Արդեն 24 ժամից ավելի է՝ ձերբակալված է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող լրագրող Դավիթ Սարգսյանը, որը իր հրապարակումներով սուր քննադատում է իշխող ուժին։ Նա միացել է նաև «Հայաքվե» նախաձեռնությանը, որի պահանջն է քրեականացնել՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պաշտոնական որոշումները։
Դավիթ Սարգսյանին կարմիրբերետավորները բերմaն են ենթարկել Երևանի պետական համալսարանից։ Հրապարակված կադրերի համաձայն՝ նա այդ պահին ԵՊՀ շենքում զրուցում էր պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ։
Դավիթ Սարգսյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը Forrighst.am-ի հետ զրույցում ասաց, որ լրագրողը պահվում է Երևանի ՁՊՎ-ում։ Ըստ փաստաբանի՝ Դավիթը ձերբակալվել է երեկ 10:20-ին՝ նախ վեց ժամյա ռեժիմով, ապա 72 ժամով։
«Այս պահին դեռ մեղադրանք առաջադրված չէ, ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Տեղեկություն չկա՝ մեղադրանք կառաջադրվի՞, թե՞ չի առաջադրվի, կամ ինչ խափանման միջոց կընտրվի։
Ինչ է վերաբերում է մեղսագրվող արարքին, բոլորը տեսնում են արարքը, քրեաիրավական առումով ընդհանրապես հանցագործության արարք չկա։ Դա նույնն է, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրեն խուլիագնության մեջ, որովհետեև ինքն էլ է քաղաքական ակցիա իրականացրել, հանրահավաքներ է կազմակերպել։ Սրանով ամեն ինչ ասված է։
Հիմա մարդիկ հավաքվել են հրապարակում և իրենց անհամաձայնությունն են հայտնում, առաջարկներ են ներկայացնում․ հիմա հարց՝ հրապարակում հաավքվածները խուլիգանությո՞ւն են անում»,-ասաց փաստաբանը։
Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք հնարավորություն կա ցանկացած պահի հանդիպել վստահորդին, փաստաբանը պատասխանեց․ «Վերջին շրջանում նորաթուխ իրավաբաններ են հհայտնվել, ժողովուրդը մի խոսք ունի, ասում է՝ ճուտիկներ են հայտնվել, երկաթե ձվեր են ածում։ Փաստաբանը 24-ժամյա ռեժիմով կարող է հանդիպել, անսահմանափակ հանդիպել։ Մենք այս խնդիրը չունենք և չենք էլ կարող ունենալ, եթե որևէ մեկը նման սահմանափակում կիրառի, դա կլինի պաշտոնեական դիրքի չարաշահում»,-ասաց նա։
Դավիթ Սարգսյանը փաստաբանի միջոցով փոխանցել է, որ այս գործը համարում է «Ակնհայտ ապօրինի, քաղաքական հետապնդում է իր նկատմամբ»։
Դավիթ Սարգսյանից զատ ձերբակալվել է նաև Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ԵՊՀ-ից Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք մուտք են գործել ԵՊՀ շենք և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ սկսել են բղավել, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը՝ այդ կերպ խաթարելով համալսարանի բնականոն աշխատանքը։
Աննա Կոստանյանը, որը նույն պես «Հայաքվե» նախաձեռնության անդամ է, ներկա է եղել Դավիթ Սարգսյանին ձերբակակելու գործընթացին, Forrights.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ էին գնացել գիտխորհրդի նիստին հետևելու համար։ Աննա Կոստանյանն ասաց՝ ԵՊՀ էին գնացել, քանի որ տեղեկություններ ունեին, որ գիտխորհրդի նիստում պետք է հայտարարություն ընդունվեր, ըստ որի, ակցիաներին մասնակցող բացակայող ուսանողներին համալսարանից հեռացնելու որոշում են կայացնելու։ Նրա փոխանցմամբ՝ իրենց ակցիայից հետո այդ որոշումը չի ընդունվել։
Աննա Կոստանյանը Forrights.am-ի հետ զրույցում Դավիթ Սարգսյանի ձերբակալությունը որակեց քաղաքական հետապնդում։
«Դավիթը լրագրող էր, ես նախկին պատգամավոր, մյուսը նախկին պրոռեկտոր, իրենց ի՞նչ պետք է անեիք, որ 20 կարմիր բերետավորներ էին եկել։ Դավիթի նկատմամբ տևական ժամանակ է հետապնդում է իրականացնում` իշխանության տարբեր ներկայացուցիչների միջոցով։ Տիգրան Ավինյանի բողոքով քրգործ է հարուցվել, կալանք էր դրվել նրա հաշիվներին, բայց նա ընդամենը իր հաղորդմամբ կոռուպցիոն բացահայտումներ է անում։ Սա ուղիղ կապում եմ քաղաքական հետապնդման հետ, որովհետև ամեն օր տարբեր ակցիաներ են ունենում, բայց դրանք վարչական իրավախախտումների տակ են ընկնում, քրեական հոդված չի վերագրվում։ Նույնը Ցոլակ Հակոբյանի մասով եմ ասում»,-ասաց Աննա Կոստանյանը։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: