Արցախցիները արդեն 2-րդ օրն է՝ 24-ժամյա հսկողություն են իրականացնում Ակնայից Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալով ադրբեջանական ալյուրի տեղափոխումը Ստեփանակերտ։
«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, որ ընդհանրապես Ադրբեջանի կողմից «օգնություն» չենք ընդունում՝ կապ չունի դա Կարմիր մահիկը կլինի, թե այլ կազմակերպություն։ Ցեղասպան պետության կողմից որևէ օգնություն մեզ համար անընդունելի է, եթե դա մենք ընդունենք, ապա ստացվում է, որ մենք ընդունում ենք, այսպես կոչված, ինտեգրման իրենց քաղաքականությունը։ Մենք ոչ մեկը չենք ընդունելու»,-Forights.am-ի հետ զրույցում ասում ակցիայի մասնակից Հովիկ Ավանեսովը՝ իր հերթապահության ընթացքում պատասխանելով մեր հարցերին։
Նրա փոխանցմամբ՝ Արցախում վառելանյութի բացակայությունը չի խանգարում, որ արցախցիները տասնյակ կիլոմետրերով ճանպարհներ անցնեն ու գան Աղդամի սահման, որպեսզի իրենց դիրքորոշումը հայտնեն․ թշնամուց ոչինչ չեն ուզում։
«Ոչ միայն Ասկերանի մեր հայրենակիցներ են այստեղ, այլ նաև այլ բնակավայրերի բնակիչները՝ չնայած, որ վառելիք չկա։ Մարդիկ ոտքով, հեծանիվով եկել, հասել են, որ իրենց կամքը ցույց տան՝ դեմ են այդ «օգնությանը»։ Մարտակերտից, Մարտունուց գալիս են․ բավականին հեռու է»,-ասաց նա։
Ադրբեջանցիները, որոնց թվում 2022 թվականի դեկտեմբերից Հայաստանի հետ կապող ճանապարհը փակած «էկոակտիվիստներ են», իրենց բերած «հումանիտար» բեռների հետ, արցախցիներին տեսանելի չեն։ Հովիկ Ավանեսովն ասաց, որ իրենք են, հետո Արցախի ոստիկանությունն է, ռուսական զորքերը և նոր միայն թշնամական կողմի ներկայացուցիչները։
«Իրենք գտնվում են օկուպացված Ակնայի տարածքում, վրաններ են տեղադրել և վրանների քանակը շատացնում են։ Այնտեղ ոչ միայն Կարմիր մահիկի ներկայացուցիչներն են, այլ նաև, այպես կոչված կամավորներ, որոնք նախորդ տարվա դեկտեմբերից «էկո ակտիվիստներ» ներկայանալով ճանապարհ էին փակել և առնչություն ունեն Ադրբեջանի ու Թուրքիայի պետական կազմակերպությունների հետ»,-ասաց արցախցին։
Ռուս խաղաղապահները փորձել են այդ բեռն անցկացնել Արցախ, բերել են բեռնատար, սակայն, արցախցիները վճռականորեն դեմ են արտահայտվել, թույլ չեն տվել։
«Մենք կանգնելու ենք այնքան ժամանակ մինչև, այսպես կոչված, «հումանիտար օգնությունը» հետ վերադարձնեն Բաքու։ Ադրբեջանական կողմը, երբ լուսաբանում է այս «հումանիտար օգնությունը», մեկնաբանություններում նշված է, որ հայերին պետք է ենթարկել ցեղասպանության։ Սա խոոսում է այն մասին, որ Ադրբեջանը ոչ մի խաղաղության օրակարգ չի ունեցել և չի ունենա»,-ասաց Հովիկ Ավանեսովը՝ նշելով, որ ակցիայի մասնակիցներին են այցելել Արցախի ԱԺ նախագահն ու ՆԳ նախարարը՝ ծանոթանալու համար, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք այդ բեռների առնչությամբ։
«Պաշտոնյաների նպատակն այստեղ գալն ու մեզանից կարծիք հարցնել էր, թե ի՞նչ ենք կարծում այդ բեռների հետ կապված։ Սա այն ընկալումն էր, որը ես հասկացա՝ կեսից միանալուց հետո։ Իրենք հասկացան, որ այստեղ կանգնողները որևէ կերպ հետ չեն կանգնելու իրենց դիրքորոշումից, սա հստակ է»,-ասաց նա։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: