«Եթե սենց շարունակվի, որդուս գերեզմանաքարը վերցնելու եմ, հետ գնամ», -ասում է 68-ամյա Անժելա Ասրյանը, որի ընտանիքն ու հարազատները 2,5 տարվա ընթացքում արդեն երկրորդ բռնի տեղահանումն են տեսնում՝ սկզբում Շուշիից, հիմա էլ՝ Ստեփանակերտից։ Նա չի սպառնում, պարզապես մերժումներից առաջացած հուսահատությունն է փորձում արտահայտել։ Ասում է՝ թակել է պետական մարմինների դռները՝ կառավարության ղեկավարից սկսած ու խնդրել Եռաբլուրում փոքրիկ տեղ հատկացնել երկու որդիներին հուղարկավորելու համար, սակայն մերժումներ է ստացել։ Որդիներին կորցրած մորը պատասխանել են՝ «եթե ձեր որդուն տանք, մյուսներն էլ կուզեն»։
«Արցախի պաշտպանության բանակի նախարարը ասել ա՝ սպասի զանգիս, երկու շաբաթ ա՝ սպասում եմ։ Այլընտրանք չունիմ, ուրիշ տեղ տանելու տեղ չունիմ», -ասում է որդիներին կորցրած կինը։
Անժելա Ասրյանի 5 զավակերից մեկը՝ 30-ամյա Սասուն Սահակյանը զոհվել է 2020-ի 44-օրյա պատերազմում, իսկ ավագ որդին՝ Գրիգորի Սահակյանը այս տարի բռնի տեղահանման օրերին բենզինի պահեստի պայթյունի զոհերից մեկն է։
Մայրը երկար ժամանակ չի ցանկացել Արցախից տեղափոխվել Հայաստան, հույսեր է փայփայել` գուցե որդին կարողացել է փրկվել հրդեհից։ Սակայն ընտանիքի մյուս անդամներն ու թոռները շատ են համոզել, ու նա ստիպված սեպտեմբերի վերջին եկել է Հայաստան։ Գրիգորիի մահը հաստատվել է արդեն Երևանում, ԴՆԹ հետազոտության արդյունքում՝ մարմինն 90 տոկոս այրված է, դիահերձարանում է, ընտանիքը չի հուղարկավորում, մինչև զինվորականի համար տեղ չհատկացնեն։
42-ամյա Գրիգորին ավարտել է ռադիոտեխնիկան գերազանցության կարմիր դիպլոմով։ Զինված ուժերում ծառայել է 17 տարեկանից։ «17 տարեկանում բանակում ծառայության են վերցրել իմանալով նրա ունակությունների, հմտությունների մասին։ Տարիքը փոքր էր, բայց վերցրին»,- ասում է մայրը։ 24 տարի ծառայել է Զինված ուժերում, հերոսական գործողություններով ու սխրանքներով անցկացրել է 2020-ի պատերազմը։ Նրա երիտասարդ կինը և 5 անչափահաս երեխաները մնացել են առանց Գրիգորիի։
Տիկին Անժելայի մյուս ծանր կորուստը կրտսեր որդին է՝ Սասունը։ Ասում է՝ չի հաշտվում որդու կորստյան հետ և մխիթարություն գտնում նրա սխրանքների մասին գրված գրքերն ու հոդվածները կարդալու մեջ։ Ավելին, Արցախից Սասունի շիրմաքարն է հասցրել Հայաստան։
Այստեղ Սահակյանները փորձում են երկու զինվորական որդիներին հուղարկավորել Եռաբլուրում, սակայն կառավարությանը ու պետական մյուս մարմիններին ուղղված դիմումները մնացել են անպատասխան․
«Շատ եմ ուզում Եռաբլուրում երկու ցավս միավորեմ, մերժում են։ Քարսիրտ են»։
Հ․ Գ․ Forrights.am-ը հարցմամբ դիմել է Պաշտպանության նախարարություն՝ հստակեցնելու արդյոք հնարավո՞ր է Անժելա Ասրյանի որդրիներին հուղարկավորել Եռաբլուրում։
Հասմիկ Համբարձումյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: