Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում է, որտեղ ֆրանսիական կողմի հետ պատրաստվում է այսօր ռազմական մատակարարումների պայմանագիր ստորագրել:
Հայկական կողմը գործարքի մանրամասները դեռ չի գաղտնազերծել, Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, սակայն, նախօրեին հայտնել էր` պայմանագրով նախատեսվում է ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերում, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը։ Թե կոնկրետ ինչ ծավալների ու տեսակի մատակարարումների մասին է խոսքը, և ինչ ժամկետներում ու ինչ ճանապարհով դրանք պետք է Հայաստան տեղափոխվեն, կողմերը չեն հստակեցնում։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ այսօր Ազգային ժողովում հրաժարվեց մանրամասներ ներկայացնել։ «Պաշտպանության նախարարի այցի արդյունքներով մենք համապատասխան տեղեկատվություն կտրամադրենք, ամեն ինչի մասին կտեղեկանաք», — խոստացավ Սարգսյանը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ խոսքը պաշտպանական զինատեսակների մասին է: Իշխանական պատգամավորը, սակայն, չպարզաբանեց՝ արդյոք խոսքը միայն հակաօդային պաշտպանության համակարգերի՞ մասին է, թե՞ Փարիզն այլ զինատեսակներ ևս պատրաստվում է մատակարարել Երևանին։
«Ամսի 30-ին Ազգային ժողովում սկսվում է բյուջետային քննարկումները, և որպես կանոն՝ առաջինը քննարկվելու է Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովին վերաբերող հատվածը: Եվ էնտեղ բոլորդ հնարավորություն կունենաք թույլատրելիի սահմաններում ստանալ ձեզ հետաքրքրող հարցերի որոշակի, չեմ ասում՝ ամբողջությամբ, բայց բացված փակագծերով պատասխաներ, որը կվերաբերի թե՛ սպառազինությանը, թե՛ նրա կառուցվածքին», — ասաց Քոչարյանը:
Արդյո՞ք Ֆրանսիայից նախատեսվող ռազմական մատակարարումները նշանակում են, որ Հայաստանն ընդլայնում է ռազմական համագործակցությունը։ Իշխանական պատգամավորն ասաց, թե պետություն իր համագործակցության շրջանակը պետք է մեծացնի:
«Քաղաքական հարցերում պետք է ունենա նաև բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն, ու 44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ մենք բոլոր հարթակներում պետք է լուրջ աշխատանք ծավալենք և ոչ միայն ունենանք բարեկամներ, այլև այնպիսի հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական, որպեսզի մեր սահմաններից սկսած մեր երկրի կայունությանն առնչվող բոլոր հարցերը ստանան իրենց լուծումները», — ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ասել էր, թե չի կարծում, որ Փարիզը կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, Սեբաստիեն Լըքորնյուն տեղեկացրել էր, որ Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: