Ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ՝ օգնության հասնելու
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին, հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։
Երեկ Ասկերանի վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բոժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում,ըստ Արցախի տեղեկատվական շտաբի այսօրվա հաղորդագրության, ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ՝ տարբեր աստիճանի այրվածքներով։
Շտաբը նշում է, որ 7 տուժածներ մահացել են հիվանդանոցում։
Ըստ հաղորդման՝ պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում,13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո», բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Երեկ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարեց՝ տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: