգության խնդիր և Հայաստանի անվտանգությունն այսօր խարխլված է Նիկոլ Փաշինյանի ջանքերով։ Եվ որպեսզի նա կարողանա իր սև գործը մինչև վերջ հասցնել, ցանկանում է նաև Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության միջոցով հանել այն բոլոր իրավական արգելքները, որոնք կանգնած են իր կապիտուլյացիոն ճանապարհին»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է ՀՀ Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար:
1․ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է կատարվում ՀՀ Անկախության հռչակագրին։
Խնդրահարույց է համարվում Անկախության հռչակագրի նախաբանի ձևակերպումը, որտեղ կա հղում ԼՂՀ և ՀՀ վերամիավորման որոշմանը․ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»
2․ Խնդրահարույց է դիտարկվում նաև Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
3․ ՀՀ Սահմանադրության Հոդված 18-ը, որը վերաբերում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին։
Հոդվածի առաջին մասը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։
4․ ՀՀ Սահմանադրության Հոդված 21-ը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերին։
Հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է ՀՀ զինանշանի տեսքը․
«Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն»»:
Դա այն ամենն է, ինչ, փորձագետների եւ ընդդիմության կարծիքով, Փաշինյանը ցանկանում է հանել ներկայիս Սահմանադրությունից։ Սակայն նրանք չեն խոսում, թե ի՞նչ նոր բան է ուզում Փաշինյանը ամրագրել։ Ի՞նչ «քաղաքական որոշումների լեգիտիմացման» մասին է խոսքը։
Պրոռուսական երեսպաշտ ընդդիմությունը այդ մասին չի խոսում, քանի որ խոսքը Ռուսաստանի շահերի մասին է։ Մասնավորապես, խոսքը Պուտինի հեղինակած 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Արցախի օկուպացիայի, Արցախում եւ ՀՀ հարավում ռուսական զորքերի ներկայացության ճանաչման ամրագրման մասին է։ Խոսքը նաեւ հայ-թուրքական ներկայումս վիճելի սահամանի ճանաչման, այսինքն՝ Կարսի ռուս-թուրքական պայմանագրի երկարացման մասին է։ Խոսքը «Ղարաբաղը Ադրբեջանի մաս» ճանաչելու քաղաքական որոշման մասին է, որի վրա հղում են անում Պուտինն ու Լավրովը։ Խոսքը Նախիջեւանի՝ որպես Արդրբեջանի ժամանակավոր պրոտեկտորատին հանձնած հայկական ինքնավարության մասին է։ Ընդդիմությունը կգնա՞ Պուտինի դեմ եւ կբարձրացնի՞ այս կարեւորագույն հարցերը։
Նաիրա Հայրումյան