Դեկտեմբերի 2-ին Արցախի Ազգային ժողովը հրավիրել է նիստ, որի օրակարգն անհայտ է։ Ռուսական հատուկ ծառայություններին մոտ աղբյուրները գրում են, որ քննարկվել է ինչ-որ հանձնախմբի ստեղծում, որը պետք է զբաղվի Արցախի հարցը միջազգային ատյաններում բարձրացնելով ու արցախցիների վերադարձով։
Արցախցիներից քչերն են հավատում «վերադարձին»։ Որ դա քիչ հավանական է, ասել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն ո՞րն է այլընտրանքը։ Ի՞նչ է սպասում արցախցիներին Հայաստանում իրավական եւ կարգավիճակային առումով հունվարի 1-ից հետո։
Միայն այն, որ Արցախի Ազգային ժողովը թաքուն է նիստ հրավիրում Հայաստանի մայրաքաղաքում, կարծես՝ վախենալով ՀՀ իշխանությունների կողմից անթաքույց թշնամանքից, արդեն խոսում է վերաբերմունքի մասին։ ՀՀ իշխանությունները չեն ճանաչում ոչ Արցախի օրինական իշխանությունների լիազորությունները, ոչ էլ ճանաչում են սեփական պատասխանատվությունը Արցախի եւ արցախցիների նկատմամբ։
Ոչ մի անօրինական բան, այդուհանդերձ, չի կատարվում. Արցախի ընտրված խորհրդարանը հավաքվում է իր մանդատն իրականացնելու և այս մանդատը տված բնակիչներին կառավարելու համար։ Այս խորհրդարանի ընտրությունը 2020 թ․ գարնանը Փաշինյանը չգիտես ինչու շնորհավորել է Շուշիյում, թեկուզ Ազգայի ժողովը Ստեփանակերտում էր։ Հիմա նա չի ուզում ճանաչի նույն պատգամավորների լիազորությունները։ Եւ դա խոսում է միայն մի բանի մասին՝ բոլորն անհամբեր սպասում են 2024 թ․ հունվարի 1-ին, որ հայտարարեն Արցախի հանրապետության վերջական մահը։
Ո՞ւմ է տրվելու այդ «պատիվը»։ Գուցե, կարիք կլինի դա անել կրկին Շուշիյո՞ւմ, նույն կազմով։ Ալիեւն էլ դամը կպահի։
«Արցախի Հանրապետությունը չի կարող փաստաթղթով լուծարվել, դա ինչ-որ կազմակերպություն չէ, որն ունի սեփականատեր, որ այդ տերն այդ կազմակերպությունը լուծարի»։ Այդ կարծիքին է արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։ «Նման հարցերի լուծումը պետք է հանրաքվեի միջոցով լինի, թեկուզ իմ կարծիքով նման հարցի անհրաժեշտություն չկա։ Կգա հունվարի 1-ը, անկախ նրանից, որեւէ փաստաթուղթ գործածության մեջ կդնեն, թե չեն դնի, եւ կտեսնենք, որ Արցախի լուծարման հասկացություն չի կարող գոյություն ունենալ։ Նախագահը կամ Ազգային ժողովն ընտրվելիս նման լիազորություն, իրավազորություն չեն ունեցել՝ ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենսդրությամբ»,- հավելեց նա։
Դեկտեմբեր ամիսը կարող է վճռորոշ լինել․ Արցախի ընտրված իշխանությունները կամ ուժ կգտնեն իրենց մեջ եւ կիրականացնեն ստացված մանդատը, կամ դարերով կկրեն Արցախը հանձնողի դավաճանի խարանը։ ՀՀ ներկայիս իշխանություններն ամեն ինչ կանեն, որ ամբողջ մեղքը գցեն Արցախի ղեկավարության վրա։ Արդեն անում են։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: