59-ամյա Զարինե Մուսաելյանը Ասկերանի Հիլիս գյուղից է: Արցախից Հայաստան հասնելու ճանապարհը կինը հիշում է երկու բառով` կիսասոված ու հոգնած:
«Ամսի 25-ին ճանապարհ ենք ընկել, 27-ի երեկոյան հասել ենք: Ահավոր, ահավոր վիճակ էր: Օպել ավտոմեքենայով տասը հոգով տեղավորվել ենք: Մի ավտոմեքենայի բենզինը ճանապարհին պրծել էր, թողել էինք իրերը, մեծ որդուս մեքենան էինք նստել ու մի ձև հասել: Որոշ ուտելիք ունեինք, մեզ հետ վերցրել էինք, հետո ճանապարհին մի պահ կանգնել էինք, կրակ էինք վառել, կարտոֆիլ, ձու էինք եփել: Դա էր: Կիսասոված, հոգնած մի ձեւ հասել էինք: Չգիտեինք` կհասնենք, թե չենք հասնի: Անցակետի մոտ էր ամենավախենալուն: Մեր էրեխեքից ամենափոքրն էլ երկու տարեկան է…»,- պատմում է Զարինեն:
Տիկին Զարինեն լացելով է պատմում ընտանիքի փոքր անդամների ապրումների մասին. «Մեծ թոռս այս տարի առաջին դասարան գնաց, ընդամենը 15 օր դպրոց գնաց… մյուս երկու թոռներս մանկապարտեզ էին գնում: Անպայման պետք է այնպես անենք, որ այստեղ էլ նրանք շարունակեն լիարժեք մանկապարտեզ ու դպրոց այցելել… Դպրոցական թոռս` Աշոտը ասում էր` Արցախ պայուսակս պետք է անպայման վերցնեմ: Իր հետ բերեց, վրան Արցախի դրոշն է: Ասում է` մենք տուն չունենք, մենք հայրենիք չունենք, մեզ զոռով մեր հայրենիքից զրկել են… »:
Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի հետեւանքով այս ընտանիքը եւս հարազատներ է կորցրել. «Բենզինի պայթյունից հետո քրոջս երկու էրեխեքը չկան, քեռուս թոռը չկա, մորաքրոջս թոռը չկա: Անհետ կորած են: Քույրս այդ երկու երեխան ուներ, չկան: Գյուղում էլ շատ շատ են անհետ կորածները: Ահավոր վիճակ է: Մեր գյուղից երեք հոգի չկա»,- պատմում է կինը:
Ի պատասխան մեր հարցին, թե ինչպես են պատկերացնում իրենց կյանքն առաջիկայում, տեղահանված կինն ասաց. «Չգիտենք, դեռ ոչինչ չգիտենք: Դեռ չենք հավատում, որ հետ չենք գնալու: 44-օրյայի ժամանակ տղաներս դիրքերում էին, մենք Երեւանում էինք կարճ ժամանակում, բայց այս օրերը այն օրերի հետ համեմատելու չեն: Չգիտենք, թե մեզ հետ ինչ է լինելու»:
Տեքստը և լուսանկարները՝ Անի Գևորգյանի
Տեսանյութը՝ Լուսինե Հակոբյանի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: